Լրահոս
Օրվա լրահոսը

«ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ» ՀԲԸՄ-Ն ՎՏԱՆԳԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ-ԿԻՊՐՈՍ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոկտեմբեր 01,2004 00:00

«ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ» ՀԲԸՄ-Ն ՎՏԱՆԳԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ-ԿԻՊՐՈՍ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Սիրելի հայրենակիցներ, ներկայիս, երբ Հայաստանն իր տնտեսական մեկուսացումը հաղթահարելու նպատակով անդուլ ջանքեր է գործադրում հուսալի դաշնակիցներ ձեռք բերելու համար, երբ Հայաստանի ամենամտերիմ ընկերը՝ Կիպրոսը դարձել է նորերս ընդլայնված Եվրամիության լիիրավ անդամը, եւ երբ Արցախի հիմնախնդիրը վերջապես Բրյուսելում ձեռք է բերել իր անխոնջ պաշտպանին, հանձին Նիկոսիայի կառավարությանը, ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչությունը Նյու Յորքում ձեռնամուխ է եղել քանդելու այդ կենարար աղբյուրը եւ խզելու քաղաքական կապը Կիպրոսի հետ՝ Մելգոնյան կրթական հաստատությունը փակելու իր շահամոլ եւ ամբարտավան որոշումով՝ հակառակ աշխարհասփյուռ հայերի, Կիպրոսի կառավարության եւ նրա ժողովրդավարական եղանակով ընտրված Ներկայացուցիչների պալատի անդամների կատաղի ընդդիմությանը։ Մելգոնյան կրթական հաստատությունը տարիներ շարունակ ապաստան է տվել աշխարհի չորս ծագերից աղքատության եւ պատերազմի արհավիրքից խույս տված բազում հայ երիտասարդների։ Նրանց տվել է պատշաճ ուսում, նրանց մտքերում եւ սրտերում վառ պահելով ազգապահպանության իսկական իմաստը։ Փախչելով Լիբանանի քաղաքացիական ընդհարումներից, այնուհետեւ իրանա-իրաքյան պատերազմից, այլ հակամարտություններից կամ պարզապես տեղական համայնքների սակավությունից, այդ պատանիներն ու պարմանուհիները հավանաբար մթության մեջ խարխափելով թառամելու էին, եթե չլիներ Մելգոնյանի լուսավոր ջահը։ Այսօր, երբ Հայաստանի եւ Արցախի քույր հանրապետությունները փորձում են ոտքի կանգնել, մի շարք ուսանողներ Երեւանից, Գյումրիից եւ Ստեփանակերտից Մելգոնյանում սովորել են կյանքին նայել բոլորովին այլ պրիզմայի միջով։ Բոլորովին վերջերս Բաղդադում ստեղծված ողբերգական իրադարձությունները եւ իրաքահայերին պատսպարելու Հայաստանի պատրաստակամությունը մի ավելորդ անգամ ապացուցեց ոչ միայն Մելգոնյանի նման անվտանգ պատսպարանները բաց պահելու, այլեւ դրանց արդիականացնելու անհրաժեշտությունը, Կիպրոսը դարձել է 25 երկրներ ընդգրկող եվրոպական ընդլայնված ընտանիքի լիիրավ անդամը, եւ գիտակցելով կղզու քաղաքական եւ հասարակական կյանքում հայ համայնքի ունեցած անգնահատելի ներդրումը, կառավարությունը լրացուցիչ 220 հազար դոլարի տարեկան օժանդակություն է խոստացել Մելգոնյանը բոլոր հայերի առաջ բաց պահելու համար։ Այդ գումարը տրամադրվում է մասամբ փակելու կամ նվազեցնելու համար ՀԲԸՄ կենտրոնական վարչության կողմից տարիներ շարունակ կատարված ֆինանսական խախտումների եւ գերծախսերի հետեւանքով առաջացած բյուջետային ճեղքվածքը։ Այդ երկիրը՝ Կիպրոսը, որը 1974-ի թուրքական ներխուժումից ի վեր դեռեւս բաժանված է մնում, հավասարապես կրել է հայ ժողովրդի բոլոր տառապանքները։ Մելգոնյանը, որը դիմացել էր թուրքական ինքնաթիռների անխնա ռմբակուծություններին, այժմ խորհրդանիշն է դարձել հանուն մարդու իրավունքների եւ արդար դատի համար մղված պայքարի։ ՀԲԸՄ-ն 2004 թ. մարտի 16-ին որոշեց փակել վարժարանը 2005 թ. հունիսին, այդպիսով հանգցնելով բազմամշակույթ Եվրոպայի հայ բնակչության հույսի վերջին մոմերից եւս մեկը։ Այս որոշումը բարկացրեց կիպրացի խորհրդարանականներին, որոնցից կրթության հանձնաժողովի նախագահ Պրոդրոմոս Պրոդրոմուն հայտարարեց, որ «բազմամշակույթ հասարակությունների ներկա ժամանակաշրջանում մենք պարտավոր ենք դպրոցներ բացել, այլ ոչ թե փակել եղածները»։ Կիպրոսի կառավարությունը 1924 թվին կառուցված վարժարանի շենքերը հայտարարեց ազգային պատմական ժառանգություն եւ հանձն առավ ցեղասպանությունը վերապրած որբերի տնկած ծառերը պահպանել՝ անվանելով այդ ամբողջ անտառային տարածքը երկրի «հատկանշական վայրերից մեկը»։ Հակադրվելով կառավարության այս որոշմանը, ՀԲԸՄ-ի ղեկավարները վարձեցին իրավաբանական մի ֆիրմա Կիպրոսում, ըստ երեւույթին ցանկանալով դատական ատյաններում վարկաբեկել կառավարությանը։ Դրան հետեւեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի ՀԲԸՄ կենտրոնական վարչության անունից ուղարկված միջնորդագիրը, որով նա փորձում է Կիպրոսի կառավարությանը համոզել ետ կանգնելու վարժարանի տարածքները պաշտպանելու իր մտադրությունից։ Պարոն Օսկանյանը դրանով վտանգեց Հայաստան-Կիպրոս հարաբերությունները, իրարից օտարելով հայերին եւ Կիպրոսի հույներին, որոնք կորցրեցին հավատը Երեւանի կառավարության նկատմամբ։ Նույնիսկ «Ամենայն Հայոց» կաթողիկոսն է լռություն պահպանում այս հարցում, քանի որ ցանկացած առարկություն կարող է զրկել Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը անհրաժեշտ նյութական օժանդակությունից։ Ռամկավար Ազատական կուսակցությունը ոչ միայն չմիջամտեց, այլ պաշտպանեց մեկ վարժարան եւս փակելու որոշումը այնժամ, երբ Սփյուռքը կարիք ունի կրթական կենտրոնների։ ՀԲԸՄ կենտրոնական վարչության նախագահ Պերճ Սեդրակյանը նույնիսկ ՄԱԿ-ի քարտուղարի օգնական Բենոն Սեւանին առաքեց Կիպրոս՝ «համոզելու» Կիպրոսի ժողովրդին, որ ՀԲԸՄ-ի որոշումը խոհեմ է։ Ո՞վ է լինելու արդյոք հաջորդ «միջնորդը»։ Քոֆի Անա՞նը։ Ջորջ Բո՞ւշը։ Սկսած 2003 թ. դեկտեմբերից, երբ վարժարանը վաճառելու մասին լուրերը հասան իրենց գագաթնակետին, պրն Սեդրակյանը անտեսել է ինչպես Մելգոնյան ընտանիքի, այնպես էլ շրջանավարտների, բարեկամների եւ նույնիսկ Կիպրոսի խորհրդարանի անդամ Պետրոս Գալայճյանի առաջարկները։ Նա չի ցանկանում քննարկել ոչ մի այլընտրանքային տարբերակ։ Սեդրակյանի օտար աշխատակիցը՝ Գորդոն Անդերսոնը մերժել է համագործակցել համայնքի հետ՝ գտնելու համար ընդունելի լուծում ստեղծված իրավիճակից։ Նա ամբարտավան ձեւով անտեսում է Կիպրոսի խորհրդարանի 2004 թվի մարտի 26-ի միաձայն ընդունած որոշումը՝ համագործակցելու համայնքի, Մելգոնյանի շրջանավարտների, ծնողների եւ կառավարության հետ։ Փոխարենը ազատ շուկայում է նա փնտրում գործարքի հավանական թեկնածուներին։ Դժբախտաբար, 30 արծաթի դիմաց նրան այդ հարցում օգնություն է ցուցաբերում հայ հուդաների մի փոքրիկ խումբ։ Մի՞թե այս ճակատագրին է արժանանալու նաեւ Հայաստանի Ամերիկյան համալսարանը, երբ ծանր վիճակի մեջ հայտնվի։ Ինչո՞ւ ժամանակին ՀԲԸՄ-ն գումարներ չներդրեց Երեւանի պետհամալսարանում, եւ փոխարենը չափազանց անհրաժեշտ հարմարություններով օժտեց այս կառույցը։ Նյու Յորքում նստած կենտրոնական վարչության ամերիկանացված հայերը (նրանցից քչերն են խոսում հայերեն) մի՞թե չեն գիտակցում, որ Հայաստանը կարիք ունի հուսալի, երկարաժամկետ ներդրումների, եւ ոչ թե բարեգործական նվիրատվությունների։ Այս գումարները գալու են այն ժամանակ, երբ Երեւանն ապացուցի, որ լուրջ է իր մտադրություններում, եւ այլոց շահերի գործակալը չէ։ Մենք ամբողջովին պաշտպանում ենք Հայաստանում եւ Արցախում նոր ծրագրեր իրագործելու ջանքերը եւ անցյալում այդ առումով առատաձեռն ենք վարվել։ Բայց դա չի կարելի անել Մելգոնյանի կամ Եվրոպայում եւ Միջին Արեւելքում գործող վարժարանների հաշվին։ ՀԲԸՄ-ն իրավունք չունի խախտելու իր իսկ որդեգրած օրենքներն ու կանոնները, եւ այլ վայրերում օգտագործելու Մելգոնյանի վաճառքից ստացված գումարը։ Մեր ազգային այս մեծ Միության պատմության մեջ առաջին անգամ ՀԲԸՄ-ի ղեկավարությունը մեկուսացված է եւ կորցրել է հաղորդակցման կապն իր անդամների հետ։ Մելգոնյանի շրջանավարտների միությունները, ինչպես նաեւ անհատ մելգոնյանցիներ եւ գաղափարակից ընկերներ, աշխարհի տարբեր վայրերում, վճռականորեն են տրամադրված պայքարելու կենտրոնական վարչության որոշման դեմ։ Նախքան ժողովրդավարության, հաշվետվության եւ թափանցիկության բացակայության համար Հայաստանին քննադատելը, սփյուռքահայ առաջնորդներն ու կազմակերպությունները պարտավոր են նայել իրենց իսկ ապակե տներին եւ զգուշանան քարեր նետելուց։ Վերոհիշյալ գրությունը պատրաստված եւ հովանավորված է Հայաստանի, Ավստրալիայի, Կանադայի, Կիպրոսի, Հունաստանի, Լիբանանի, Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների Մելգոնյան Սանուց միությունների կողմից։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել www.savemelkonian. org, www. melkonianforever.org կամ meialumnicy @ yahoo.com սայթերը։ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031