Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կառուցեք, բայց՝ ոչ բնակիչների հաշվին

Օգոստոս 26,2004 00:00

Արդեն
մեկ ամսից ավելի է՝ Զավարյան 64 շենքի բնակիչներս բողոքում ենք 30 տարվա
կանաչապատ մեր բակում առեւտրի սրահի կառուցման դեմ, սակայն՝ ապարդյուն։
Մինչ օրս ոչ քաղաքապետարանից, ոչ դատախազությունից, ոչ նախագահի վերահսկողական ծառայությունից, ոչ հասարակական կազմակերպություններից մեր դիմումներին պատասխաններ չեն ստացվել։ Մեր շենքի լիազոր-ներկայացուցչին քաղաքապետարանի աշխատակիցը պատասխանել է, որ դա քաղաքային ենթակայության հողատարածք է եւ իրավունք ունեն վաճառել։ Սակայն ոչ մի հիմնավորում դրա համար չի ներկայացրել։ Այդ տարածքը աճուրդով տրամադրվել է առեւտրի սրահի կառուցման նպատակով։ Սակայն մոտակայքում սննդային եւ ապրանքային երկու մեծ շուկա կա, տարածքը հագեցած է փոքր ու մեծ առեւտրային կետերով։ Շենքի բնակիչներից շատերիս համար ամառվա շոգ օրերին բակի փոքրիկ պուրակը փրկություն է։ Ամեն առավոտ բակի փոքրիկները, ազատամարտիկ Վահե Ռաֆյանի գլխավորությամբ, ջրում են ծառերը, մաքրում կանաչապատ տարածքը։ Մի՞թե առանց այն էլ խաղահրապարակ չունեցող փոքրիկներին կարելի է զրկել հրաշք պուրակից։ Ի վերջո, Հայաստանը վավերացրել է միջազգային կոնվենցիաներ, ստանձնել է բնությունը պահպանելու պարտավորություն թե՛ միջազգային հանրության, թե՛ սեփական ժողովրդի առջեւ։ Սխալ չէր լինի մեկ անգամ եւս վերհիշել քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքի 6-րդ հոդվածի դրույթները, համաձայն որոնց, նոր օբյեկտ կառուցելիս պետք է հաշվի առնվեն տարածքի բնակիչների կարծիքները։ Առանց այն էլ գրեթե բոլոր կանաչապատ տարածքները վերածվեցին շինությունների։ Մենք, իհարկե, դեմ չենք կառուցապատումներին, միայն ոչ կանաչ տարածքների հաշվին։ Կարծում ենք, աճուրդի որոշումը վերանայման խիստ կարիք ունի եւ մեր իշխանությունները որոշում կկայացնեն՝ ելնելով հանրային շահերից։

ԱՆԱՀԻՏ ՌՈՒԽԿՅԱՆ
շենքի բնակիչ
Հ. Գ. Վահե Ռաֆյանը (լուսանկարում) «Հետքի» թղթակցին հայտնել
է, որ արցախյան պատերազմում մի անգամ հաստ ծառն է փրկել իր կյանքը։ «Ես թաքնվեցի
այդ ծառի հետեւում ու բոլոր բեկորները մտան ծառի մեջ։ Պինդ ծառ էր, ինձ փրկեց,
ինքը քրքրվել էր։ Մի ուրիշ դեպք էլ է եղել: Նոյեմբերն էր, գիշերվա կողմը,
դիրքերից իջնում էինք Շուռնուխ (Գորիսի շրջան)։ Սկսեցին խփել տանկից ու ինչից
պատահի։ Իրենք ավելի լավ էին զինված, քան մենք։ Մտանք անտառ։ Մոտ կես ժամի
չափ խփում էին անտառին։ Անտառը ոչ թե միայն իմ կյանքն է փրկել, այլ շատերինը։
Այդ օրը ոչ մեկս չվիրավորվեցինք, ծառերը փրկեցին մեզ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել