Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքներ խախտել՝ ի շահ գաղափարի

Հոկտեմբեր 01,2004 00:00

Այսպես
է մտածում ոչ միայն Հակոբ Հակոբյանը
Խորհրդարանական երեկվա ճեպազրույցներում շարունակվեց ամբողջ եռօրյայի ընթացքում ազգային երեսփոխաններին հուզող թիվ մեկ խնդիրը՝ ով ինչպիսի սեռական կողմնորոշում ունի։ Ակնհայտորեն այս թեման հրապարակ նետողները մի քանի խնդիր են լուծում։ Նախ՝ հասարակության ուշադրությունը շեղում են ավելի կարեւոր խնդիրներից՝ ներքաշելով անպտուղ-սարքովի մի խաղի մեջ, որից հավասարաչափ պարտված են դուրս գալու կոալիցիոն եւ արտակոալիցիոն, իշխանամետ եւ ընդդիմադիր ուժերը։ Այս խաղը վտանգավոր է այնքանով, որ քաղաքական մակարդակից դեպի կենցաղայինի իջնելուց հետո հնարավոր չէ համախմբվել ու գործել ինչ-որ մեկի դեմ կամ հանուն ինչ-որ բանի՝ այսօր միմյանց վիրավորողները վաղը չեն կարողանա ո՛չ համագործակցել, ո՛չ էլ նորմալ բանավիճել։ Ավելորդ է խոսել, որ այս բարոյահոգեբանական մթնոլորտում գտնվող քաղաքական դաշտը ի վիճակի կլինի համախմբվել ասենք՝ Ղարաբաղի հիմնահարցի շուրջ։ Այս պահին ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ղարաբաղը քչերին է հուզում։ Ազգային գործիչները զբաղված են սեռական խնդիրներով։

Ճեպազրույցի ժամանակ «Ժողպատգամավոր» խմբի անդամ Մկրտիչ Մինասյանն ասաց, թե ինքը ժամանակին խնդրել էր, որ մարդիկ միմյանց անձնավորված վիրավորանքներ չհասցնեն. «Երբ օրինական հարցը անձնավորվում է, դրանից հետո, եթե մեկը սկսում է վիրավորել եւ շանտաժ անել, բնականաբար, մյուսը պետք է պատասխան տա։ Ես չեմ արդարացնում որեւէ մեկին անձնավորված վիրավորանք հասցնելը, բայց չէ՞ որ դա սկսվել է նրանից, երբ մարդը օրինական հարց է բարձրացրել»։ «Ժողպատգամավորը» ճեպազրույցի էր ուղարկել նաեւ Հակոբ Հակոբյանին, որը հայտարարեց. «Չգիտես ինչու, ընդդիմությանն այսօր դուրս են մղել քաղաքական դաշտից, ընդդիմությունը չի աշխատում, եւ սրանք մտածում են՝ իրենց դեմի խաղ չկա, որ հանկարծ ոչ մեկը իրենց որեւէ թթու խոսք չասի։ Սխալվում են, թթու խոսք ասողները միշտ լինելու են. սա քաղաքական դաշտ է։ Կոնկրետ ես օրենքից բխող ցանկացած պահանջ պետք է ներկայացնեմ եւ ստանամ պատասխանները։ Եթե պետք է օրենքները խախտվեն, ես օրենքները կխախտեմ, եթե իմ սկզբունքները, գաղափարները թույլ են տալիս։ Ես չեմ ասում՝ օրենքները չեմ խախտելու, ես խախտելու եմ օրենքները, բայց՝ հանուն իմ գաղափարների եւ սկզբունքների, ի շահ մեր պետության, ի շահ մեր ժողովրդի։ Ոչ թե 100 դրամանոց մայկեքով եկած մարդիկ էսօր ինչ-որ «ջիպերով», չգիտեմ ինչ «Զիլիներ» ու «Բրինի»-ներ են հագնում։ Մենք բոլորը տեսնում ենք։ Ես որպես սեփականատեր, գործարար մարդ՝ շատ վատ եմ զգում դրանից, որ նման մարդիկ, ոչ մի սեփականություն չունենալով, հարստանում են, իսկ մենք հազար ու մի գործեր անելով, 30 տարի բիզնեսի մեջ ենք, կարողանում ենք հարկեր վճարելով, աշխատելով ցույց տալ, որ այսօր բիզնեսի դաշտում ենք»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել