Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԹԵՐԻ ԴԵՎԻՍԻՑ

Հունիս 26,2004 00:00

ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԹԵՐԻ ԴԵՎԻՍԻՑ ԼՂ հակամարտության հարցով ԵԽ ԽՎ զեկուցող Թերի Դեւիսի՝ ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու փաստով ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակները գոհունակություն էին հայտնել, թեեւ հիմնախնդրի կարգավորման առնչությամբ նրա հայտնի դիրքորոշումը ՀՀ-ի համար այնքան էլ ընդունելի չէ: Ի՞նչ ազդեցություն կունենա նրա ընտրությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման վրա եւ հնարավո՞ր է արդյոք, որ ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա ընտրությունը խթանիչ հանգամանք դառնա ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԽ հարթություն տեղափոխելու կամ ԵԽ-ին այդ պրոցեսում ընդգրկելու համար: Մյուս կողմից, արդյո՞ք նրա ընտրությամբ կարող է չեզոքացվել ԵԽ կարծր վերաբերմունքը ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների կայացման եւ մարդու իրավունքների ոլորտում: Հիշեցնենք, որ նրա նախորդը՝ Վալտեր Շվիմերը, 2003-ի ընտրությունների առնչությամբ, նաեւ այս տարի, բավականին կոշտ հայտարարություններով էր հանդես եկել ՀՀ-ում ընտրությունների եւ ներքաղաքական իրավիճակի առնչությամբ: Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, դա մեծ ազդեցություն չի ունենա ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների վրա: «Չեմ կարծում նաեւ, որ Դեւիսի այդ հայտարարությանը պետք է տալ դարակազմիկ նշանակություն: Միաժամանակ չեմ կարծում, թե հիմա լավ ժամանակ է բանակցություններում կտրուկ փոփոխությունների համար: Ես նկատի ունեմ ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները, նաեւ՝ այն երկրների դիրքորոշումը, որոնք ազդեցություն ունեն այդ գործընթացների վրա: Եթե փոփոխություններ լինեն, դրանք տեղի կունենան աշնանից ոչ շուտ: Ինչ վերաբերում է հնարավոր նոր առաջարկություններին, ապա իրականում ռեալ այնպիսի առաջարկություններ եւ փոփոխություններ, որոնք կարող էին տեսականորեն լինել՝ այնքան էլ շատ չեն եւ հայտնի են: Սկզբունքորեն նոր բան մտածել՝ պարզապես հնարավոր չէ: Բոլոր տարբերակներն արդեն գոյություն ունեն: Խոսքը ոչ թե մոդելի հորինման մասին է, այլ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա, որեւէ տարբերակ ընտրելու համար, ճնշման հարաբերակցության: Իսկ այդպիսի ճնշումներ, իմ կարծիքով, քիչ հավանական են»: Իսկ ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում անձերի փոփոխությանը պարոն Իսկանդարյանը որեւէ նշանակություն չտվեց: Այս մտքի հետ, ըստ էության, համաձայն էր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը. «Այնպիսի լուրջ եւ կայացած կառույցը, ինչպիսին ԵԽ-ն է, չի կարող իր դիրքորոշումները պայմանավորել անձերի փոփոխությամբ եւ կարծում եմ, որ ԵԽ գնահատականները՝ կապված 2003-ի ընտրությունների հետ, կմնան անփոփոխ: Միաժամանակ ողջունելի է, որ եվրոպական կառույցներում ակտիվ դերակատարություն է ստանում դիվանագետ, որը քաջատեղյակ է հարավկովկասյան հակամարտություններին եւ մասնավորապես ԼՂ հիմնախնդրին, որովհետեւ ինձ թվում է, որ եւ մեր հասարակության, եւ միջազգային հանրության համար ակնհայտ է, որ որքան շուտ կարգավորվեն հակամարտությունները եւ իրական հող ստեղծվի տարածաշրջանային համագործակցության համար, այնքան ավելի շուտ տեղի կունենա Հարավային Կովկասի երկրների ժողովրդավարացումն ու ինտեգրումը քաղաքակիրթ աշխարհին: Ես հաստատ համոզված եմ, որ ԵԽ-ն՝ նույնիսկ անկախ Թերի Դեւիսի ընտրության հանգամանքից, այդ խնդրով զբաղվելու է: Դրանում ես վտանգ չեմ տեսնում, որովհետեւ եվրոպական կառույցները առաջնորդվում են հումանիտար իրավունքի գերակայության սկզբունքով եւ անդրադարձը ԼՂ հիմնախնդրին կնշանակի միջազգային հանրության առավել մեծ շահագրգռություն հակամարտության լուծման խնդրում եւ դա միայն ողջունելի է»: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ «ԵԽ-ն միջազգային մի կառույց է, որը հիմնված է շատ կոնկրետ եւ բազային սկզբունքների վրա, ուստի՝ ԵԽ գլխավոր քարտուղարի փոփոխութունը չի կարող փոխել այդ կառույցի մոտեցումներն ու սկզբունքներն անդամ պետությունների նկատմամբ՝ մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացման ոլորտում»: Միաժամանակ՝ Թ.Դեւիսի ընտրությունն այդ պաշտոնում նա պատահական չհամարեց: Քաղաքագետի պնդմամբ՝ «երբ նման պաշտոնում ընտրություն է կատարվում, միշտ հաշվի է առնվում այն, թե տվյալ թեկնածուներն ինչով են զբաղվում եւ որքանով է այդ խնդիրը կարեւոր ԵԽ-ի համար տվյալ ժամանակահատվածում: Մեր տարածաշրջանի նկատմամբ այսօր ուշադրությունն ավելի մեծ է եւ այդ իմաստով ԵԽ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Թ.Դեւիսի ընտրության ժամանակ նաեւ այդ բաղադրիչը՝ տարածարջանի հիմնախնդիրների լավատեղյակ լինելու հանգամանքը, հաշվի առնվեց: Այսինքն՝ եկել է մեր տարածաշրջանի խնդիրները լուծելու ժամանակը, եւ եկել է մի մարդ, որը լավ է դրանք պատկերացնում»: Անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակի եւ ՀՀ ստանձնած պարտավորությունների վերաբերյալ ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւերին եւ նոր գլխավոր քարտուղարի օրոք դրանց ուժը կորցրած համարելու կամ ԵԽ վերաբերմունքը ՀՀ նկատմամբ փոխելու հավանականությանը, պարոն Գրիգորյանը նկատեց. «Անշուշտ այդ վերաբերմունքն ու այն բանաձեւերը, որոնք ընդունվել են այս տարի հունվարին եւ ապրիլին, մնում են ուժի մեջ»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել