Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ՝ ՕԵԿ-Ի ԴԵՄ

Օգոստոս 26,2004 00:00

ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ՝ ՕԵԿ-Ի ԴԵՄ Առաջիկա կիրակի Եղվարդում՝ թիվ 44 ընտրատարածք, տեղի կունենան ԱԺ մեծամասնական ընտրակարգով նոր ընտրություններ: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում պատգամավորի թափուր տեղ էր մնացել այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը՝ «Օրինաց երկիր» կուսակցությունից, նշանակվեց քաղաքաշինության նախարար: ՕԵԿ-ն այս անգամ էլ թեկնածու ունի. ընդամենը 3 օր առաջ ՕԵԿ-ի անդամ դարձած Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ գրուպ» ընկերության տնօրեն /«ՍԱՍ»-ի Արտակը»/: ԱԺ-ում իշխանական կոալիցիայի ուժերից նրան պաշտպանում է նաեւ ՀՀԿ-ն: Նրա մրցակիցն է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի թեկնածու Արայիկ Հայրապետյանը /«Լավանդայի Արայիկը»/: Ընտրարշավի խոհանոցին լավ ծանոթ մեր աղբյուրների գնահատմամբ, հավանական է այդ թեկնածուին աջակցում է Ռոբերտ Քոչարյանը: Փաստարկն այն է, որ Ռ. Քոչարյանը ուզում է «տեղը դնել» ՕԵԿ եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին դեռեւս ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ տված չափից դուրս ազատամիտ եւ «ժողովրդավար» գնահատականների համար: Թիվ 44 ընտրատարածքը, որ ընդգրկում է 19 համայնք, ունի շուրջ 41 հազար ընտրող: 2003 թվականի նախագահական եւ ԱԺ ընտրությունների ժամանակ այս ընտրատարածքում ընտրություններին մասնակցել էր շուրջ 21 հազարը, ինչը դիտորդները խիստ ուռճացված էին համարում՝ նկատի ունենալով նախեւառաջ լցոնումները, «մեռած հոգիներին» եւ այլն: Այս անգամ ակնկալվում է, որ ընտրություններին կմասնակցի մոտավորապես 17-18 հազար ընտրող: Ընտրվելու համար որեւէ թեկնածուի համար բավարար է ստանալ մոտավորապես 8000 քվե: Մրցակից թեկնածուներից յուրաքանչյուրն իր պատվար գյուղերն ունի, որոնց բնակիչների հաշվին հույս ունի առավել ձայներ կորզել: Այսպես, եթե Արտակ Սարգսյանի հիմնական հույսը իր հայրենի Եղվարդն է, ապա Արայիկ Հայրապետյանին սատարում են ընտրատարածքում ապարանցիներով կոմպակտ բնակեցված համայնքները՝ Քասախ, Պռոշյան, Երզնկա, Բակավան: Նաեւ՝ Եղվարդ, թեեւ այս դեպքում մարդիկ երկատված են իրենց ապարանցի լինելու եւ սեփական հայրենակից Ա. Սարգսյանին սատարելու միջեւ: Հիշյալ հիմնական թեկնածուներից ձայներ խլելու մեծ հնարավորություններ ունի նաեւ առաջադրված մյուս թեկնածուն՝ Բաբկեն Մարգարյանը: Վերջինիս հույսը հիմնականում Նոր Հաճնն է, որտեղ, դիտորդների գնահատմամբ, կարող է ընտրողների ամենամեծ մասնակցությունը լինել: Այստեղ կա աշխատող գործարան, մարդիկ կայուն աշխատանք ունեն, հետեւաբար գյուղից չեն բացակայում: Իսկ Նոր Հաճնն ունի շուրջ 6-7 հազար բնակիչ: Հետաքրքիր մեկ այլ հանգամանք եւս: Բանն այն է, որ թիվ 44 ընտրատարածքի մեջ համեմատաբար նոր ընդգրկված, նախկինում Աբովյանի շրջանի երեք գյուղերում՝ Արզնի, Վերին եւ Ներքին Պտղնի, տեղացիների ասելով, առանձնապես համակրանքներ եւ նախասիրություններ որեւէ թեկնածուի օգտին չունեն: Այստեղ (եւ ոչ միայն այստեղ), թերեւս, ընտրեն նրան, ով շատ փող տա, թեեւ թեկնածուներից յուրաքանչյուրը հավաստիացնում է, թե ձեռնպահ է մնում ընտրակաշառքներ բաժանելուց: Ինչ մնում է ընտրական հանձնաժողովներին, որոնք «պատիվ ունեն» հաշվելու թեկնածուների քվեները, ապա, մեր աղբյուրների պնդմամբ, դրանց 9 անդամներից 7-ը՝ ՀՀ նախագահի նշանակած 3 ներկայացուցիչները, հավելած՝ ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՄԱԿ-ի տեղերը, Արտակ Սարգսյանինն են: Ի դեպ, նրանք բոլորն էլ, մեր տեղեկություններով, երեւանցիներ են, որոնք դեռ 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ շատ լավ «աշխատել են միասին», այսինքն՝ ձայներ են կեղծել Ռոբերտ Քոչարյանի օգտին եւ առավելագույնս տիրապետում են կեղծելու տեխնոլոգիային: Ի դեպ, հնարավոր կեղծիքների վերաբերյալ խոսելով՝ մեր զրույցի ժամանակ Արայիկ Հայրապետյանն ասաց, թե կեղծիքի 72 ձեւ կա, որոնք բոլորն էլ իր մրցակիցը պատրաստ է կիրառել: Պրն Հայրապետյանի պնդմամբ, ոչ թե 7, այլ բոլոր 9 տեղերն են տրված Ա. Սարգսյանին, այդ թվում՝ «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության»: Բայց Ա. Հայրապետյանը վստահորեն հայտարարեց, որ միեւնույն է՝ ինքը հաղթելու է եւ՝ բոլոր տեղամասերում, այնպես որ, նրա ասելով, որեւէ կոնկրետ համայնքի հետ հատուկ հույսեր փայփայելու կամ հատուկ հաղթաթուղթ դնելու խնդիր չկա: Միաժամանակ, Ա. Հայրապետյանի ասելով, անցած մեկ շաբաթվա ընթացքում ընտրատարածքում արտառոց դեպքեր, անօրինականություններ չեն եղել, բացի այն, որ Ա. Սարգսյանը «մի հատուկ բրիգադա է պահում իմ պաստառները պարբերաբար պատռելու կամ դրանց վրա իրենը փակցնելու համար»: Մեր այն հարցին, թե ինքն արդյո՞ք դիմել է իրավապահներին, թեկնածուն ասաց. «Դիմել եմ, զրուցել եմ, բայց անիմաստ է, որովհետեւ ընտրություններին ընդամենը 3 օր է մնացել»: Նա հերքեց, թե նաեւ իր կողմնակիցներն են այդպես վարվում Ա. Սարգսյանի պաստառների հետ: Շատերն են կարծիք հայտնում, թե թեկնածուների միջեւ ընտրապայքարը, մանավանդ՝ քվեարկության օրը, կհասնի լարվածության պիկին եւ չեն բացառվում, որ անգամ լուրջ ընդհարումներ լինեն: Նման հնարավորությունը բացառեց Ա. Հայրապետյանը: Իսկ թե ինչ է մտածում այս ամենի առնչությամբ Ա. Սարգսյանը՝ պարզել չհաջողվեց: Նրա նախընտրական շտաբում բոլորը երեւի խիստ զբաղված էին, այդ թվում՝ շտաբի պետ պարոն Կարապետյանը: Երեկ մեզ խորհուրդ տվեցին չանհանգստացնել իրենց: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել