Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԻՍՏԵՐԻԱՅԻ ՄԵՋ ՊԵՏՔ ՉԷ ԸՆԿՆԵԼ»

Հուլիս 08,2004 00:00

«ՀԻՍՏԵՐԻԱՅԻ ՄԵՋ ՊԵՏՔ ՉԷ ԸՆԿՆԵԼ» Էդինբուրգից խորհուրդ է տալիս Վահան Հովհաննիսյանը Այս օրերին Էդինբուրգում ընթանում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը, որի ժամանակ լսվեց ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերի զեկույցը՝ ԼՂՀ հակամարտության վերաբերյալ։ ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «Առավոտին» տված հեռախոսային հարցազրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց զեկույցի եւ Էդինբուրգում տիրող մթնոլորտի մասին։ – Ադրբեջանական «Զերկալո» թերթը, հղում կատարելով Ադրբեջանի պատվիրակության անդամ Սաթար Սաֆարովին, ասել էր, թե Լենմարկերի զեկույցում նշված է «գրավյալ տարածքների ազատագրման» անհրաժեշտության, դրանց ականազերծման եւ փախստականների մասին։ Իրականում ի՞նչ կար այդ զեկույցում։ – Փաստաթուղթը ես կգնահատեի որպես բարի ցանկությունների, կոնֆլիկտի շուտափույթ լուծման ցանկությամբ լեցուն փաստաթուղթ, որտեղ միայն մեկ կետով խոսվում է Ղարաբաղը շրջափակող տարածքների մասին, եւ օգտագործված է «օկուպանտ» բառը, բայց ենթատեքստը ավելի շատ ականազերծմանն է վերաբերում։ Խոսքն այն մասին է, որ այդ տարածքները պետք է ազատվեն եւ ականազերծվեն։ Բայց չի խոսվում, թե ո՞ւմ կողմից ո՞ւմ տարածքը գրավելու մասին է, այսինքն՝ դա վերաբերում է նաեւ ԼՂՀ տարածքներին, որոնք գրավված են ադրբեջանական զորքերի կողմից։ Այսինքն՝ այդ կոնտեքստը այսպիսի ընթերցում հանգիստ թույլ է տալիս, ինչը եւ մենք անում ենք։ Երկրորդ կարեւոր հատկանիշն այն է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն հասկացությունը ընդհանրապես հիշատակված չէ այդ փաստաթղթում, ինչը ադրբեջանցիների որոշ մտահոգությունը եւ ջղայնությունը առաջացրեց։ Փաստորեն, զեկույցը չի հնչել, պատգամավորներին չի բաժանվել։ Ներկայացվել է երեք րոպեանոց բանավոր, ընդհանուր զեկույց այն մասին, որ աշխատանքն սկսված է եւ շարունակվում է։ Պրն Լենմարկերն առաջարկում է ադրբեջանական եւ հայկական պատվիրակությունների հանդիպման երկրորդ փուլը կազմակերպել Բրյուսելում, աշնանը։ Նա հայտարարեց, որ դրանից առաջ վերջնական զեկույց ներկայացնել չի կարող։ Այն, ինչ ներկայացված է, կատարված աշխատանքի վերաբերյալ է եւ ոչ թե կոնֆլիկտի։ Գիտեք, որ Ղարաբաղի եւ Հայաստանի իշխանությունները բազմիցս առաջարկել են միջազգային դիտորդական խմբերին այցելել Հայաստան, Ղարաբաղ, այնտեղ մոնիտորինգներ անել՝ ադրբեջանական մեղադրանքները ուսումնասիրելու համար՝ կապված թրաֆիքինգի, նարկոթրաֆիքինգի, զենքի վաճառքի եւ այլնի հետ։ Կարծես թե մենք այստեղ մթնոլորտը հասունացրել ենք, որ նման առաջարկը ընդունվի։ – Ադրբեջանական կողմն ինչպե՞ս ընդունեց Լենմարկերի զեկույցը։ – Մինչ այդ զեկույցի հրապարակումը՝ մենք հանդիպել էինք ադրբեջանցիների հետ՝ Լենմարկերի գլխավորությամբ, որի ժամանակ ադրբեջանցիները նորից սկսեցին երգել հին երգերը։ Իբր, իրենք ՄԱԿ մտել են մի տարածքով, հիմա ուրիշ տարածք ունեն եւ այլն, որոնք, իհարկե, շատ հեշտ ջախջախվող փաստարկներ են, ինչը եւ մենք արեցինք։ Լիագումար նիստի ժամանակ ադրբեջանցիները չփորձեցին նույնը կրկնել։ – Գյորան Լենմարկերի զեկույցի կամ դրա այն հատվածի վրա, որը ներկայացվեց ԵԱՀԿ ԽՎ լիագումար նիստում, ինչպե՞ս էր ազդել Լենմարկերի այցը Ղարաբաղ։ Արդյո՞ք այդ այցը որեւէ ազդեցություն ունեցել էր զեկույցի հիմնական շեշտադրումների վրա։ – Իհարկե, Ղարաբաղ կատարած իր այցը եւ այնտեղ տեղի ունեցած հանդիպումները, հատկապես՝ փախստականների հետ, փաստորեն չեզոքացրել էին Սաբիրաբադում (Ադրբեջանում է) փախստականների հետ իր հանդիպումից ստացած տպավորությունը։ Գյորան Լենմարկերը հասկացել էր, որ փախստականների հարցում գոյություն ունի որոշակի հավասարություն։ – «Գրավյալ տարածքների» հարցը որքանո՞վ է քննարկվել եւ ներկայացվել Էդինբուրգում եւ որքանո՞վ է այն վտանգավոր Հայաստանի համար։ – Նախ այդ տերմինը առաջին անգամ չի հնչում, եւ հիստերիայի մեջ պետք չէ ընկնել։ Առաջին անգամ չէ, որ այդ տարածքների մասին միջազգային կարծիքը այդ տերմինն է օգտագործում։ Ի՞նչ ունենք զարմանալու, առաջին անգա՞մ ենք լսում այդ տերմինը։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝ ԼՂՀ-ի վերադարձի մասին Ադրբեջանի կազմում, նման բաների մասին ընդհանրապես խոսք չի գնում։ Մենք կարո՞ղ ենք, չէ՞, սա համարել առաջընթաց։ Իսկ թե այդ տարածքները ինչպե՞ս են կոչվում, Հայաստանի պաշտոնական տեսակետը բավականին զգուշավոր է այդ հարցում։ Այսինքն՝ այդ տարածքների («անեքսիայի») բռնազավթման մասին Հայաստանը երբեք հայտարարություն չի արել, Ղարաբաղը անգամ հայտարարություն չի արել։ Բանակցությունների իմաստը հենց այն է, որ այդ տարածքները մնան բանակցությունների վրա որպես խաղաքարտ։ Ինչո՞ւ ենք զարմանում, որ միջազգային կարծիքը դրան այդպիսի որակում է տալիս։ Իսկ ո՞նց անվանեն։ – Այլ երկրների պատվիրակները ինչպե՞ս ընդունեցին Լենմարկերի ելույթը։ – Ադրբեջանը հստակ ալյանսի մեջ է Թուրքիայի եւ Վրաստանի հետ։ Բոլոր հարցերում նրանք փոխհամաձայնեցված են գործում։ Մենք ունենք մեր կապերը մեր դաշնակիցների հետ, որոնք ոչ միայն ԱՊՀ երկրներից են, կան նաեւ ՆԱՏՕ-ի որոշ երկրներ։ Բայց քանի որ այդ զեկույցը ավելի շատ աշխատանքի պրոցեսին էր վերաբերում, ընդունվեց հանգստությամբ, սառնասրտությամբ եւ առանց որեւէ մեկնաբանության։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել