Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավարությունը քաղաքական է»

Հունիս 19,2004 00:00

«Դատավարությունը քաղաքական է» Գնահատում է Վազգեն Մանուկյանը ԱԺՄ կուսակցության գրասենյակում երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, գնահատելով ԱԺՄ անդամ Լավրենտի Կիրակոսյանի այս օրերին ընթացող դատավարությունը, ասաց, թե այն հարկավոր է դիտարկել բացառապես քաղաքական հարթությունում։ Եվ եթե իշխանությունները Եվրոպայի խորհրդին ռեւերանս անելով իրար ետեւից ազատ արձակեցին ընդդիմության մի քանի ակտիվիստների, դա ամենեւին չփրկեց դրությունը։ Ըստ էության, եթե Լավրենտի Կիրակոսյանը դատապարտվի, կարելի է փաստել, որ այսօր Հայաստանում երկու քաղբանտարկյալ կա՝ ՀԺԿ անդամ Էդգար Առաքելյանը («Ջերմուկի» պլաստմասե շշով ինքնապաշտպանված 24-ամյա երիտասարդը), եւ ԱԺՄ անդամ Լավրենտի Կիրակոսյանը, որին մեղադրում են թմրանյութի բիզնեսի մեջ։ Վազգեն Մանուկյանն ասաց. «Լավրենտի Կիրակոսյանի դատավարությունը քաղաքական է երկու պատճառով։ Առաջինը՝ Կիրակոսյան Լավրենտին քաղաքական դեմք է եւ երկրորդը՝ գործը նրա դեմ սարքված է»։ Ընդհանրացումը հետեւյալն էր՝ պետության համակարգի հիմքում ընկած է դատարանը, իրավական համակարգը. «եթե դատական համակարգը մի պետությունում փչացած եղավ, ամեն ինչն է փչացած։ Դատարանը դեռ դատավճիռ չի ընդունել։ Քիչ հավանական է թվում, բայց հնարավոր է, դատավորը դատավճիռն ընդունի ըստ գործի էության, այսինքն՝ ասվի, որ գործն ապացուցված չի եւ սարքված է։ Բայց սա է վիճակը Հայաստանում»։ Ասուլիսի ժամանակ ԱԺՄ անդամ Ալբերտ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ Լավրենտի Կիրակոսյանին Բաղրամյանի շրջանի միլպետը հրահանգել է զղջում գրել՝ որ հրաժարվում է ԱԺՄ-ից, տեղեկություն տա, թե «ի՞նչ են մտմտում Ստեփան Դեմիրճյանը, Վազգեն Մանուկյանը, Արամ Զ. Սարգսյանը եւ այլն, եւ դրանից հետո գործը կփակվի ու իրեն (Լավրենտի Կիրակոսյանին) ազատ կարձակեն։ Լավրենտին 10 տարուց ավելի պայքարի թոհուբոհում է եւ էդքան հեշտ զղջման գնացող չի»։ Ալբերտ Բաղդասարյանի կարծիքով, պետք է հաշվի առնել հետեւյալը՝ ժամանակին իշխանությունները «դաբրո» տվեցին իրավապահներին՝ ճնշել հանրահավաքային ալիքը ամեն գնով. «այդ ընթացքում առաջացան անձնական թշնամանքներ ակտիվիստներից ոմանց եւ որոշ միլպետերի եւ դատախազների միջեւ։ Ահա, հիմա, կարծես թե գործող նախագահը պատանդ է դարձել էդ նախորդ «դաբրոյի» ձեռքը»։ Եզրակացությունը հետեւյալն էր՝ Բաղրամյանի շրջանի միլպետը անձնական հաշիվներ է մաքրում Լավրենտի Կիրակոսյանի հետ։ Ալբերտ Բաղդասարյանի եզրակացությունը սա էր. «Մի Բաղրամյանի միլպետի համար չարժե վտանգի տակ դնել այն քայլերը, որ արեցին իշխանությունները այս օրերին՝ ազատ արձակելով քաղբանտարկյալներին»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930