Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՎՈՐ-ՍԱՆԻԿ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ

Հունիս 25,2004 00:00

ՔԱՎՈՐ-ՍԱՆԻԿ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ Ճանաչված դիրիժորը՝ Երեւանում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հունիսի 25-ի վաղօրոք հայտարարված համերգը՝ ամերիկաբնակ դիրիժոր, ազգությամբ հրեա Ալեքսանդր Տրեգերի ղեկավարությամբ ու ջութակահար Էդուարդ Թադեւոսյանի մասնակցությամբ, կկայանա մասնակի փոփոխությամբ. նվագախմբի հետ հանդես կգա երիտասարդ դաշնակահար Տիգրան Մեսրոպյանը։ «Առավոտը» Էդ. Թադեւոսյանից հետաքրքրվեց նրա՝ որպես մենակատարի, ոչ հաճախակի ելույթների, մասնավորապես այս համերգից «հրաժարականի» մասին։ Պարոն Թադեւոսյանը տեղեկացրեց, որ այս համերգին ինքը սպասել է դեռ 70-ականներից. «Այս տարի Կոմիտասի քառյակի հոբելյանական համերգներն ու կոնսերվատորիայում փոխադրական, ավարտական քննությունները փոքր-ինչ ազդեցին առողջականիս վրա։ Գերհոգնած եմ»։ Ա. Տրեգերը ու Էդ. Թադեւոսյանը ժամանակին ուսանել են աշխարհահռչակ Դավիդ Օյստրախի մոտ։ Ավելին, այդ տարիներին Էդ. Թադեւոսյանը Ա. Տրեգերի ու նրա կնոջ՝ ջութակահարուհի Լյուդմիլա Գոսիսի հարսանիքի քավորն է դարձել։ «Դեռ Մոսկվայում ուսումնառության տարիներին Լյուդմիլան մոտեցավ ինձ ու ասաց, որ ինքը սիրահարված է Ալեքսանդրին, խնդրելով իմ միջնորդությունն այս հարցում։ Ինձ ոչինչ անել չէր մնում, քան «դասավորել» այդ գործը, մանավանդ երբ պարզեցի, որ ազգությամբ հրեա երիտասարդների սերը փոխադարձ է»,- տեղեկացրեց Էդ. Թադեւոսյանը։ «Առավոտի» հետաքրքրությանը՝ «Հարսանիքը անցավ հայկակա՞ն, թե՞ հրեական ծիսակատարությամբ», պարոն Թադեւոսյանը կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց. «Աշխարհն է զուգահեռներ անցկացնում հայերի ու հրեաների միջեւ՝ թե շնորհալիության, թե ավանդապաշտության ու այլ առումներով։ Թույլ տվեք մեծամտանալ. կարճ ժամանակահատվածում ուսումնասիրեցի հրեաների հարսանեկան ծեսը, իսկ արդյունքում ստացվեց հայ-հրեական հարսանիք»։ Ա. Տրեգերի հետ զրույցից պարզեցինք, որ նա էլ երկար է սպասել քավորի հետ հանդիպմանը։ Իսկ միայն այս տարի իր գալը բացատրեց ընդամենը ժամանակի սղությամբ։ «Մոսկվայում ուսման տարիներին լավ բարեկամներ ձեռք բերեցի, հանձին վիրտուոզ երաժիշտներ Էդուարդ Թադեւոսյանի, Վահրամ Սարաջյանի, Արա Բոգդանյանի ու այլոց»,- ասաց երաժիշտը, շարունակելով, որ փոքր-ինչ տխրել է, երբ տեղեկացել է, որ Էդ. Թադեւոսյանը չի կարող հանդես գալ։ Բայց փոխարենը «ծանոթացա դաշնակահար, հայտնի մանկավարժ, պրոֆեսոր Վիլի Սարգսյանի սան՝ Երեւանի կոնսերվատորիայի ասպիրանտ, միջազգային մրցույթների դափնեկիր Տիգրան Մեսրոպյանին, որն, անկասկած, անհատականություն է, ու կարծում եմ, միանգամից հասկացանք մեկմեկու եւ շարունակական կլինեն մեր համատեղ ելույթները՝ ոչ միայն Երեւանում»։ Ա. Տրեգերը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին ծանոթ է ինտերնետային սայթից։ Իր խոսքերով՝ «Այն փաստը, որ ֆիլհարմոնիկը տարբեր տարիներ ղեկավարել են Միքայել Մալունցյանը, Օհան Դուրյանը, Վալերի Գերգիեւը, արդեն իսկ խոսում է նվագախմբի՝ ժառանգաբար փոխանցված պրոֆեսիոնալիզմի մասին, ինչում համոզվեցի առաջին փորձից»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Այսօր ՀՀ-ում Ամերիկայի դեսպանատունը հրավիրել է մամուլի ասուլիս՝ ներկայացնելու ամերիկաբնակ ջութակահար ու դիրիժոր Ա. Տրեգերին։ Մոսկվայի կոնսերվատորիայում բարձրակարգ երաժշտական կրթություն ստանալուց հետո երաժիշտը հրավիրվել է տեղի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբ, կարճատեւ աշխատանքից հետո տեղափոխվել Իսրայելի կամերային նվագախումբ՝ որպես կոնցերտմայստեր։ 1973-ից բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, որտեղ որպես ջութակահար հանդես է եկել հռչակավոր դիրիժորներ Կառլո Մարիա Ջուլինիի, Սայմոն Ռեթըլիի, Վալերի Գերգիեւի, Յուրի Տեմիրկանովի եւ այլոց ղեկավարությամբ։ Որպես հրավիրյալ դիրիժոր, ելույթներ է ունեցել հայտնի նվագախմբերի հետ։ 1985-ից մինչ օրս Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստերն է, իսկ 1988-ից՝ նաեւ American Youth Symphony գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել