Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻԵԶԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՉԷՐ ԽՈՍՔԸ

Հունիս 10,2004 00:00

ՏԻԵԶԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՉԷՐ ԽՈՍՔԸ «Հետաքննող լրագրողները»՝ ընդդեմ քաղաքապետի Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում 40 րոպե ուշացումով սկսվեց ընդդեմ Երեւանի քաղաքապետի հայցի քննությունը։ Դատարան էր դիմել «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը, որն էլ լիազորել էր իր նախագահին՝ Էդիկ Բաղդասարյանին ներկայացնել իրենց պահանջը դատարանում։ Քաղաքապետ Երվանդ Զախարյանը, որի անգործությունն էր վիճարկվելու, իր փոխարեն լիազորել էր իրավաբանական ծառայությունից Կարինե Դանիելյանին։ Լրագրող Է. Բաղդասարյանը մինչեւ հայցը ներկայացնելը հայտնեց իր պատրաստակամությունը հաշտություն կնքելու, պայմանով. «Եթե պահանջվող տեղեկությունները 3 օրվա ընթացքում տրամադրվեն»։ Կ. Դանիելյանը «պատրաստ» էր դրան, եթե հայցվորը «կոնկրետացներ», թե ինչի մասին է խոսքը։ «Տիեզերքի մասին չէ խոսքը»,- հանգստացրեց լրագրողը եւ ներկայացրեց, որ իրենք հետաքննություն են անցկացրել Երեւանի կանաչ տարածքներում հողհատկացումների, «դրանց տերերի եւ այնտեղ կառուցվող ապօրինի շինությունների վերաբերյալ»։ Է. Բաղդասարյանը տեղեկացրեց, որ շարքի 7 հոդված տպագրվել է «Առավոտ» օրաթերթում՝ «Մենք գիտենք՝ ովքեր են տերերը» խորագրով։ Անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին ՀԿ-ի նախագահը դիմել էր քաղաքապետ Ե. Զախարյանին՝ խնդրելով թույլատրել ծանոթանալ նախկին քաղաքապետերի՝ Վ. Սիրադեղյանի, Ս. Աբրահամյանի, Ա. Բազեյանի, Ռ. Նազարյանի 1997-2003թթ. ընդունած որոշումներին։ Դրանք առնչվում են ՀՀ ազգային օպերայի եւ բալետի թատրոնի շենքի մերձակա տարածքներին։ Ի դեպ, դիմումը ստանալուց 40 օր անց քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սուրեն Կոշեցյանը պատասխանել է. «Անհրաժեշտ է ճշտել՝ ինչ կոնկրետ տեղեկություններ եք ակնկալում ստանալ Երեւանի քաղաքապետարանից», մի բան, որ հստակ շարադրված է եղել լրագրողների դիմումում։ Դատավոր Գայանե Կարախանյանին էլ հետաքրքրեց, թե «ինչու 1997-ից ծառ էին կտրում եւ ոչ մի լրագրող չգրեց այդ մասին»։ Նա նաեւ հարցրեց, թե «դուք եղե՞լ եք օպերայի տարածքում, կարո՞ղ եք մեկ սրճարանի անուն տալ»։ Էդիկ Բաղդասարյանն էլ «միամիտ-միամիտ» նշեց՝ Կառլոս Պետրոսյանի սրճարանը։ Քաղաքապետարանի ներկայացուցիչ Կ. Դանիելյանը անհիմն համարեց հայցի հղումները, արդարացրեց, որ իրենք չեն խոչընդոտել լրագրողների տեղեկատվություն ստանալուն։ Վեճի «ամենաթունդ» պահն այն էր, որ քաղաքապետարանի ներկայացուցիչը չգիտեր, թե, օրինակ, որքան սուբյեկտ կա օպերայի տարածքում, սակայն պահանջում էր լրագրողից «կոնկրետացնել, ասել սուբյեկտների անունները», որպեսզի որոշումները տրամադրվեն։ Նա խնդրեց 1 շաբաթ ժամկետ՝ ճշտելու որոշումների տրամադրման հարցը։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 21-ին։ Դահլիճում «Ազատություն տեղեկատվությանը» կարմիր վերնաշապիկով լրագրողներին աջակիցներ գտնվեցին։ Մեկական շապիկ հայցվորը նվիրեց դատավորին եւ պատասխանողին. «Ընդունենք, կասեն կաշառք է, ինչ անենք. համարե՞նք սիմվոլիկ»։ Այսպես սիմվոլիկ էլ մեր աչքի առաջ նրանք ընդունեցին խորհրդանշական վերնաշապիկները։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930