Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմպիոնների ակումբ»՝ Հայաստանում

Հուլիս 07,2004 00:00

«Չեմպիոնների ակումբ»՝ Հայաստանում Հուլիսի 3-ին Փի-Էմ-Ար-Էյ-ը Երեւանի պատմական շինություններից մեկում (Ամիրյան 4/16) հանդիսավոր արարողությամբ բացեց միջազգային ձիարշավի գրազադրման իր առաջին կետը՝ «Չեմպիոնների ակումբը»: Առաջին անգամ Հայաստանում ձիասպորտի սիրահարներին հնարավորություն կընձեռվի ուղիղ հեռարձակմամբ դիտելու միջազգային ձիարշավներից լավագույնները, կատարել գրազադրումներ իրական ժամանակի կտրվածքով եւ շահել: Փի-Էմ-Ար-Էյ-ի գլխավոր տնօրեն Էմիլ Շտրունցի խոսքերով, խաղասերները նույն օրը կարող են Երեւանից գրազադրում կատարել հարավաֆրիկյան, անգլիական, շվեդական ձիարշավարաններում, առանց հազարավոր մղոններ կտրելու եւ հասնելու Քեյփթաուն, Նյուքասլ կամ Օստերսունդ: Իսկ որ ամենագլխավորն է, հայ գրազադրողների խաղագումարները միանալու են Հարավային Աֆրիկայի, Անգլիայի եւ Շվեդիայի ընդհանուր շահումային ֆոնդերին, ինչն էլ, Է. Շտրունցի հավաստմամբ, խոշոր շահումների հնարավորություն կընձեռի: «Չեմպիոնների ակումբի» շնորհանդեսին մասնակցելու էին եկել բազմաթիվ հյուրեր, որոնց թվում էին Հայաստանում Լիբանանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժեբրայիլ Ժաարան, լիբանանցի գործարար, Փի-Էմ-Ար-Էյ-ի նախագահ Փիեր Ֆաթուշը, որին էլ տրվեց գերժամանակակից տեխնիկայով հագեցած ակումբի կարմիր ժապավենը կտրելու պատիվը: Ողջունելով բոլոր ներկաներին, պարոն Շտրունցը հավաստիացրեց, որ ակումբի հիմնական նպատակը մարդկանց զվարճություն եւ հաճույք պատճառելն է, ինչպես նաեւ մեր երկրում ձիասպորտի զարգացմանը խթանելը: Հետո ակումբի տնօրենը մանրամասն ներկայացրեց գրազադրման կանոնները: Նրա մեկնաբանմամբ, «Չեմպիոնների ակումբում» օպերատորը չեզոք է եւ ի տարբերություն բուքմեյքինգի՝ շահադրույքին չի միջամտում: Ի դեպ, «Չեմպիոնների ակումբը» Անդրկովկասում միակն է եւ յուրաքանչյուր ոք կարող է դրան միանալ առանց անդամավճարի: Պետք է միայն գալ եւ ուղիղ եթերով մասնակցել ձիարշավին: Շահած գումարները տրվում են ձիարշավն ավարտվելուց անմիջապես հետո: Բացման արարողությունից հետո հյուրերն ակումբում առաջին անգամ գրազադրումներ կատարեցին: Փի-Էմ-Ար Էյ-ը, բացի այն, որ պատրաստվում է ընդլայնել գրազադրման ցանցը, նաեւ ծրագրել է Հայաստանում ներդրում ունենալ՝ աջակցելով մանկատներին: Ակումբի տնօրենի հավաստմամբ, իրենք մտադիր են մանկատան երեխաներին ձիավարություն սովորեցնել: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել