Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի դիրքորոշումը դարձյալ հստակ չէ»

Հունիս 25,2004 00:00

«Հայաստանի դիրքորոշումը դարձյալ հստակ չէ» Կարծում է Դեմկուսի առաջնորդը «Երեկ Քոչարյանը ադրբեջանցիներին «անզգուշորեն» ասաց, որ եթե դուք Քի Վեստը ընդունած լինեիք, տարածքների մի մասը այսօր արդեն ձերը կլիներ։ Անհասկանալի է՝ ո՞րն է իրական Ռոբերտ Քոչարյանը։ Եթե ասում է, որ ԼՂՀ անկախությունը օրինական ճանապարհով է ձեռք բերվել, ապա ինչո՞ւ է էդպիսի հարց ու զրույցի մեջ մտնում Ադրբեջանի հետ»,- երեկ Մամուլի ազգային ակումբում, անդրադառնալով ԵԽ ԽՎ-ում նախորդ օրը Հայաստանի նախագահի ելույթին, այսպես խոսեց Դեմկուսի առաջնորդ Արամ Գ. Սարգսյանը։ Չնայած բանախոսը դրական է համարում այն, որ առաջին անգամ երկրի իշխանությունը ներկայացնող անձը հայտարարում է, թե ԼՂՀ-ն դուրս գալով Ադրբեջանի կազմից, չի խախտել նրա տարածքային ամբողջականությունը, որ խնդիրն իրավական է եւ այդ մոտեցումը այսօր ամենահեռանկարայինն է, որ ԼՂՀ-ն պետք է վերստին դառնա բանակցային կողմ, այդուհանդերձ, Արամ Գասպարիչը «կիսատ-պռատ» է բնութագրում նախագահի ելույթի այդ հատվածը։ Ամբողջականը, ըստ նրա, կլիներ միասնական հայեցակարգը, որն իր մեջ կներառեր երկրի պաշտոնական դիրքորոշումը ԼՂՀ հարցի վերաբերյալ։ Եվ այն անպայմանորեն, Ա. Սարգսյանի պատկերացումներով, պետք է ներկայացվի արտաքին գերատեսչության միջոցով՝ որպես նոտա։ Փաստորեն, ըստ Արամ Սարգսյանի, Հայաստանը պաշտոնապես պետք է ամրագրի մոտավոր զիջումների սահմանը։ Իսկ դա, նրա պատկերացումներով, կարելի է ձեւակերպել այսպես. «ԼՂՀ-ն դուրս է եկել Ադրբեջանի կազմից եւ չի միացել Հայաստանին»։ «Արդյո՞ք մաքսիմալիստական չէ այս «զիջումը» դիտարկմանը ՄԱԱ-ի հյուրը հակադարձեց. «Բա հանուն ինչի՞ էինք պայքարում»։ Իսկ ընդհանրապես, Արամ Գասպարիչը ականատես է եղել երկու Քոչարյանի։ Մեկը վերոնշյալն էր, մյուսը՝ որ «նենգափոխեց երկրի ներքաղաքական վիճակը, չներկայացնելով դրդապատճառները»։ Ա. Սարգսյանի համոզմամբ, բոլոր այնտեղ նստած մարդիկ, ովքեր գիտեն իրական պատճառները, հասկանում էին, որ Քոչարյանը ստում էր։ «Մենք վարդերից չենք ոգեւորվել։ Կարելի է ասել, Վրաստանը մեր օրինակով արեց, ուղղակի նրանք հասցրին տրամաբանական ավարտին»,- ասաց նա։ Իսկ Բաղրամյան պողոտայի քոչարյանական նկարագրության առիթով հեգնեց. «Ինչ երկիր է, եթե կնոջը ծեծելը կամ լրագրողին ծեծելը՝ սովորական բան է»։ Քոչարյանի նման պահվածքը, սարգսյանական մեկնաբանությամբ, բացատրվում է նրանով, որ «կոմունիկացիաների դիմաց տարածքներ վերադարձնելու ծրագիրը հետաձգվել է Իրանի Իսլամական Հանրապետության կարծր դիրքորոշման պատճառով։ ԻԻՀ-ն լավ գիտակցում է, որ առաջարկվող փոխանակության դեպքում Հյուսիսային Ադրբեջանը եւ Ադրբեջանը շատ ավելի են ակտիվանալու եւ եթե այդ տարածքները վերադարձվեն, այնտեղ տեղակայելու են խաղաղարար ուժերը, որոնք ամենայն հավանականությամբ կլինեն ՆԱՏՕ-ի զորքերը»։ Այս իսկ պատճառով, պարոն Սարգսյանի կարծիքով, ԻԻՀ-ի դիրքորոշումը հայանպաստ լինելուն այլընտրանք չունի։ Իսկ ընդհանրապես, բանախոսի կարծիքով, ԼՂՀ հարցի կարգավորումը այսօր հատվածային լուծում է գտնում. «Այն տերությունները, որոնք շահագրգիռ են, որ կոմունիկացիաներն աշխատեն, փոխարինեցին Նախիջեւան-Հորադիզ-Բաքու երկաթգծի առկայությունը Կարս-Գյումրի-Վանաձոր-Թբիլիսի-Բաքուով։ Քանզի Թուրքիայի հիմնական նպատակը Ադրբեջանին իրեն ֆիզիկապես կապելն է։ Այսօր՝ կոմունիկացիաները, վաղը՝ ինչ-որ պատրվակով տարածքների ազատագրումը եւ այլն»։ Այս «հատվածային» որակված տարբերակի տարբերությունը փուլայինից՝ բանախոսը բացատրում է նրանով, որ ԼՂՀ հարցը այսօր էապես տարբերվում է նախորդ բոլոր իրավիճակներից։ Այն այլեւս լոկալ խնդիր չէ, այլ տարածաշրջանային եւ հայտնվել է տարբեր երկրների շահերի կիզակետում։ Արամ Գասպարիչի համոզմամբ, ԱՄՆ-ն համաձայնություն է ձեռք բերել, որպեսզի հարցը մեկ-երկու տարով հետաձգվի, քանզի տարածաշրջանում այդ երկրի լծակները բավարար չեն։ Հարցի հանգուցալուծումը նա պայմանավորում է նաեւ ԱՄՆ նախագահական ընտրություններով. եթե Բուշը ընտրվի՝ հարցն ավելի շուտ կլուծվի, եթե Քերրին՝ մի քիչ էլ կձգվի։ Մեր դիտարկմանը՝ «Իշխանությունների համար, փաստորեն, բարենպաստ իրավիճակ ստեղծվեց իշխանությունն ամրապնդելու համար, քանզի իշխանափոխության կուլմինացիան հավակնում էր ԼՂՀ հարցը դառնալ», Ա. Սարգսյանը չհամաձայնեց։ Ըստ նրա, «երկրի սոցիալ-տնտեսական օրեցօր բարդացող իրավիճակը կհանգեցնի իշխանության հետ անընդհատ առճակատումների»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել