Լրահոս
Օրվա լրահոսը

Աղետի հետքերով

Օգոստոս 26,2004 00:00

Աղետի հետքերով Մոսկվայից ստացվող տեղեկություններով, Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններն ու հատկապես «Դոմոդեդովո»-ն այս օրերին հեղեղված են բարձրակարգ հոգեբաններով, որոնք ինտենսիվ աշխատանքներ են տանում նախօրեին տեղի ունեցած ավիավթարների հետեւանքով զոհված մարդկանց հարազատների հետ: Հոգեբանների մասնագիտական ուշադրության կենտրոնում են նաեւ հիշյալ օդանավակայաններից ամենատարբեր ուղղություններով թռչել պատրաստվող հազարավոր ուղեւորներ, որոնք այդ սոսկալի վթարների ազդեցությամբ ցնցակաթվածի մեջ են հայտնվել: Հիշեցնենք, որ նախօրեին, ուշ երեկոյան, մի քանի րոպեի տարբերությամբ, ավիավթարի են ենթարկվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած Մոսկվա-Սոչի չվերթ կատարող Տու-154 եւ Մոսկվա-Վոլգոգրադ չվերթ կատարող Տու-134 ինքնաթիռները: Երկուսն էլ անհետացել են ռադիոտեղորոշիչ սարքի էկրաններից Մոսկվայի ժամանակով համապատասխանաբար ժամը 22:35-ին եւ 22:56-ին: Ավելի ուշ հայտնաբերվել են դրանց բեկորները: Գլխավոր վարկածներից մեկի համաձայն, վթարի պատճառ է դիտվում ահաբեկչությունը: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը հանձնարարել է սկսել կատարվածի անհապաղ հետաքննություն: Ըստ ռուսական լրատվամիջոցների, երկու վթարների արդյունքում ընդհանուր առմամբ զոհվել է 89 մարդ: Նշենք նաեւ, որ Տու-154 ինքնաթիռի ուղեւորների ցուցակում հիշատակվում է ազգությամբ հայ Սարգիս Հովհաննիսյանի անունը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վերջինս ՌԴ քաղաքացի է եւ բնակվում էր Սոչիում: Լուրերը, թե նա եւ հայտնի ֆուտբոլիստ Սարգիս Հովհաննիսյանը միեւնույն անձն են, հերքվեցին: Արդեն իսկ հայտնաբերվել են վթարված ինքնաթիռների բորտային «ինքնագրիչները»: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Ռոստովի մարզում ջախջախված Տու-154-ում ռադարների էկրանից անհետանալուց մի քանի րոպե առաջ գործել է օդանավի գրավման ազդանշանային համակարգը: Իսկ Տուլայի մարզում տեղի ունեցած աղետի ականատեսները հայտնում են, որ ընկնելուց առաջ ինքնաթիռն օդում պայթել է: Հենց պատահարների համաժամանակայնությունը, ինչպես նաեւ պայթյունների՝ տեխնոգեն աղետներին ոչ բնորոշ լինելու հանգամանքն էլ փորձագետներին ստիպել են ենթադրել, որ կատարվածը ահաբեկչություն է: Այդուամենայնիվ, երեկ, օրվա երկրորդ կեսին, պաշտոնապես շրջանառության մեջ դրվեցին մի քանի այլ վարկածներ եւս, մասնավորապես՝ վառելիքի վատ որակ, վատ եղանակային պայմաններ, մարդկային գործոն եւ այլն: Սակայն դրանք անկախ փորձագետներին այնքան էլ համոզիչ չեն թվում: Կարծիք կա, որ ռուսական հատուկ ծառայություններն ուղղակի չեն ցանկանում խոստովանել ահաբեկչության փաստը: Չեչենական հետքի հնարավորությունն, ի դեպ, երեկ բացառել է նաեւ չեչենական էմիսար Ահմեդ Զակաեւը, թեեւ դրա մասին պաշտոնապես չէր էլ ակնարկվել: Արեւմտյան մամուլն, իր հերթին, կատարվածի մեջ տեսնում է «Ալ-Ղաիդա»-ի ձեռագիրը: Ուշագրավ է նաեւ, որ Տու-134 ինքնաթիռի մեջ են գտնվել ռուսական «Լուկ-օյլ» խոշոր նավթային ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչներ: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել