Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՐԵԼԻ՞ Է

Հուլիս 07,2004 00:00

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՐԵԼԻ՞ Է Մեր երկրում նրանց ամեն ինչ կարելի է Հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Սասունցի Դավթի արձանի մերձակայքում գտնվող «Եվրոֆուտբոլ» ակումբի մոտ գլխի շրջանում ստացած հրազենային վերքերով «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 33-ամյա Աշոտ Վասիլյանը՝ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության օպեր-լիազոր, ոստիկանության գնդապետ, նախկինում Էրեբունի ՆԳ բաժնի պետ Ալեքսանդր Վասիլյանի որդին։ Ի դեպ, ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հիշյալ ակումբը պատկանում է հենց Ա.Վասիլյանին եւ նրա ընկերոջը: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Ա. Վասիլյանի գլխին հրազենից վնասվածքներ էր հասցրել Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանի քրոջ որդին՝ Արման Բադալյանը՝ վարչապետի կողմից թաղապետի որդուն՝ Դավիթին նվիրած զենքով։ Նույն օրը քրգործ է հարուցվել, որը գտնվում է ՀՀ Գլխավոր դատախազության վարույթում: Ա. Բադալյանը, կամովին ներկայանալով, խոստովանել էր, որ ինքն է կրակել: Նրան կալանավորել են, իսկ Ա. Վասիլյանն ավելի ուշ դուրս է գրվել հիվանդանոցից: Օրեր անց հայտնի դարձավ, որ միջադեպին ականատես չորս երիտասարդների բերման են ենթարկել Էրեբունու ՆԳ բաժին եւ պատանդ պահել ավելի քան 10 օր՝ առանց որոշակիացնելու նրանց կարգավիճակը: Ասում էին, թե, իբր, դա արվել է Մ. Սեդրակյանի պատվերով: Իսկ միջադեպը, մեկ այլ վարկածով, սկսվել է «Եվրոֆուտբոլ» ակումբում Ա. Վասիլյանի եւ այսօր որպես վկաներ հանդիսացող 4 երիտասարդների միջեւ, որն այնուհետ ծավալվել եւ դուրս էր եկել ակումբի պատերից, տեղափոխվել հարակից բնակելիների բակ՝ վերածվելով հայհոյանքախառն քաշքշուկի, ծեծուջարդի: Մեր տեղեկություններով՝ այդ պահին Մ. Սեդրակյանի քրոջորդին, որն ապրում է այդ տներից մեկում, դուրս էր եկել փողոց օդակայան գնալու՝ ինչ-որ մեկի դիակը դիմավորելու: Տեսնելով քաշքշուկը, մոտեցել է՝ կռիվը թույլ չտալու, որովհետեւ ինքը տպավորություն է ունեցել, թե գողական «ռազբորկա» է: Բանավեճն այս անգամ սկսվել է Ա. Վասիլյանի, վերջինիս ընկերներից մեկի, որն, ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ դարձյալ իրավապահ մարմինների աշխատակից է եղել, եւ Ա. Բադալյանի միջեւ: Թեժ վեճի ժամանակ Ա. Վասիլյանն ընկերոջը հրահանգել է զենքը բերել, ընկերը վազելով գնացել է զենքի ետեւից: Ա. Վասիլյանի կողմից, որն, ի դեպ, սկսված կռվի ժամանակ ոչ միայն ոստիկանի համազգեստով չի եղել, այլեւ չի էլ ներկայացել որպես իրավապահ, Ա. Բադալյանին ուղղված սեռական բնույթի հայհոյանքից հետո վերջինս իրեն պատկանող «Իժ» տեսակի տաբելային ատրճանակով մի անգամ օդ է կրակել, մի անգամ գետնին, ատրճանակի կոթով էլ փորձել է խփել Ա. Վասիլյանի գլխին, բայց ձեռքը սահել, կպել է Ա. Վասիլյանի ուսին, եւ արձակված կրակոցը դիպել է Ա. Վասիլյանի գլխին: Որքանով է այս վարկածն ավելի իրական, կպարզի դատաքննությունը: Էրեբունու թաղապետի ասելով՝ ինքն իմանալով կատարվածի մասին, քրոջորդուն հանձնել է իրավապահներին: «Ինքն է արել եւ իր արածի համար պետք է պատասխան տա»,- մեր զրույցի ժամանակ ասաց Մ. Սեդրակյանը: Ինչ վերաբերում է վերջինիս որդուն վերաբերող շրջանառվող տեղեկություններին եւ այն վարկածներին, թե վկա հանդիսացող 4 երիտասարդներին Էրեբունու ոստիկանությունում պահել են հենց Մ. Սեդրակյանի հրահանգով՝ նրանցից ցուցմունքներ կորզելու համար, Մ. Սեդրակյանն այդ խոսակցությունները մտացածին որակելուց զատ, ասաց. «Ինձ համար որեւէ նշանակություն չունի՝ այդ 4-ին պահե՞լ են, թե՞ չէ: Ինչ վերաբերում է իմ որդուն, ապա՝ նույնիսկ ոստիկանությունում նրա անունը չի շոշափվել: Նա որեւէ առնչություն չունի այդ միջադեպի հետ: Իմ տղան ունի իր՝ «ՏՏ» մակնիշի տաբելային զենքը, որն իրեն նվիրել են, եւ որը գտնվում է իր մոտ, իսկ միջադեպը տեղի է ունեցել Արմանին պատկանող տաբելային զենքով, որից կրակոցն արձակել է Արմանը: Իմ տղան 20 տարեկան է, այդ ժամին ի՞նչ գործ ուներ կայարանում: Այդ տեղեկություններն ընդամենն ինձ վարկաբեկելու միտում ունեն: Մարդիկ մտածում են, թե Մ. Սեդրակյանն ամենակարող է եւ կարող է նույնիսկ նման գործեր կարգավորել: Իրականում կարգավորելու որեւէ խնդիր չկա, կատարվածը սրբագրել հնարավոր չէ: Եղել է այն, ինչ եղել է, եւ ով մեղավոր է՝ նա էլ պետք է պատասխան տա: Բայց ոստիկանությունն էլ իր արածի համար պետք է պատասխան տա: Հո մենակ իմ քրոջ տղան չէ: Ոստիկանն էլ պարտավոր էր ներկայանալ, եւ գուցե դեպքերն այդ պարագայում այլ ընթացք ստանային: Այդ դեպքում Արմանն էլ գուցե չմիջամտեր, որովհետեւ քաշքշուկից ինքն էլ է տուժել՝ դեմքին եւ թեւին վնասվածքներ ունի: Կարծում եմ, առաջինն իրենք՝ ոստիկաններն են մեղավոր եղել: Ի դեպ, օպեր-լիազոր Ա. Վասիլյանն էլ իմ ընկերոջ՝ Ալ. Վասիլյանի տղան է: Ես այդ գործին չեմ միջամտել եւ չեմ միջամտելու: Չափահաս տղա է, թող գնա՝ իր արածի համար պատասխան տա: Գլուխը պատովն է տվել, որ արել է: Հիմա եղածը եղած է, ստացվել է, թեեւ ես գիտեմ, որ ինքն այդ մարդը չէր»: Ի դեպ, տարածված մեկ այլ վարկածի համաձայն՝ միջադեպին վկա 4 երիտասարդներին Էրեբունու ոստիկանությունում պահել եւ ծեծի են ենթարկել հատկապես ոստիկանության 6-րդ վարչության պետի՝ Աշոտ Գիզիրյանի հրահանգով՝ փորձելով կորզել հատկապես այդ վարչության աշխատակից Ա.Վասիլյանի օգտին խոսող ցուցմունքներ: Այս գործը իրավապահների համար, թերեւս, «ուսադիրների» պաշտպանության խնդիր է: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել