Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՄԱՐԴՈՒՆ

Օգոստոս 26,2004 00:00

Նախնական կալանքը որպես պատժամիջոց

Այս թեմայով գրելու ցանկություն առաջացավ այն օրերին, երբ կալանավոր էի՝ դրսից մեկուսացած եւ որպես բախտակիցներիս ճակատագրում մի ընդհանուր բան հայտնաբերող:

«Հայաստանում ձերբակալված մարդիկ մեկուսարաններում ոչ պատշաճ վերաբերմունքի արժանանալու էական ռիսկի են ենթարկվում»: Ցավոք՝ սա մասնավոր կարծիք չէ, այլ՝ մի դրվագ Եվրոպական խորհրդի կտտանքների կանխարգելման կոմիտեի հրապարակած զեկույցից: Այս զեկույցի ոչ բարենպաստ շեշտերը շատ ավելի ցայտուն են դառնում, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի ոչ կատարյալ, «զանգի» կամ փողի թելադրանքով աշխատող դատախազադատարանային համակարգը կալանավորի կարգավիճակ կարող է «շնորհել» գործնականում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Աբսուրդը հաճախ հասնում է այնտեղ, որ, դիցուք, մինչեւ 3 տարի ազատազրկում նախատեսող հոդվածով մարդը կարող է նախնական կալանքի վիճակում հայտնվել վեց ամիս: Իսկ եթե քննիչը կամենա, նույնիսկ՝ մեկ տարի: Գոնե ես՝ իմ երկամսյա կալանքի ընթացքում, հանդիպել եմ մի այդպիսի «ծանր հանցագործի», որը առավելագույնը կարող էր դատապարտվել երեք տարի ժամկետով, սակայն խիստ «արդյունավետ» քննության շնորհիվ արդեն վեց ամիս նախնական կալանքի տակ էր՝ բախտի քմահաճույքին թողնելով կնոջը եւ չորսամյա որդուն: Մեկ այլ կալանավոր, որ առավելագույնը կարող էր դատապարտվել երկու տարով, նախնական կալանքի «համն ու հոտը» «ճաշակել» էր ամբողջ ինը ամիս: Այսպիսին է մեր դատաիրավական համակարգը, որն իր գլխավոր «առաքելությունը» համարում է մարդուն մեկուսացնելը: Եթե հանցագործ չես, ամիսների ընթացքում այդպիսին կդառնաս: Եթե հանցագործ ես, «կկատարելագործվես»: Իսկ ինձ թվում էր, որ պետության խնդիրը ոչ այնքան պատժելն է, որքան՝ ճիշտ ուղուց շեղված մարդուն կրկին հասարակություն վերադարձնելը, ընդ որում՝ վերստին «չորս պատերի թագավորություն» չվերադառնալու հեռանկարով: Նախաքննության փուլում մարդը պիտի մեկուսացվի, եթե դա հույժ անհրաժեշտ է: Այս առումով Հայաստանի գործող ՔԴՕ-ն, անշուշտ, ազատականացման կարիք ունի, որպեսզի հնարավորինս բացառվի թեթեւ եւ միջին հանցագործությունների համար ամբաստանվողների անիմաստ ու երկարատեւ մեկուսացումը հասարակությունից: Օրենքի հիմքում պետք է դրվի ոչ թե դատավորի կամ դատախազի կամայականությունը՝ պատժիչ ֆունկցիայի անխուսափելիությամբ, այլ՝ քննության բնականոնության ապահովումը, նաեւ՝ այն մարդու իրավունքը, որ դեռ միայն կասկածվում է եւ գործնական ու տեսական հնարավորություններ ունի ապացուցելու իր անմեղությունը դատարանում: «Հանուն Հայաստանի Հանրապետության»՝ մարդը, ի վերջո, կարող է ոչ միայն պատժվել, այլ նաեւ՝ արդարացվել:

Եվ վերջում եւս մեկ կարեւոր հանգամանքի մասին: Առնվազն տարօրինակ է, որ միջազգային եւ իրավապաշտպան կառույցները շարունակ խոսում են մեր դատախազության, դատարանների սուբյեկտիվ որոշումների, կոռումպացվածության մասին, սակայն մեկուսարաններ այցելում են՝ հիմնականում «քաղաքականներին» տեսակցելու: Մինչդեռ կարող են ոտնահարվել նաեւ թմրանյութ օգտագործողի կամ փաստաթուղթ կեղծողի իրավունքները, ընդ որում՝ ավելի շատ, եթե հաշվի առնենք վերջիններիս ճակատագրով մտահոգ շատ ավելի սահմանափակ մարդկանց առկայության հանգամանքը: Ասել կուզի, որ կալանավորը կալանավոր է՝ անկախ իր հասարակական դիրքից, եւ պետք է պաշտպանվի նրանցից յուրաքանչյուրի իրավունքը, որպեսզի օրինական նախաքննության եւ դատաքննության ավարտին «Հանուն Հայաստանի Հանրապետության» կայացվի արդար դատավճիռ:

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել