Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն սահմանափակել է ասպիրանտական տեղերի թիվը

Հուլիս 02,2004 00:00

ՌԴ-ն սահմանափակել է ասպիրանտական տեղերի թիվը ԿԳ նախարար Սերգո Երիցյանը որեւէ տեղեկություն չունի նախագահի վերահսկողական վարչության մասնագետների՝ նախարարությունում իրականացրած ստուգումների ընթացքի, առավել եւս՝ արդյունքների մասին: Իսկ հարցին, թե արդյոք դրանք ավարտվել են, նախարարը մեզ հետ զրույցում պատասխանեց. «Կարծես թե՝ էլ չեն գալիս: Բայց դա չի նշանակում, որ նրանք ավարտել են ստուգումները: Իրենք վերլուծություն կանեն եւ սպասում եմ, որ տեղյակ կպահեն: Եթե ես դիմեմ, կմտածեն, թե ես շատ եմ հետաքրքրված այդ արդյունքները շուտ իմանալու: Հուսամ, որ տեղյակ կպահեն»: «Իսկ ի՞նչ ստուգումներ են դրանք եւ ի՞նչ կասկածներ են դրդել վերահսկողականին՝ նախարարությունում ստուգումներ անցկացնելու» հարցին Ս. Երիցյանը պատասխանեց՝ «Իրենց հարցրեք: Իրենք էլ են հետաքրքրվում այս խնդիրներով»: Իսկ խոսքը միջպետական համաձայնագրերի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության հետ իրականացվող ծրագրի մասին է: Ըստ այդ ծրագրի, ՀՀ ԿԳ նախարարությունը մրցույթ է անցկացրել ուսանողական եւ ասպիրանտական տեղերի համար (ընդհանուր թվով՝ 95 տեղ): Առաջին մրցույթի արդյունքում թափուր է մնացել 13 տեղ, 2-րդից հետո ձեւավորվել է հետեւյալ կազմը. 45 ուսանողական, այդ թվում՝ 3 կլինօրդինատուրայի եւ 9 մագիստրական տեղ: Ասպիրանտուրայի համար նախարարությունն առաջարկել է 49 տեղ: Նախարարությունն իհարկե չի անցել պահանջվող ուսանողների թվի սահմանը, սակայն ուսանողական թափուր տեղերի հաշվին առաջարկել է ասպիրանտներ: ՌԴ կրթության նախարարությունն էլ, մեկ օր առաջ ՀՀ ԿԳՆ-ին հղած իր նամակում մերժել է առաջարկը՝ խիստ կրճատելով առաջարկված ասպիրանտական տեղերի թիվը: «Մենք ուղարկել ենք ընդհանուր քվոտայով, բայց երեւի ի վիճակի չեն այդքան ասպիրանտ սովորեցնելու: Մենք ընդհանուր քվոտայի մեջ տեղավորվել ենք: 35 տեղ պակաս է ուսանողականում՝ պակաս ենք ներկայացրել ուսանողականը, ավելի մյուսները»,- ասում է Ս. Երիցյանը: Արդյունքում՝ ՌԴ ԿԳ նախարարությունը առաջարկված 9 պոտենցյալ մագիստրոսներից թողել է 4-ին, եւ 49 ասպիրանտներից՝ 15-ին: Եվ «փաստի առաջ կանգնած» ուսանողներն էլ այս օրերին նախարարությունում բողոքի ակցիա են բարձրացրել: «Ես ինչ կարող եմ անել, եթե ունեմ ռուսական կողմի նամակը»,- այս առիթով ասում է նախարարը: Ի դեպ, մի հանգամանք: Բոլոր առաջարկված թեկնածուների 90 տոկոսից ավելին տղաներ են: 49 ասպիրանտի թեկնածուներից միայն 4-ն են աղջիկ եղել, իսկ ներկայիս 15-ից՝ 2-ը: Ի դեպ, Սերգո Երիցյանը մեզ ներկայացրեց նաեւ ասպիրանտի թեկնածուների առաջադիմության մասին տվյալներ: Ըստ դրանց, միայն 15-ն են բացարձակ գերազանցիկ, մնացածներից 18-ի բնութագիրն այսպիսին է՝ գերազանց-լավ-բավարար, իսկ 13-ինը՝ գերազանց-լավ: Իսկ նախագահի վերահսկողության վարչությունն առաջիկայում կամփոփի եւ կպարզի, թե ինչպես պատահեց, որ Ռուսաստանում ասպիրանտական տեղերի համար առաջադրվում են նաեւ բավարար գնահատական ունեցողները: Կամ՝ ինչպես է հետաքրքիր զուգադիպությամբ առաջարկվող թեկնածուների գերակշիռ զանգվածը կազմվում արական սեռի ներկայացուցիչներից: Մեր տեղեկություններով, նախագահականի վերահսկողության վարչությունը, մեղմ ասած, թերություններ է գտել նաեւ ուսանողական տեղերի բաշխման պարագայում: Այսպես՝ դիպլոմավորված մասնագետ դառնալու համար առաջադրվել է շրջանավարտ, որ անգամ ռուսերենի բավարար իմացություն չունի: Մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել