Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆՆ ԷԼ «ԿԵՂՏՈՏ ԼՎԱՑՔԸ»

Հունիս 25,2004 00:00

ՔՈՉԱՐՅԱՆՆ ԷԼ «ԿԵՂՏՈՏ ԼՎԱՑՔԸ» ՏԱՐԱՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ Ռոբերտ Քոչարյանը ԵԽԽՎ-ում պաշտպանեց ընդդիմության բողոքի գործողությունների դեմ իշխանությունների կիրառած կոշտ միջոցները: Ինչպե՞ս են այս ելույթը գնահատում «Արդարության» առաջնորդները: «Իրականությունը խեղաթյուրվեց» «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը ելույթի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հատվածի առնչությամբ ասաց. «Ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը»: Մասնավորապես անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի այն գնահատականներին, թե երկրում չկային «քաղաքական ակտիվության շիկացում կանխագուշակող ներքին նախադրյալներ» եւ ընդդիմությունն ուղղակի ոգեշնչվել էր «վարդերի հեղափոխության» արդյունքով ու որոշել այն պատճենել. «Դա բացարձակապե՛ս չի համապատասխանում իրականությանը: Հայաստանում մարդիկ անարդարությունների դեմ դուրս էին եկել փողոց ու իրենց բողոքի ձայնը բարձրացրել դեռ 2003-ի փետրվարին՝ կեղծված ընտրությունների ժամանակ: Այսինքն՝ մեզ մոտ՝ Վրաստանի իրադարձություններից ավելի շուտ է սկսվել. ուղղակի հասարակությունը մինչ օրս դեռ չի հասել հաղթանակի: Այն, ինչ կատարվում է այսօր, նախագահական կեղծված ընտրությունների տրամաբանական շարունակությունն է: Երկրորդը՝ ուղղակի լուրջ չէ ասելը, թե չկան ակտիվության շիկացման նախադրյալներ. ոչ միայն կան, այլ՝ չափի՛ց ավելի շատ են՝ երկրում տիրող անպատժելիությունը, անարդարությունները, ծանրագույն սոցիալական վիճակը եւ բեւեռացումը, որ հասնում է վտանգավոր չափերի»: Ստեփան Դեմիրճյանի երրորդ դիտարկումը վերաբերում էր ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերվա շուրջ Քոչարյանի մեկնաբանություններին, թե ոստիկանությանն այլընտրանք չէր մնում՝ իշխանությունը պետք է հասարակությանը պաշտպանի քաղաքական ծայրահեղականությունից. «Ակնհա՛յտ խեղաթյուրված ու աղավաղված է իրականությունը: Ստացվում է, որ խաղաղ ճանապարհով հանրաքվե պահանջելը, կեղծիքների դեմ պայքարելն ու բողոքի ձայն բարձրացնելը ծայրահեղականություն է: Իսկ երբ խաղաղ ցուցարարներին ծրագրված ծեծում են ու ահաբեկում, նրանց նկատմամբ կիրառում շուրջկալ, ներխուժում են քաղաքական կուսակցությունների գրասենյակներ, ջարդում թանգարանի ցուցանմուշները՝ սա, պարզվում է, ոչ թե ծայրահեղականություն է կամ բարբարոսություն, այլ քայլեր՝ հասարակությանը պաշտպանելու համար: Ընդդիմությունը միշտ գործել է Սահմանադրության շրջանակներում՝ այդ իշխանությունն է իրեն դուրս դրել օրենքից: Բայց մենք շարունակելու ենք գնալ խաղաղ ճանապարհով: Մեր տարբերությունն այդ է՝ նրանք ակնհայտորեն ղեկավարվում են «իշխանություն՝ ամեն գնով» սկզբունքով: Իսկ մեր համար գերխնդիր չէ ամեն գնով իշխանության գալը: Կարեւոր են նաեւ միջոցները, թե ինչ նախադեպ է ստեղծվում մեր երկրում»: Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում չանդրադարձավ ընդդիմադիրներին ու նրանց աջակիցներին կալանելու պրակտիկային, որ այդքան քննադատվել է Եվրախորհրդի կողմից: «Չմոռանանք, որ շուրջ 600 հոգի ձերբակալվեց քաղաքական դրդապատճառներով,- հիշեցրեց պրն Դեմիրճյանը:- «Արդարություն» դաշինքի եւ նրան հարողների նկատմամբ այսօր էլ հարուցված է մնում շինծու գործը: Այսինքն՝ վարչախումբը շարունակում է «Քրեական օրենսգիրքն» օգտագործել իբրեւ մահակ ընդդիմության դեմ: ԵԽԽՎ նստաշրջանից առաջ ոմանց ազատ արձակեցին, իմիտացիոն գործողություններով փորձեցին տպավորություն ստեղծել, թե կատարվում են բանաձեւի պահանջները, բայց իրականում, ըստ էության, որեւէ բան չի փոխվել, քանի որ որեւէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության կեղծիքների, բռնությունների, գրասենյակներ ու թանգարան ներխուժելու համար: Իսկ եթե չեն ենթարկվել պատասխանատվության՝ ակնհայտ է, որ այդ ամենն արվել է հստակ հրահանգով»: «Նա արդարանում էր» «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը տխուր տպավորություն էր ստացել ելույթից. «Տպավորությունն այն էր, որ Հայաստանի նախագահը հաշվետվություն է ներկայացնում, արդարանում ու խոսում մեղադրանքներից պաշտպանվողի դիրքերից: Նա փորձեց հնարավորինս անկեղծ ներկայանալ, թե, այո՛, արել եմ, բայց ինչի՞ց ելնելով՝ սակայն ամբողջությամբ շրջանցեց հիմնական խնդիրը. այն է՝ սեփական լեգիտիմության հարցը, նախագահական ընտրությունների վերաբերյալ եվրոպական դիտորդների եզրակացությունը եւ մեր ՍԴ-ի որոշումը: Սա կոպիտ սխալ էր. Եվրախորհրդի ներկայացուցիչները բազմիցս իրենք են հանդիպել ընդդիմադիրների հետ, եվրոպական երկրների դեսպաններն էլ են անկասկած իրավիճակը ներկայացրել եւ ԵԽԽՎ-ում շատ լավ գիտեն, թե ինչու է Հայաստանի ընդդիմությունը բոյկոտում խորհրդարանի աշխատանքները: Ուստի ճիշտ չէր աշխարհին այդ կարգի ստերով ներկայանալը»: Ի տարբերություն այլ ընդդիմադիրների (ասենք՝ Արամ Գասպարի Սարգսյանի, Արտաշես Գեղամյանի, Շավարշ Քոչարյանի), որոնք համեմատաբար դրական են գնահատում Ռոբերտ Քոչարյանի ելույթի արտաքին քաղաքական հատվածը՝ «Հանրապետության» առաջնորդը բազմաթիվ տարակարծություններ ուներ նաեւ այս առումով. «Իմ կարծիքով՝ միանշանա՛կ պետք չէր խոսել կոմպլեմենտարիզմից, որ Հայաստանը փորձում է շահ փնտրել համաշխարհային տերությունների հակասությունների հարթեցումից։ Հատկապես ո՞ւմ հակասությունները նկատի ուներ նա: Չափից ավելի շեշտադրվեց Ռուսաստանի շահերի պաշտպանությունը (մեկ անգամ նույնիսկ շփոթվեց ու Հայաստանի շահերի փոխարեն ասաց «Ռուսաստանի շահեր»): Բացարձակապե՛ս պետք չէր նաեւ խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից: Սա երկսայրի սուր է՝ այդ դեպքում Հայաստանը պետք է գոնե ճանաչած լիներ ԼՂՀ-ին՝ որպես ինքնիշխան պետություն: Նաեւ խոսեց Քի-Ուեսթի եւ փարիզյան սկզբունքների մասին, որոնց մասին փոքրիշատե տեղյակ եմ եւ այն կարծիքին եմ, որ այնքան էլ լավ չէ, որ մենք ամեն ինչի համաձայն ենք, իսկ Ադրբեջանը՝ դեմ: Նա արտահայտվեց հօգուտ փաթեթային լուծման, մինչդեռ ժամանակին փաթեթային տարբերակը մերժողներից մեկն էլ ինքն է եղել»: Արամ Սարգսյանը «հեքիաթ» անվանեց այն ամենը, որ Քոչարյանն ասում էր ԵԽԽՎ-ում կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Առարկություններ ուներ նաեւ ելույթի տնտեսական հատվածի վերաբերյալ. «Ժողովրդավարության մասին խոսելիս նշում էր, թե Հայաստանն աղքատության բարձր ցուցանիշներ ունի: Իսկ հետո երկու անգամ անդրադարձավ, թե Ադրբեջանի հարստությունը կապված է նավթադոլարների հետ: Կարող եմ բերել բազմաթիվ երկրների օրինակներ, որոնք չունեն նավթային ռեսուրսներ: Եվ ուղղակի կոպիտ սխալ էր, որ երկրի նախագահը նման բաներ է հայտարարում՝ դրանով կոտրում է մեր ժողովրդի ապագայի հանդեպ հավատը: Մենք կարո՛ղ ենք լինել հարուստ երկիր»: Այս ու բազմաթիվ այլ վերապահումներով հանդերձ՝ Արամ Սարգսյանն այնուամենայնիվ գոհունակություն հայտնեց, որ ելույթը գրավոր էր. «Այլապես բանավորի դեպքում ստիպված էինք լինելու այլ բաներից խոսել՝ վերջնականապես խայտառակ լինելով եվրոպական ընտանիքի առջեւ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել