Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՆՔ ԿՐԿԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԵՆ ԳՆՈՒՄ

Հունիս 18,2004 00:00

ՄԵՐՈՆՔ ԿՐԿԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԵՆ ԳՆՈՒՄ Հունիսի 21-25-ը Ստրասբուրգում տեղի կունենա ԵԽ ԽՎ հերթական նստաշրջանը, որին հյուրի կարգավիճակով կմասնակցի նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Վերջինս ելույթ է ունենալու եւ ըստ Վեհաժողովի կանոնակարգի, պարտավոր է պատասխանել պատգամավորների հարցերին։ Հայկական խորհրդարանական պատվիրակության ընդդիմադիր թեւը՝ հանձինս Արտաշես Գեղամյանի եւ Շավարշ Քոչարյանի, նույնպես մասնակցելու են վեհաժողովին։ Ե՛վ պրն Գեղամյանը, ե՛ւ պրն Քոչարյանը տրամադրված չեն Ռոբերտ Քոչարյանին հարցեր տալ Խորհրդարանական վեհաժողովում։ Արտաշես Գեղամյանը նույնիսկ այսպիսի ընդհանրացում կատարեց. «Ես այստեղ հարցերս տվել եմ, պատասխանները չեմ ստացել։ Պիտի հասնեմ Ստրասբո՞ւրգ, որ հարցերս տամ»։ Շավարշ Քոչարյանը մեզ հետ զրույցում քննարկելով ԵԽ ԽՎ 1374 բանաձեւի կատարման ընթացքը եւ Հայաստանում առկա իրավիճակը, փաստեց, որ իշխանությունները Ստրասբուրգ մեկնելուց առաջ, մի քանի օրերի ընթացքում փորձում էին որոշակի հող նախապատրաստել «պոլիտբյուրոյին» կատարած աշխատանքների մասին զեկուցելու համար։ Իսկ թե որքանով հաջողվեց իշխանություններին «պարզերես» լինել Եվրոպայի խորհրդի առջեւ, կերեւա ավելի ուշ, իսկ մինչ այդ Շավարշ Քոչարյանը նկատեց, որ ԵԽ ԽՎ-ի հունիսյան հերթական նստաշրջանի օրակարգում չկա Հայաստանի հարցը. «ըստ բանաձեւի, Հայաստանի հարցին վեհաժողովը կանդրադառնա հոկտեմբերի սկզբի աշնանային նիստին, եթե չտեսնի լուրջ առաջընթաց՝ բանաձեւում ներկայացված պահանջների կատարման ուղղությամբ։ Ընդ որում, այդ անդրադարձի ձեւը բանաձեւում արդեն նշված է՝ անդրադառնալ Հայաստանի պատվիրակության լիազորություններին։ Այսինքն՝ սա արդեն պատժամիջոց է։ Որովհետեւ ազդեցության այլ լծակներ, բացի պատվիրակության լիազորություններին անդրադառնալը եւ որպես ծայրահեղ քայլ՝ վտարելը, ԵԽ-ի կառույցները չունեն»։ Հիշեցնենք, որ 1374 բանաձեւում իշխանություններին ուղղված պահանջ կար՝ մինչեւ ամառային նստաշրջան հաշվետվություն ներկայացնել բանաձեւի պահանջների կատարման ուղղությամբ։ Այդ հաշվետվությանը Շավարշ Քոչարյանը ծանոթ չէ, թեպետ, որպես պատվիրակության անդամ պետք է ծանոթ լիներ։ Հասկանալի է, որ հաշվետվությունը կազմվել է պատվիրակության իշխանական թեւում։ Այս հաշվետվությունը վեհաժողովը չի քննարկելու, բայց մյուս կողմից, քանի որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է նիստին, ելույթ է ունենալու եւ պատասխանելու է հարցերին, ապա դա նշանակում է անուղղակի հաշվետվություն։ Ըստ Շավարշ Քոչարյանի, «նա չի կարող իր ելույթում շրջանցել բանաձեւը, բանաձեւի պահանջների կատարման ընթացքը։ Իսկ նրան ուղղված պատգամավորների հարցերը կարող են բազմաբնույթ լինել։ Այդ տեսակետից դա դառնում է Հայաստանի անուղղակի հարց»։ Շավարշ Քոչարյանի կարծիքով, իշխանությունները փոքրիկ քայլեր կատարել են 1374 բանաձեւի պահանջները կատարելու. «որոշակի քայլեր իրականացվել են։ Դրանք են հունիսի 16-ի հանրահավաքի արտոնումը, ձերբակալություններ չեն եղել, ճանապարհները չեն փակվել։ Սրա հետ է կապված նաեւ որոշ կալանավորվածների ազատ արձակումը, խափանման միջոցը փոխելը։ Չնայած քրեական գործերը չեն կարճվում։ Այսինքն՝ եթե մենք հավաքական նայենք, ապա ակնհայտ է, որ իշխանությունները հակված չեն բոլոր հանձնարարականները կատարելու։ Տվյալ պարագայում տեղի է ունենում այդ կատարման իմիտացիան»։ Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով նաեւ Եժի Յասկերնիայի այցին, ասաց, թե իրենց վաղուց է հայտնի, որ Յասկերնիան օբյեկտիվ չէ։ Սակայն սա չի կարող մեր երկրին վնասել, որովհետեւ Յասկերնիայից բացի ԵԽ ԽՎ-ն ինֆորմացիայի բազմաթիվ այլ աղբյուրներ ունի։ Արդյո՞ք ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանից հետո Հայաստանի իշխանությունները կփորձեն ավելի խստացնել «պատժամիջոցները»՝ մինչեւ այժմ կատարած իրենց որոշ «մեղմացումների» փոխարեն։ Սա Շավարշ Քոչարյանը քիչ հավանական է համարում։ Նա այն կարծիքին չէ, թե իշխանությունները Ստրասբուրգից հետո կդիմեն «զանգվածային» քայլերի. «առանձին դեպքեր կլինեն, չեմ բացառում։ Դա բնորոշ է այսօրվա իշխանություններին։ Զանգվածայինը քիչ հավանական է եւ դրա հիմնական պատճառն այն է, որ, այնուամենայնիվ, երեւում է, որ ամռան ընթացքում եթե արտառոց դեպքեր չլինեն, զանգվածային միջոցառումների այս ալիքը նվազելու է, մարելու է, եւ ամենայն հավանականությամբ վերսկսվելու է աշնանը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել