Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 01,2004 00:00

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ Ըստ Վրաստանի «Բաց հասարակության հիմնադրամի» տնօրեն Դավիթ Դարչիաշվիլու Այն, որ Հարավային Կովկասի միասնական անվտանգության համակարգ ունենալը նպատակահարմար է, թերեւս քչերն են վիճարկում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Ադրբեջանում: Բոլորն են հասկանում, որ դա մեր տարածաշրջանի կայունությունն ապահովելու համար լավագույն երաշխիքն է: Բայց իրականությունն այն է, որ տարածաշրջանի այս երկրները առայժմ գործնական քայլեր քիչ են ձեռնարկում այդ միասնական անվտանգության համակարգում ընդգրկվելու համար, որովհետեւ հակասություններն ավելի շատ են, քան ընդհանրությունները: Հենց այդ պատճառով էլ Վրաստանն ու Ադրբեջանը իրենց հայացքն ուղղել են դեպի Արեւմուտք եւ իրենց անվտանգությունը տեսնում են ՆԱՏՕ-ի կազմում, իսկ ՀՀ-ն՝ ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության պայմանագրի շրջանակներում: Վրաստանի «Բաց հասարակության հիմնադրամի» տնօրեն Դավիթ Դարչիաշվիլին վերջերս ելույթ ունենալով Ծաղկաձորում՝ կարծիք հայտնեց, որ Հայաստանն այդ հարցում կողմնորոշվել է՝ ելնելով իր ազգային տրամաբանությունից. «Այլ հարց է, թե դա որքանով է ռացիոնալ կամ իռացիոնալ: Այդ համակարգում գտնվելը Հայաստանին հնարավորություն է տալիս լուծելու ԼՂ հիմնախնդիրը այնպես, ինչպես հայերի մեծամասնությունը կցանկանար այն լուծել: Որքանով է դա երկարաժամկետ որոշում եւ որքանով հղի բացասական հետեւանքներով՝ այլ հարց է: Հայերը մտածում են, որ առանց ԿԱՊ-ի դժվար կլիներ լուծել այդ հիմնախնդիրը»: Այս հարցը Դարչիաշվիլին հակված էր դիտարկել ոչ միայն ազգային շահերի, այլեւ ազգայնականության համատեքստում: «Չի կարելի մոռանալ, չնկատել, որ հակամարտությունների լուծման, քաղաքական եւ աշխարհաքաղաքական հարցեր քննարկելիս առնչվում ենք ազգայնականության գործոնի հետ: Դրա մասին պետք է խոսել, դա պետք է ազատորեն քննարկել՝ խնդիրները ճիշտ ձեւակերպելու եւ մատուցելու համար»: Դ. Դարչիաշվիլու կարծիքով, մասնավորապես Վրաստանում «ազգայնականությունը մի կողմից կարող է խորտակել մեզ, բայց մյուս կողմից առանց դրա դժվար թե հնարավոր լինի ինչ-որ բան կառուցել: Ազգայնականությունը երբեմն պետության շարժիչ ուժ է պետություն կառուցելու հավակնության համատեքստում. պետք է միայն այն ուղղել ճիշտ ուղղությամբ»: Նրա դիտարկմամբ, հակամարտությունների լուծումը մեծապես կախված է նրանից, թե որքանով են հակամարտության մեջ ներքաշված այս կամ այն ժողովրդի ազգային զգացմունքներն ու ինքնասիրությունը բավարարված կամ լիովին արհամարհված: Միաժամանակ, եթե խոսքը հակամարտությունների լուծման որեւէ մոդելի մասին է, ապա պետք է մտածել ոչ միայն ազգային փոքրամասնությունների մասին, ինչը միշտ քննարկման առարկա է դառնում միջազգային հարաբերություններում եւ միջազգային իրավունքում, այլեւ այն վախի կամ մտահոգության մասին, որ ունեն նաեւ ազգային մեծամասնությունները: Այսպես, ըստ նրա՝ նույն Վրաստանում, ասենք՝ Ջավախքում, որոշակի եւ փոխադարձ անվստահություն կա հայերի եւ կենտրոնական իշխանությունների միջեւ: Երբ Ջավախքում սոցիալական կամ այլ բնույթի հարցեր են կուտակվում եւ լուծում չեն ստանում, երբ խոսվում է ռուսական ռազմաբազաների դուրսբերման մասին, այնտեղ հայերն անպայման դա ընկալում են իբրեւ իրենց դեմ ուղղված քայլ, հատուկ եւ բացասական վերաբերմունքի դրսեւորում: Նույնն է նաեւ հակառակ պարագայում: Երբ հայերն են ինչ-ինչ հարցեր բարձրացնում, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման լրացուցիչ իրավասությունների առնչությամբ, վրացիներն են դա ընկալում որպես իրենց դեմ ուղղված քայլ, անջատողականության դրսեւորում եւ այլն: Միաժամանակ, Դարչիաշվիլու ասելով՝ մարդու իրավունքները դժվար է պաշտպանել եւ դժվար է իրավական պետություն ստեղծել որեւէ պետության տարածքում, հնարավոր չէ լուծել հակամարտությունները, եթե չկա այդ երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ հատուկ վերաբերմունք, որը կպաշտպանի նրանց մշակույթը, ազգային առանձնահատկությունները: Այնտեղ, որտեղ դրանք արհամարհվում են, վտանգավոր են դառնում հենց այդ պետությունների համար՝ հանգեցնելով անգամ մարդկային կորուստների, անկախ այն բանից՝ նման խնդիրները արհեստական, թե պատմական բնույթ ունեն: Մի խոսքով, Դ. Դարչիաշվիլին կարծիք հայտնեց, թե հակամարտությունները մեր տարածաշրջանում հնարավոր է լուծել միայն այն դեպքում, երբ հաշվի են առնվում եւ որոշակիորեն բավարարվում են հակամարտության մեջ ներքաշված կողմերի ազգայնական հավակնությունները, եւ, իհարկե, երբ դրանք լուծողը լեգիտիմ իշխանությունն է: Բաց է մնում մի հարց. որքանո՞վ են նույն վրացիների համար ընկալելի Վրաստանի տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների, իսկ Ադրբեջանի իշխանությունների համար՝ ԼՂ-ում ապրող հայերի ազգային մշակույթը, շահերն ու ազգայնական հավակնությունները: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031