Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 10,2004 00:00

Յախք «Առավոտի» հոբելյանին ընդառաջ, թերթն այսօրվանից սկսում է տպագրել իր 10-ամյա պատմության ընթացքում հրապարակած առավել ուշագրավ նյութերը։ Շարքն սկսում ենք այն ժամանակ ծայրահեղ ընդդիմադիր, ՀՅԴ-ին հարող (եւ այդ պատճառով փակված) «Առագաստ» թերթի խմբագիր Ալվարդ Պետրոսյանի հոդվածով, որը կրում է «Յախք» վերտառությունը։ Ինչպես երեւում է, դեռեւս այն ժամանակներից էր «Առավոտը» զբաղվում ազատ խոսքի իմիտացիայով. ՀՀ նախագահի հրամանագրով փակված թերթերի եւ լրատվական այլ միջոցների աշխատողներս, մեր համակիրները զանազան կարգախոսներով վերջապես ելանք փողոց 1995 թվականի 16-ին մեր Ազատ, Անկախ եւ Հպարտ Հայաստանի երանելի քաղաքամայր Երեւանում՝ վանկարկելով զանազան բառեր ու նախադասություններ, փորձելով հաղթահարել հատուկ, հենց այս օրվա համար ՀՀՇ-ի կողմից ուղարկված նողկալի ջրիկ ձյունն ու մինչեւ ոսկորներս թափանցող խոնավությունն ու ցուրտը, նրանց կուտակած փողոցային աղբակույտերի վրայից վարպետորեն ցատկելով, նրանց փոսիկների մեջ երբեմն-երբեմն գայթելով, նրանց ճմրթած, մրոտ, կիսաքաղց, հոռետես, փնթի քաղաքացիների հոգնած, անտարբեր հայացքների ուղեկցությամբ, նրանց բազարի վերածած հակահիգիենիկ մրոտ մայրաքաղաքի ոստիկանների ուղեկցութամբ։ Պահ ոստիկանները հռչակավոր հունդայներով կինո «Մոսկվայի» հրապարակից մինչեւ մամուլի տուն-արդարադատության նախարարություն եւ վերջապես մինչեւ մեր նպատակների կիզակետը՝ ՀՀ նախագահական պալատ, մեզ գուրգուրանքով շրջապատած ուղեկցեցին։ ՀՀՇ-ի ոստիկանները։ Այնտեղ ամեն ինչ կատարվեց։ Մենք երկաթե-կռածո-կոփածո պարսպի առաջ կանգ առանք։ Ձնից թառամած, լխկած մեր կարգախոսները հենեցինք պալատի պարսպին ու կանգ առանք։ Մենք խոսեցինք, զայրացանք, տրտմեցինք, չարախոսեցինք, նստեցինք պարսպի տակ՝ կանգ առանք։ Մենք կանգ առանք։ Կարգախոսներից մեկը միավանկ էր՝ «Յախք»։ Կանգ առանք։ Ոստիկանները մեզ հետ են՝ մերժվածներիս։ Բոլորս ջղաձիգ աշխույժ ենք, բոլորս իսկապես սրամիտ ենք, խանդավառ, ուժեղ եւ այլն։ Աստված իմ, այս ամենը արդեն 88-ին տեսել ենք, զզվել ենք… Այսօրվա համար էր զզվացնում ՀՀՇ-ն։ Պարսպի առաջ կանգ ենք առել։ Վերից, պարսպից այն կողմ, ճերմակ պալատի պատուհաններից մեկից սառը, օտար, անհաղորդ մի հայացք՝ սահելով բոլորիս գլխավերեւից, մխրճվում է անորոշության մեջ։ Տիրոջ հայացքն է։ Այդ հայացքը մերը չէ, մեզ համար չէ։ Մենք տոկոս ենք, կամ՝ 90 կամ՝ 10, բայց տիրոջը չենք։ Դեռ 89-ի գարնանից այս մի բուռ ժողովուրդը բաժանվեց տոկոսների՝ ՀՀՇ-ի եւ հակա-ՀՀՇ-ի, մերժվածների ու ընտրյալների։ Հայացքը նրանցն է։ Չէ։ Չէ մի։ Նրանցն էլ չի։ Ոչ նրանցն է, ոչ էլ նրանց մանրապճեղ-մետերինը կամ մենթերինը (ՀՀՇ-ամետ կամ ՀՀՇ-ամենթ)։ Նրանք են Տիրոջը, Տերը նրանցը չէ։ Վերջ։ Մենք կանգնում ենք պարսպի առաջ՝ սրամիտ, թունոտ, ուժեղ… Ձյունը դանդաղ, կպչուն, հուսալքող գլխներիս է իջնում, իսկ հայացքը սահում է վերից։ Բոլորս սպասում ենք։ ԱՌԱՎՈՏ 25 փետրվարի 1995 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել