Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱ՞Կ

Հունիս 24,2004 00:00

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱ՞Կ ԵԿՄ-ում փաստորեն «վերեւիններն» այլեւս չեն կարողանում կառավարել նախկինի պես, իսկ «ներքեւինները» չեն ուզում ապրել նախկինի պես: ԵԿՄ-ն արդեն շուրջ երկու ամիս է մտմտում է կազմակերպության հերթական համագումար հրավիրելու մասին, բայց միայն այդքանը: Իսկ ԵԿՄ կանոնադրությամբ սահմանված ժամկետից անցել է արդեն շուրջ երկու ամիս: Այս, թվում է, երկրորդական հարցի վրա թերեւս չծանրանայինք, եթե միայն դա առնչություն չունենար կազմակերպության շարքերում առկա խմորումների հետ, որոնք ընթանում են արդեն շատ վաղուց՝ դեռ նախորդ համագումարից ի վեր: Դրանք անցած երկու տարիներին էլ ավելի բյուրեղացան եւ այս տարի առերեւույթ բնույթ ստացան արդեն մայիսի 8-ին՝ ԵԿՄ-ի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ: Իսկ ԵԿՄ-ում դժգոհ են կազմակերպության վարչությունից ամենատարբեր պատճառաբանություններով՝ սկսած սոցիալական հիմնախնդիրներից մինչեւ ներքաղաքական իրավիճակին ուղղակիորեն առնչվող հարցերը, այդ թվում՝ իշխանությունների նկատմամբ ԵԿՄ որդեգրած կեցվածքը, որն արմատապես տարբեր դրսեւորումներ ունի ինչպես վարչության անդամների, այնպես էլ տարածքային կառույցների եւ շարքային անդամների շրջանում, երկրապահների կալանավորման եւ դատապարտման փաստերի նկատմամբ չարդարացված լռությունը եւ այլն: ԵԿՄ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հավաստիացնում են, թե համագումարն իրականում չի հրավիրվում մեկ պատճառով. վարչությունը՝ ի դեմս գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի, որն, ի դեպ, այս օրերին գտնվում է հիվանդանոցում, մտավախություն ունեն, որ համագումարի հրավիրման դեպքում ԵԿՄ վարչությունում չի ընտրվի այն կազմը, որը «պետք» է: Բացի այդ ներքաղաքական անհանգիստ վիճակում ԵԿՄ վարչությանն ուղղված սուր քննադատությունն ու այդ հողի վրա ընկերական բախումներն էլ անխուսափելի կարող են լինել, ինչն, անշուշտ, անցանկալի է առավել եւս Սերժ Սարգսյանի գլխավորած գերատեսչությունում ծառայող սպաների եւ ԵԿՄ վարչության անդամ փոխնախարարների համար: Բայց կա համագումար չհրավիրելու էլի մի պատճառ, որի հետ մեր աղբյուրները մասամբ են համաձայն: Խոսքը Սերժ Սարգսյանին ԵԿՄ վարչության նախագահ ընտրելու մասին է: Դեպքերի այդպիսի զարգացմանը ԵԿՄ շարքերն ու կազմակերպության ներսում ընդդիմություն կազմած մի քանի տարածքային կազմակերպություններ դեմ են: Մի մասն էլ համարում է, որ նրա գալով հնարավոր կլինի լուծել երկրապահների գոնե սոցիալական խնդիրները: Մի խոսքով, ԵԿՄ-ն ընդհանուր առմամբ այսօր այդպիսի փոփոխության պատրաստ չէ: Երեկ փորձեցինք «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ԵԿՄ վարչության անդամ Ալբերտ Բազեյանից ճշտել, թե ինչու է համագումարի հրավիրումը հետաձգվում եւ նա դրան ինչպես է վերաբերվում: «Տեղեկություն չունեմ եւ վերաբերմունք էլ չունեմ: Ես ավելի կարեւորում եմ երկրում քաղաքական խնդիրները: Իսկ այդ խնդիրներով թող զբաղվեն ԵԿՄ պատասխանատուները»,- եղավ պարոն Բազեյանի պատասխանը: ԵԿՄ վարչության մեկ այլ անդամ՝ Մյասնիկ Մալխասյանն էլ համարեց, որ համագումարի ձգձգման մեջ արտառոց բան չկա, դա չի հակասում ոչ ԵԿՄ կանոնադրությանը, ոչ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքին: Այդուհանդերձ, նրա վկայությամբ՝ «քննարկվել է համագումար անցկացնելու հարցը: Դրա շուրջ նախնական զրույցներ են եղել: Ես առաջարկեցի, որ ամառն անցնի, որովհետեւ բոլորը հիմա զբաղված են՝ արձակուրդ, հանգստյան տուն: Առաջարկել եմ, որ համագումարը լինի աշնանը»: Մեր այն հարցին, թե՝ որքանո՞վ է դա կապված ԵԿՄ-ում առկա խմորումների, վարչության կազմի ընտրության, ներքաղաքական իրավիճակի հետ, պարոն Մալխասյանն այսպես արձագանքեց. «Չէ, դժվար: Ավելի այլ բաներ կարող են լինել, քան՝ դա»: Այլ ի՞նչ բաներ: «Դե հիմա ոչ թե քաղաքական իրավիճակն է պատճառը, թեեւ դա էլ կա, բայց դա այդքան լուրջ պատճառ չէ: Մի ամիս առաջ կարող էի համաձայնել, բայց հիմա՝ անհասկանալի եւ անորոշ վիճակ է»,- ի պատասխան հավելեց Մ.Մալխասյանը: Երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի վարչության, հասարակական միավորումների գրանցման վարչության պետ Էդիկ Մարգարյանն ասաց, որ համաձայն «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի, եթե կազմակերպությունը սահմանված ժամկետում, տվյալ դեպքում առնվազն երկու տարին մեկ անգամ, համագումար չի գումարում, նրա ղեկավար մարմնի որեւէ որոշում այլեւս իրավական ուժ չունի: Ավելին, այդ դեպքում կազմակերպությունն անգամ կարող է լուծարված համարվել, իհարկե, համապատասխան զգուշացումից հետո: Մեր այն հարցին, թե՝ ո՞ւմ կողմից, պարոն Մարգարյանը պարզաբանեց, թե նման դեպքում ստուգումներ են իրականացվում, համապատասխան ակտ է կազմվում, որի պարտականությունը դրված է արդարադատության նախարարության վրա: Իհարկե, վերջինս դժվար թե ԵԿՄ-ի «ետեւից ընկնի»: Բայց փաստը մնում է այն, որ ԵԿՄ-ում էլ չգիտեն ինչպես վարվել սեփական կազմակերպության «վերեւների» եւ «ներքեւների» հետ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել