Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒԴԱՆ ԻՆՔԴ ԵՍ

Հուլիս 07,2004 00:00

ՀՈՒԴԱՆ ԻՆՔԴ ԵՍ «Ես շա՜տ մեծ ցավ ապրեցի,- Սիլվա Կապուտիկյանի հասցեին Արտեմ Հարությունյանի նետած՝ «միջին շնորհքի տեր, ջոկատավարական բանաստեղծություններով» եւ այլ որակումների առնչությամբ,- ասաց կոմունիստ, ԱԺ նախկին պատգամավոր Խորեն Սարգսյանը: – Առավել մեծ ցավ ապրեցի, երբ լսեցի, թե «Առավոտ» հեռուստաընկերությամբ նա ինչպես էր մեկնաբանում իր դիրքորոշումը: Նման որակումներ չէի սպասում հայ տղամարդուց կնոջ հասցեին: Ոչնչությո՜ւն անվանել, այն էլ՝ Սիլվա Կապուտիկյանի՜ն, որն արժանիորեն վաստակել է Ամենայն հայոց բանաստեղծուհու տիտղոսը… Եվ այն մարդն է նման գնահատականներ տալիս, որ չունի փոքրիշատե արժեքավոր ու հիշարժան որեւէ բանաստեղծություն: Առաջին անգամ նրան տեսանք, երբ հեռուստատեսությամբ կարդում էր իր՝ «Հուդայի արձակուրդը» գրքից: Այժմ հենց ինքն է կատարում Հուդայի դերը: Խոսում էր 1937 թվի մասին, եւ իր պահվածքից կասկածներ ունեցա, թե 1937-ին աքսորվածների ճակատագրում իր պապի մատը հաստատ խառը կլինի: Նման բաները փոխանցվում են գենետիկորեն, եւ կուզենայի, որ մեկնումեկը տնտղեր արխիվները՝ ստուգելու համար այս կասկածս: Սիլվա Կապուտիկյանը հայ ժողովրդի համար մեծ արժեք է: Եվ երբ այժմ նրան անվանում է «նոմենկլատուրային բանաստեղծ», թող իմանա, որ խորհրդային տարիներին Կենտկոմը երկու տեղից էր զգուշանում՝ Գրողների միությունից եւ ԵՊՀ-ից: Նրանց՝ անգամ կուսակցական ժողովների ընթացքում Կենտկոմը լարված վիճակում էր եւ սպասում էր, թե էլի ի՞նչ քննադատություն է հնչելու: Ցավոք, այդ կառույցներում այսօր գտնվել են մարդիկ՝ հարությունյանների նման, որոնք իրենց մի պարսատիկի հաճայի համար կարող են ոչնչացնել մի ամբողջ անտառ»: Խորեն Սարգսյանը համամիտ էր այն տեսակետին, թե Արտեմ Հարությունյանն իր այս քննադատությամբ ուղղակի քաղաքական ծառայություն է մատուցում իշխանությանը. «Այդ մարդուն լսելով՝ տեսա, թե ինչպես է դրսեւորվում ստրկամոլությունը: Եվ ինչ է՝ պետական մրցանակ է ստացել, ուզում է մուր քսել այն մարդու վրա, ով շատ բարձր է իրենից, ուստի հնարավոր չէ: Ռոբերտ Քոչարյանին Ստրասբուրգում ունեցած իր ելույթի համար նա անվանեց Սասունցի Դավիթ: Այդ դեպքում ի՞նքն ով է, գուցե Վերգո՞ն՝ հայտնի մականունով»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել