Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍ ՊՐՈՎՈԿԱՑԻԱՆ ՀՂԱՑՎԱԾ Է ԴՐՍԻՑ»

Հոկտեմբեր 02,2004 00:00

«ԱՅՍ ՊՐՈՎՈԿԱՑԻԱՆ ՀՂԱՑՎԱԾ Է ԴՐՍԻՑ» Սեռական թեմաների քաղաքականացման մասին այս կարծիքին է գրող, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը – Վերջին շրջանում հրապարակ նետված սեռական թեման համապատասխան մթնոլորտ է ձեւավորել: Չե՞ք կարծում, որ այս կարգի թեմաներ հրապարակ նետողները հատուկ նպատակ են հետապնդում՝ շեղել հասարակության ուշադրությունը շատ ավելի կարեւոր եւ կենսական խնդիրներից, եւ սա շատ վտանգավոր է: – Միանգամայն համաձայն եմ ձեզ հետ եւ ուզում եմ շարունակել ձեր միտքը, որ սա շատ վտանգավոր է: Քաղաքականության մեջ ամեն տեսակ բաներ հնարավոր է, եւ մենք անցել ենք այդպիսի փուլեր, երբ հասարակության ուշադրությունն ավելի կենսական շահերից շեղելու համար ինչ-որ սկանդալային թեմա են գցում: Քաղաքական խարդավանք է, բայց նորմալ քաղաքական կանոնների մեջ տեղավորվող: Այս վերջինը չի տեղավորվում այդ կանոնների մեջ, որովհետեւ ազգային հոգեկերտվածքի, բարոյական չափանիշների շատ կարեւոր ջղի է խփել: Առաջին պահին թվում է՝ լրագրային դեղին մամուլի սկանդալ է, հետո, երբ առաջին քմծիծաղի, չարության շոկային վիճակը հաղթահարում ես, տեսնում ես, որ սա սարսափելի բան է, որը, կարծում եմ, հատուկ, լուրջ, մտածված պրովոկացիա է: Գուցե կարող ենք եւ Հայաստանում տեսնել հղացողներին, կռահենք, թե ում ականջն է երեւում կամ ում ճանկը, բայց ես կարծում եմ՝ հղացված է դրսից: Ես այն մարդկանցից մեկն էի, որ սեռական փոքրամասնությունների նկատմամբ շատ վախեցած արձագանքեցի: Շատ լուրջ եմ վերաբերվում, որ մենք քրիստոնեական քաղաքակրթության ներկայացուցիչներ ենք, եւ խորապես հավատում եմ, որ սոդոմական մեղքերը շատ լուրջ մեղքեր են: Դա բնավ չի նշանակում, թե ես ի զեն եմ կոչում եւ ասում եմ՝ հենց որ կտեսնեք դժբախտ կամ մեղավոր այդ արարածներին՝ վերցրեք, սպանեք ու կախեք: Ես միշտ մտածել եմ, որ այդ վարակը մեր օրգանիզմը չի ընդունելու, եւ հանկարծ օրենքով հաստատագրեցինք, որ այս տեսակն էլ կարող է լինել: Այս տեսակը կա, բայց մենք չպիտի ասենք՝ ի՞նչ կա որ: Ի վերջո, եթե կա՝ կա: Ես կարող եմ զզվել կամ խղճալ այդ մարդուն, բայց ես չեմ ընդունելու այդ տեսակը: Ես գտնում եմ, որ այս աղմուկ-աղաղակ բարձրացնողները ոչ թե դրանով իրենց տղամարդկային լինելիությունը պետք է փորձեն ապացուցել, այլ ավելի լավ կլիներ խոսեին սոցիալական աղետի հետեւանքով՝ մարմնավաճառության մասին: Այդ ասլան տղերքը չե՞ն մտածում, որ սա ավելի մեծ աղետ է, եւ դրա վրա պետք է աղաղակ բարձրացնեն. թող գնային ինքնասպանություն գործեին, որ հայ կանայք մարմնավաճառությամբ են զբաղվում Թուրքիայում: Շատ ավելի մեծ մեղք է, երբ սեփական երկիրն են թալանում անճոռնի ձեւով: – Չե՞ք կարծում, որ այս ամբողջ աղմուկը առաջին հերթին ներիշխանական հարաբերությունների արդյունք է: – Հնարավոր է: Ես էլի մտածում եմ, որ իշխանական ինչ-ինչ հակասությունների, ինչ-որ իշխանավորի մտքի հղացումը դրսից է թելադրվել, որովհետեւ չեմ կարծում՝ սեփական խելք ունեցող մարդը կարող էր այդպիսի բան անել, ինչքան էլ նենգ ու վատը լինի: Կարծում եմ՝ այդ անողը զոմբի է: Ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե պաշտպանում եմ այդ մեղքով տառապողներին: Ես նորմալ կին եմ. ես համարում եմ՝ արվամոլ տղամարդը կանանց թշնամին է, ես բնազդով չեմ կարող նրանց ընդունել: Բայց ես չեմ կարող չխղճալ նրանց զավակներին, եթե կան նրանք, նրանց թոռներին: Ո՞վ է ասում, որ մենք իրավունք ունենք սերնդեսերունդ այդ խարանը դնել այդ մարդկանց ճակատին: – Եթե ընդունում եք, որ այս ամենը նաեւ ներիշխանական անհաշտության արդյունք է, արդյո՞ք պատճառն այն չէ, որ ընդդիմությունը չի գործում, եւ իշխանությունը ներսից է ինքն իրեն ուտում: – Ես ինձ նախ համարում եմ մտավորականության ներկայացուցիչ եւ իշխանությունից ու ընդդիմությունից վեր համարում եմ հայ ժողովրդին: Ես ընդդիմություն եղածս ժամանակ էլ ինձ նույնքան իշխանության ներկայացուցիչ էի համարում. մտածում եմ՝ գիրս մնա հիշատակող: Եվ ընդդիմության, եւ իշխանության ժամանակ պետք է քեզանից ինչ-որ բան ներկայացնես, որ որեւէ բան նշանակես: Ես այն ժամանակ նույնքան տիրական էի նայում, եւ հավատացեք՝ ոչ ոստիկաններն էին իմ մեքենան կանգնեցնում, ոչ էլ ավելի անհարգալից էին ինձ հետ: Ես, որպես իշխանության ներկայացուցիչ, ինձ սարսափելի անտաղանդ եմ զգում, որովհետեւ ընդդիմությունը շատ անտաղանդ է: Ընդդիմությունը պիտի ինձանից տաղանդավոր լինի, որ ժողովուրդը նրան հավատա: Երբ ես բանավիճում էի Վանո Սիրադեղյանի հետ կամ պատասխանում էի Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինձ շատ տաղանդավոր էի համարում, որովհետեւ չեմ կարող ասել, թե իրենք անտաղանդ մարդիկ էին: Այսինքն՝ ես իմ միտքը, իմ իմացությունը լարում էի, որպեսզի պատասխանեմ իրենց եւ պահպանեմ իմ՝ ընդդիմության իշխանությունը: Այսօր խելացի բանավեճ չկա, որ պատասխանես ու ինքդ քեզ ուժեղ զգաս, դիմացինն էլ իրեն ստորացված չզգա: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031