Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵՄԱ՝ ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐՈՎ

Հուլիս 30,2004 00:00

ԹԵՄԱ՝ ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐՈՎ Մեր թերթի տասնամյակի առիթով «Առավոտի» աշխատակիցները հաճախ են հիշում իմ պնդումն այն մասին, որ պետք է կարճ գրել եւ նույնիսկ Շեքսպիրի «Համլետը» հնարավոր է շարադրել մի քանի նախադասությամբ: Փորձեցի պատկերացնել, թե ինչպես են դա անելու մեր լրատվամիջոցները՝ վստահ լինելով, որ այնտեղ աշխատող մեր գործընկերները դա կընդունեն որպես անկեղծ հարգանքի նշան՝ նրանց բոլորի նկատմամբ: «Առավոտ». Երեկ, ուշ երեկոյան, Դանիայի արքունիքում տեղի ունեցավ «ռազբորկա»՝ իշխանության տարբեր թեւերը ներկայացնող պալատականների միջեւ: Կան վիրավորներ եւ մահացածներ, այդ թվում՝ թագավորը, նրա կինը, արքայազնը եւ իշխան Լաերտը: Նախնական վարկածի համաձայն, ողբերգության պատճառն այդ պալատականների միջեւ բարդ անձնական հարաբերություններն էին: Դատախազության մամլո խոսնակ Գուրգեն Ամբարյանը խոստացավ այդ ամենի մասին տեղեկատվություն տարածել մոտակա 2-3 շաբաթների ընթացքում: «Առավոտը» հավատարիմ մնալով օբյեկտիվ լրագրության իր որդեգրած չափանիշներին՝ դեպքի կապակցությամբ ներկայացնում է երկու հակադիր կարծիքներ: Մեր խնդրանքով մեկնաբանելով կատարվածը՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ այդ սպանությունները վկայում են տարածաշրջանում Ռուսաստանի դերի նվազեցման եւ ՆԱՏՕ-ի հզորացման մասին: Նրա հետ համաձայն չէ արիական միաբան Արմեն Ավետիսյանը՝ գտնելով, որ այդ իրադարձությունները պետք է դիտել Հայաստանի դեմ մասոնասիոնիստական դավադրության համատեքստում: «Արմենիա». Վերջերս տեղական մամուլում կարդացի, թե իբր ինչ-որ Դանիա երկրում ինչ-որ արքայազն ուզում է թագավորից իր հոր վրեժը լուծել: Բա եղա՞վ, ա՛յ սիրելիներս: Ի՞նչ Դանիա, ի՞նչ արքայազն: Բա դուք չգիտե՞ք, որ աշխարհում Հայաստանից բացի՝ ուրիշ երկիր չկա, Քոչարյանից բացի՝ ուրիշ թագավոր չկա ու երբեք չի էլ լինի եւ Հայ Դատից բացի՝ ուրիշ խնդիր չկա: Հա~, մեկ էլ կան թուրքերը, որոնք մեր դարավոր ոսոխն են: Ա՛յ հարգելիներս, մի՞թե այդ տարրական ճշմարտությունները ե՛ս՝ քաղաքական մեկնաբան Ռաֆիկ Հովհաննիսյանս, պետք է ձեզ բացատրեմ: «Հայոց աշխարհ». Արմատական կոչվող հոգեկան հիվանդներն ու անմեղսունակ դեբիլները նորից իրենց զազրելի գործն արեցին՝ արյունոտ սպանդ կազմակերպելով Դանիայի արքունիքում: Անզեն աչքով երեւում է, որ այդ հանցագործությունից գալիս է ընդդիմադիր կոդլի կղկղանքի նողկալի գարշահոտությունը: Մեր թղթակցի հետ զրույցում ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը հաստատեց այդ ենթադրությունը՝ հավելելով, որ իր հետախուզական եւ գործակալական տվյալներով, այդ ամենի հետեւում կանգնած են ամերիկյան դիվերսիոն կենտրոնները՝ անձամբ պրն Լեդսկու ղեկավարությամբ: «Չորրորդ իշխանություն». Քոչարյանի ապօրինի վարչախումբը դատապարտված է: Դրա վառ ապացույցն այն է, որ արդեն 7 տարի է, ինչ Աղվան Հովսեփյանի եւ ղարաբաղյան կլանի համառ ջանքերով չի բացահայտվում արքայազն Համլետի հոր սպանությունը: Մինչդեռ այդ «առեղծվածի» լուծումը ավելի քան պարզ է: Ինչպես Ֆրանսիայից հաղորդում է նախկին քաղբանտարկյալ եւ հայտնի իրավապաշտպան Վահագն Ղուկասյանը, իր կատարած լրագրողական հետաքննությունը անվիճելիորեն վկայում է. թագավորի ականջի մեջ թույն էին լցրել Ռոբեր եւ Սերխիո անուններով նորվեգացի ռամիկները: «Իրավունք». Շաբաթվա ընթացքում առավել զարմանահրաշ վարք է դրսեւորել Դանիայի արքայազն Համլետը, որը տարիներ առաջ մահացած մի դերասանի գանգը բռնելով՝ անընդհատ երկմտում էր. «Լինե՞լ, թե՞ չլինել»: Ա՜յ քեզ բան, Համլետը երեւի աշխարհում միակ մարդն է, որը չգիտի, թե այդ հարցը վաղուց արդեն լուծված է՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի պատմական որոշմամբ: «Ազգ». Երեկ հայերի համաշխարհային առաջնորդ Արա Աբրահամյանն ընդունել է Դանիայի գործող թագավոր Կլավդիոսին՝ վերջինիս խնդրանքով: Հայերի առաջնոդը՝ ի պատասխան Կլավդիոսի բազմաթիվ դիմումների, համաձայնեց մարդասիրական օգնություն ցուցաբերել թագավորությանը եւ կարգավորել Կլավդիոսի եւ խորթ որդու միջեւ ծագած խնդիրները: Փոխարենը Կլավդիոսը խոստացավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Արա Աբրահամյանին ճանաչել Տիեզերքի առաջնորդ, ինչպես նաեւ Կոպենհագենն ու Մալիշկան հռչակել քույր գյուղեր: «Հայլուր». «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային հեղինակավոր կազմակերպության տվյալներով՝ արքունիքում սպանությունների թվով Հայաստանը 168 երկրներից զբաղեցնում է 84-րդ պատվավոր տեղը՝ շրջանցելով Լեսոտոն, Տոգոն եւ Սեյշելյան կղզիները։ Փորձագետները նշում են, որ այդ զգալի առաջընթացը ձեռք է բերվել հատկապես 1998 թվականից հետո։ «Հայկական ժամանակ». «ՀԺ»-ին հասած խիստ հավաստի տեղեկությունների համաձայն, Դանիայի արքունիքում մոտ օրերին սպասվում են կադրային լուրջ տեղաշարժեր: Իր ընդդիմադիր կեցվածքով հայտնի արքայազն Համլետը աքսորվելու է Անգլիա՝ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու նպատակով: Նրա տեղն է զբաղեցնելու Կլավդիոս արքայի առանձին բարեհաճությունը վայելող իշխան Լաերտը: Տեղեկություններ կան նաեւ, որ Դանիայի պետբյուջեի հաշվին արքունիքի համար ձեռք է բերվել երկու արաբական նժույգ՝ $200 հազար եւ $300 հազար արժողությամբ: ԱԼՄ /Ստեփանավանի շրջանի Գյուլագարակ գյուղի մի խումբ մտավորականների ասմունքը/. Յարս եկավ՝ պուպուշ-պուպուշ, Սիրտս կերավ՝ անուշ-անուշ, Ախ, Օֆիկ ջան, գյոզալ աղջիկ, Դու կմնաս՝ որպես ղուշ: Կարապե՛տիչ, մտքիդ ղուրբան, Խալխի նոքյար, խելքի ծով, Էլ ի՞նչ Շեքսպիր, էլ ի՞նչ Կռիլով, Դո՛ւ ես ազգի պահապան: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Հ. Գ. Հաջորդ համարում կներկայացնենք, թե ինչպես են նույն թեման զարգացնելու «Առավոտի» լրագրողները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել