Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՈՐ ՆՐԱՆՑ ԵՐԵՍԸ ՉՏԵՍՆԵՆՔ

Օգոստոս 26,2004 00:00

Չորս հարյուր նույն համազգեստով մեծապատիվ մուրացկան է շրջում կամ, ավելի ճիշտ, դարանակալում Երեւանում:

Նրանց խմբերը ձեզ սպասում են օդանավակայանում՝ Հայաստան ժամանելիս եւ Հայաստանից մեկնելիս, խիտ երթեւեկության փողոցների յուրաքանչյուր երկու հարյուր մետրի վրա, խաչմերուկների եւ շրջադարձերի ետեւում: Նրանք ձեզ սպասում են օրվա յուրաքանչյուր ժամի եւ ամենաանկանխատեսելի վայրերում՝ հիշեցնելով Աստվածաշնչյան խոսքը՝ «Ոչ ոք չգիտի՝ երբ եւ որտեղ»:

Նրանք ստեղծել եւ բազում տարիներ հաջողությամբ գերակատարում են ՀՀ հարկային օրենքներում բացակայող անուղղակի հարկի իրենց համակարգը: Այդ հարկը առկա է վաճառվող մթերքների, բանջարեղենի, մրգերի, շինանյութի եւ այն ամենի վրա, ինչը տեղափոխվում է ավտոմեքենայով: Այն առկա է նաեւ ծառայությունների մեջ եւ շղթայաձեւ տարածվում է, որովհետեւ առավոտ կանուխ, հազար դրամ վճարելուց հետո, նրանք կփորձեն ետ բերել կորցրածը եւ իրենց տրամադրությունը փոխանցել իրենցից կախյալներին: Հարկի գումարի մոտավոր հաշվարկը դժվար չէ՝ կարելի է բազմապատկել նրանց քանակը օրական եկամտով, ամսվա օրերով եւ կստանաք կանխիկ եկամտի մի կլորիկ գումար, որից հրաժարվել մեր պետական այրերի համար նույնքան դժվար է, որքան ասենք՝ «օդի տուրքից»:

Իմաստազուրկ է ակնկալել, որ չարված խախտման դեմ ձեր գրավոր հայտարարությունով եւ հետագա քննարկման ընթացքում ներկայացվող փաստերով դուք կարող եք հաջողության հասնել: Ոչ ոք այդ համակարգում չի թքի այն ջրհորի մեջ, որից խմում է: Ուստի չարյաց փոքրագույնը միանգամից հինգ հարյուր կամ հազար դրամ խցկելն է, եթե, իհարկե, դուք ալկոհոլ չեք օգտագործել: Մի անհանգստացեք, եթե ձեզ մոտ խոշոր գումար է կամ տարադրամ: Նրանք տեղում կմանրեն կամ կփոխանակեն յուրաքանչյուր արժույթ՝ վերցնելով իրենց հասանելիքը: Անշուշտ, կարելի է հարցը ներկայացնել դատարանում, սակայն հարցի ներկայացման համար պետք է վճարեք պետական տուրք, փաստաբանի վճար (եթե չկարողանաք իրավաբանորեն ներկայացնել հայցը եւ ծախսեք բավականին ժամանակ ու նյարդեր: Ուստի նախընտրելի է վճարել հազար դրամը միանգամից եւ վերջացնել:

Հետաքրքիր է, որ երբ փողոցներից բացակայում են այդ՝ առանձնապես կարեւոր օղակի ներկայացուցիչները, ապա պակասում են վթարները, օրինակ՝ Ամանորի կապակցությամբ կամ ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից հնչեցված դիտողություններից հետո մի որոշ ժամանակի ընթացքում: Կամ Երեւան քաղաքում կես ժամ երթեւեկելով՝ ձեզ հանդիպում է մոտ տասը զույգ պահապան, իսկ առանց պետհամարանիշի ավտոմեքենան՝ նրանց համար աննկատ մնում:

Հիշում եմ միկրոավտոբուսի երիտասարդ վարորդի դառը խոսքերը իր ընկերոջը. «Այս ամիս երեսուն հազար դրամ աշխատեցի, որից քսան հազարը տվեցի սրանց: Որոշել եմ գնալ Ռուսաստան: Օդանավակայանում հազար դրամ էլ կտամ եւ գոնե այլեւս սրանց երեսը չեմ տեսնի»:

Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել