Լրահոս
Օրվա լրահոսը

Միջնորդություններ «27»-ի գործով

Հուլիս 02,2004 00:00

Միջնորդություններ «27»-ի գործով «27»-ի գործում Դեմիրճյանի շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը պատրաստվում է դիմել այդ գործից անջատված մասով նախաքննությունն իրականացնող մարմնին: «Նաիրի Բադալյանի շուտափույթ հեռանալու առնչությամբ ժամանակին բացատրեցին, թե նա մինչեւ մայիս մասնակցելու է դասընթացների, կվերադառնա՝ նոր կանեն փորձարարություն: Մայիսն արդեն վաղո՜ւց անցել է: Եվ նախ պիտի գրությամբ հիշեցնեմ գլխավոր դատախազությանը, քանի որ նրանք այդ մարտավարությունն են որդեգրել՝ տուժողները մինչեւ գրավոր չհիշեցնեն՝ ոչ մի գործ չեն անի,- ասաց փաստաբանը:- Երկրորդ՝ պատրաստված է ծավալուն մի միջնորդություն, որը վերաբերում է ժամանակաշարժին, ԱԺ կարմիր նախասրահում կատարված իրադարձություններին: Այս ամենի վերլուծությունը բերում է այն ակնհայտ եզրակացության, որ քրգործի տվյալները չեն համապատասխանում իրականությանը: Բայց նաեւ հարց է՝ իմաստ ունի՞ այդքան աշխատանքը՝ տեսաերիզների համադրությունը, ցուցմունքներից մեջբերումները եւ մանրամասն ուսումնասիրությունը ներկայացնել դատախազությանը: Արդեն մտածում եմ, թե իմաստ չունի, քանի որ նրանք ոչ թե հետեւողական են լինելու բացահայտելու այդ ամենը, այլ նորից կոծկելու են»: Աշոտ Սարգսյանը խոստացել էր, թե Վռամ Գալստյանի ինքնասպանությանը կանդրադառնա, երբ հրապարակվեն փորձաքննության արդյունքները: Այժմ հայտնի է փորձագետների եզրակացությունը, ըստ որի՝ 1999թ. դեկտեմբերից սկսած նա ունեցել է հոգեկան ժամանակավոր խանգարումներ, դրսեւորվել է «դեպրեսիվ պարանոյիդ սինդրոմ»: «Այդ տերմինը ծանոթ է դեռ դատաքննությունից, երբ Վռամ Գալստյանն իբր 6 ամիս տառապում էր հիվանդությամբ: Եվ երբ պահանջեցինք նրա հիվանդության պատմությունը՝ այդ տերմինն էր նշված այնտեղ: Բայց այն ժամանակ Վռամ Գալստյանը հայտարարեց, թե այդ դահլիճում ամենաառողջ մարդն ինքն է եւ առաջին անգամ է լսում, որ ինքը հիվանդ է: Այնպես որ՝ ինձ համար շա՜տ կասկածելի է այս եզրակացությունը»,- ասաց Աշոտ Սարգսյանը: Նաեւ նկատեց, թե ժամանակին լուրեր կային, որ ինչպես Վռամ Գալստյանին, այնպես էլ Կարեն Հունանյանին խորհուրդ էին տվել գիժ ձեւանալ, որ իբր հոգեկան հիվանդ ճանաչելով՝ ազատվեին բանտում հայտնվելու հեռանկարից. «Մինչդեռ սա արվում էր այսօրվա համար, որ երբ նրանք «ինքնասպան» լինեն՝ պնդեն, թե ունեին հոգեկան խանգարումներ»: Կատարվածից հետո փաստաբան Աշոտ Սարգսյանը դիմել է արդարադատության նախարարին՝ պարզելու, թե ինչո՞ւ էր Վռամ Գալստյանը օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո եւս պահվում մեկուսարանում: Ապրիլի 23-ին պատասխան է ստացել, թե Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում տեղ է հատկացված ցմահ դատապարտյալներին պահելու համար: Փաստաբանը մայիսի 5-ին եւս մի գրություն է ուղարկել, թե այդ դեպքում ինչո՞ւ են Նաիրի եւ Կարեն Հունանյանները պահվում «Երեւան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Հունիսի 4-ին ստացել է պատասխան, թե արդարադատության նախարարի 2004 թվականիի ապրիլի 28-ի հրամանով սահմանվել է «Երեւան-կենտրոնի» տեսակը եւ լրակազմը, եւ այն դարձրել են ինչպես «կալանավորվածներին պահելու վայր, այնպես էլ՝ բանտ»: Այժմ Աշոտ Սարգսյանը նոր գրություն է պատրաստում՝ խնդրելով պարզաբանել, թե մինչեւ 2004-ի ապրիլի 28-ը ի՞նչ հիմքով էին նրանց պահում այնտեղ, եւ այդ երկուսից բացի՝ քանի՞ ցմահ ազատազրկման դատապարտված կա «Երեւան-կենտրոն»-ում: Մեր կողմից նշենք, թե ակնհայտ է, որ ահաբեկիչ եղբայրների համար ապահովում են պահման արտոնյալ պայմաններ՝ ուշացումով ապահովելով դրանց իրավական հիմնավորումը: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել