Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱ՞Վ Է, ԹԵ՞ ՎԱՏ

Հունիս 25,2004 00:00

ԼԱ՞Վ Է, ԹԵ՞ ՎԱՏ Որքան ես հասկանում եմ, ԵԽ ԽՎ-ում Ռ. Քոչարյանի հնչեցրած առաջարկը՝ ԵԽ մոնիտորինգ անցկացնել հայաստանյան լրատվամիջոցներում՝ պարզելու համար՝ արդյոք ընդդիմությունն այնտեղ ներկայացված է, թե ոչ, որոշ քաղաքական եւ հասարակական գործիչներ կապում են հատկապես «Առավոտ TV»-ի հետ: Քանի որ Աստված ինձ այդքան խելք չի տվել, որ քաղաքական կամ հասարակական գործիչ դառնամ, որպես սովորական լրագրող ես չեմ ընկալում այդ բարդ տրամաբանական կոնստրուկցիան եւ փորձում եմ այն բաժանել ավելի փոքր շղթաների. ա/ եթե Հայաստանում նման մոնիտորինգ անցկացվի, դա լա՞վ է, թե՞ վատ, բ/ եթե մոնիտորինգի արդյունքում պարզվի, որ, մասնավորապես, եթերը ընդդիմության համար փակ չէ, դա լա՞վ է, թե՞ վատ, գ/ եթե վատ է, ապա որպես հեռուստաընկերության ղեկավար, ես ի՞նչ պիտի անեմ՝ գուցե մոնիտորինգի ընթացքում արգելե՞մ ընդդիմության մուտքը «Առավոտ TV», որպեսզի Յասկերնիան սարսափի մեր լրատվամիջոցների անազատությունից եւ բացասական զեկույց գրի Հայաստանի մասին: Հասարակական-քաղաքական գործիչների՝ ինձ համար միակ հասկանալի փաստարկը հետեւյալն է. հիմա «Առավոտ TV»-ին ամեն ինչ թույլատրում են, իսկ մոնիտորինգից հետո ամեն ինչ կարգելեն եւ ինձ էլ աշխատանքից կհանեն: Ինչ խոսք, դա հնարավոր է: Բայց մի՞թե ԵԽ-ում այնպիսի «հարիֆներ» են նստած, որ պիտի խաբվեն այդ պրիմիտիվ հնարքից: Եթե ԵԽ ղեկավարությունն այդ աստիճանի բթամիտ դուրս գա, ապա անձամբ ինձ համար այդ կազմակերպության կարծիքը բացարձակապես կոպեկի գին չի ունենա: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել