Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱ՞ՆԸ

Օգոստոս 26,2004 00:00

ԲԱ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱ՞ՆԸ Մեղադրյալի աթոռին շուտով կհայտնվի ոչ նա, այլ միայն քրեական հեղինակություն Թեւոսիկը, որի ազատ արձակման համար միջնորդություն էին հղել ԱԺ պատգամավորները: Թեւոսիկի գործն օրերս ուղարկվել է Շենգավիթ համայնքի 1-ին ատյանի դատարան, իսկ մեղադրական եզրակացությունը դատախազությունը հաստատել էր օգոստոսի 20-ին: Հիշեցնենք այս գործի հանգամանքները: ԱԺ նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը ու ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը հիմնադրել էին «ԳԻՄԱՍ» ՍՊԸ-ին պատկանող գազի լիցքավորման կայան: «Ֆինանսական գործունեության հետ կապված կողմերի միջեւ որեւէ տարաձայնություն չի եղել, իսկ կազմակերպչական հարցերում ՍՊԸ տնօրենի նկատողությունները մյուս կողմի ներկայացուցիչներն ընդունել են հիվանդագին, ինչի մասին հայտնել են Խոսրով Հարությունյանին,- նշված է մեղադրական եզրակացության մեջ:- Այդ կապակցությամբ Խոսրով Հարությունյանը եւ Մեխակ Գաբրիելյանը մի քանի անգամ հանդիպել եւ խոսել են միմյանց հետ, սակայն ընդհանուր համաձայնության՝ հետագայում ինչ կարգով պետք է աշխատեն եւ ինչպես, չեն եկել, ինչի արդյունքում Խ. Հարությունյանը որոշել է որդու անվամբ ձեւակերպված 25% բաժնեմասը վաճառել իր ծանոթ, սույն գործով մեղադրյալ Թեւոս Սաֆարյանին»: Քանի որ պրն Հարությունյանը հրաժարվում է այս գործի հանգամանքների շուրջ մեկնաբանություններից՝ այդպես էլ հայտնի չէ, թե ի՞նչ ընդհանուր բան ուներ երկրի գրեթե բոլոր բարձրագույն պաշտոնները զբաղեցրած անձնավորությունը քրեական հեղինակության՝ Թեւոսիկի հետ: Շարունակությունը հայտնի է՝ հունիսի 29-ին Թեւոս Սաֆարյանը եւ այս գործով մյուս մեղադրյալներ Օհան Մելիքյանը, Հարություն Ալեքսանյանը (ինչպես նաեւ այլ անձինք) գնացել էին գազալցակայան: Այստեղ Խոսրով Հարությունյանը Մեխակ Գաբրիելյանի որդիներին՝ Սարգիսին եւ Արտակին էր ներկայացրել Թեւոսիկին ու հայտնել, թե իր բաժնեմասը վաճառել է նրան: Գաբրիելյանները դեմ էին արտահայտվել այդ որոշմանը, իսկ Թեւոսիկն ասել էր պրն Հարությունյանին. «Խոսրով, դու քոնն ասացիր, կարաս գնաս, մնացածը ես կբացատրեմ»: Դրանից հետո Խոսրով Հարությունյանը եւ Թեւոսիկը դուրս էին եկել տնօրենի աշխատասենյակից: Վերջինիս գլխավորությամբ մի քանի վայրկյան անց այնտեղ էին ներխուժել 10-12 հոգի, որոնք հայհոյանքներ տեղալով՝ ծեծի էին ենթարկել եղբայրներին, հատկապես վնասելով Արտակ Գաբրիելյանին: Հարվածներ էին հասցրել նաեւ գազալցակայանի՝ օգնության հասած աշխատակիցներին (քրգործով այժմ կա 5 տուժող): Այս ամենը նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորված է համարվել, եւ Թեւոս Սաֆարյանին, Օհան Մելիքյանին ու Հարություն Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանության համար, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով (ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետեր): Այս հանցագործությունը պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ 1-2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարով: Թեւոսիկը (1966 թ. ծնված, նախկինում չդատված) իրեն մեղավոր չի ճանաչել՝ պատճառաբանելով, որ տեղյակ չէ, թե ինչ է կատարվել տնօրենի աշխատասենյակում իր եւ Խոսրով Հարությունյանի դուրս գալուց հետո: Մյուս երկուսն իրենց մեղավոր են ճանաչել մասնակիորեն՝ փորձելով արդարանալ, թե Թեւոս Սաֆարյանի հեռանալուց հետո հայհոյանքներ են լսել նրա հասցեին ու միայն դրանց պատճառը պարզելու նպատակով են մտել աշխատասենյակ ու ծեծել հայհոյանք տվողին: Նախաքննությունն այս բոլոր պատճառաբանությունները գնահատել է անհիմն ու մտացածին: Ի դեպ, նշենք, որ Թեւոսիկի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ դատախազություն էին դիմել ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը («Կարամելի Հարութ») եւ այլ 3 խորհրդարանականներ: Սակայն չեն հարգվել ո՛չ նրանց, ո՛չ այլ զանազան գործիչների միջնորդություններն ի նպաստ այս քրեական հեղինակության: Խոսրով Հարությունյանը, որ այս գործով դատակոչված վկա է, նախաքննությանը հայտնել է, թե «քանի որ շտապ պետք է մեկներ Գառնի՝ նստել է իր մեքենան ու հեռացել: Իմացել է, որ իր հեռանալուց հետո այնտեղ ծեծկռտուք է եղել, սակայն դրանից ավել իրեն ոչինչ հայտնի չէ»: Մեր հարցին, թե բավարարվա՞ծ է արդյոք նախաքննության արդյունքներից՝ Մեխակ Գաբրիելյանը պատասխանեց. «Ո՛չ: Ես այս երեւույթը դիտարկել եմ որպես ավազակային հարձակում Խոսրով Հարությունյանի գլխավորությամբ: Եվ գլխավոր կազմակերպիչը, փաստորեն, առ այս պահը չի ենթարկվել պատասխանատվության: Իսկ մնացածներին համարում եմ ընդամենը «զինվորիկներ», եւ նրանց կպատժե՜ն, թե չե՜ն պատժի՝ ինձ համար կոպեկ չարժե: Շեշտում եմ՝ ամեն ինչ կազմակերպել է Խոսրով Հարությունյանը, որ մնալով անպատիժ՝ իր համար հանգիստ ապրում է»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Նշենք, որ այս գործին առնչվող մեկ այլ էական հանգամանք կա, որին կանդրադառնանք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել