Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԷ,

Հոկտեմբեր 07,2004 00:00

ՉԷ, ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ԹԱՏՐՈՆ ՉՍԻՐԵՑԻՆ ԼՂՀ-ում էլ նրանք հովանավորում են միայն թեթեւ ժանրը Օրերս Արցախի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Երեւանում խաղաց «40 օր համբառնալուց առաջ» տրագիֆարսը: Ներկայացման մեջ քննարկման առարկան մարդկային հոգեբանությունն էր, կյանքում գործած արարքների վերլուծությունը անդրաշխարհում: Պիեսի հեղինակը վանաձորցի դրամատուրգ Սամվել Խառատյանն է: Բեմադրության մեջ զբաղված էին թատրոնի առաջատար դերասաններ Միքայել եւ Խաչիկ Հարությունյանները, Նվարդ Ասատրյանը, Սվետլանա Թովմասյանը եւ ուրիշներ: Գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Լեոնիդ Հարությունյանը նշեց, որ մայրաքաղաքային կյանքից հեռու գավառային թատրոնների համար փառատոները առիթ են փոխշփման եւ թատերային կյանքի աշխուժացման: Իսկ իրենց այցելությունը Երեւան՝ «Հայ Ֆեստի» շրջանակներում էր: Արցախի թատրոնը կադրերի խնդիրը լուծում է կից գործող թատերական ստուդիայի հաշվին: Պրն Հարությունյանն ասաց, որ վիրավորական է Արցախի մշակույթը Հայաստանի մշակույթից զատ դիտարկելը: Այս առիթով նույնիսկ հիշեց ԼՂՀ կրթության եւ մշակույթի նախարար Արմեն Սարգսյանի խոսքերը: «Մեր մշակույթի նախարարն ասում է, որ ինքը ոչ թե մի առանձին պետության նախարար է, այլ Հայաստանի Հանրապետության գավառներից մեկի մշակույթի բաժնի վարիչն է: Այսինքն նա իրեն տեսնում է ընդհանուր համատեքստում՝ ՀՀ մշակույթի նախարարության ներքո: Կարծում եմ՝ մշակույթի համար չպետք է սահմաններ նշանակել: Չէ՞ որ Հայաստանի ու Ղարաբաղի լեզուն, կրոնը եւ հոգեբանությունը նույնն են»,- կարծում է պրն Հարությունյանը: Նրանից տեղեկացանք, որ Արցախում էլ բարձրաստիճան պաշտոնյաները քիչ են թատրոն հաճախում: «40 օր համբառնալուց առաջ» բեմադրությունը, սակայն, բոլորն են դիտել: «Ներկայացման պրեմիերան խաղացել ենք Արցախի նախագահի, խորհրդարանի ու կառավարության անդամների առաջ: Նման բախտի միշտ չենք արժանանում: Թատրոն չհաճախող պաշտոնյաներին ըմբռնումով ենք մոտենում, մտածում, որ երեւի դպրոցական տարիքում նրանց չեն դաստիարակել թատրոնի ոգով»,- ասաց Արցախի թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Ինչպես Երեւանում, Արցախում էլ հիմնական հանդիսատեսը երիտասարդությունն է: Թատրոնին կից ստուդիայի բազայի վրա գործում է «Աստղիկ» մանկապատանեկան թատրոնը, որի ներկայացումներն անցնում են լեփլեցուն դահլիճում: Լ. Հարությունյանի համոզմամբ, վաղուց ժամանակն է վերականգնել Արցախի թատերական հարուստ ավանդույթները եւ դուրս գալ միջազգային շուկա: Նա հիշեցրեց, որ մինչ 1932-ին իրենց թատրոնի հիմնադրվելը, նախախորհրդային շրջանում Արցախն ունեցել է գործող թատրոն, իսկ 1860-ականներից ամբողջ Անդրկովկասում հայտնի էր Նիկիտա Խանդամիրյանի՝ Շուշիում ծաղկող թատրոնը: Այժմ Արցախի Վ. Փափազյանի անվան թատրոնը միջազգային խոշոր միջոցառումներին մասնակցելու նպատակ ունի: Ըստ Լ. Հարությունյանի, այդ նպատակին հասնելու համար ներկայացումների որակը կատարելագործելուց զատ, հարկավոր է նաեւ լավ հովանավորներ գտնել: Նա ցավով փաստեց, որ արցախցի օլիգարխները գերադասում են հովանավորել ավելի թեթեւ ժանրեր, քան աջակցել լուրջ ներկայացումներ բեմադրող պետական թատրոնին. «Պատճառն այն է, որ ունեւորները քիչ են հասկանում արվեստ, նաեւ թատրոն: Իսկ թատրոնը պետք է միշտ հովանավորվի, որովհետեւ երբեք չի կարող ապրել ինքնածախսածածկմամբ»: Լ.Հարությունյանը նշեց, որ արտասահմանից սկսել են հետաքրքրվել իրենց թատրոնով, բայց չցանկացավ առայժմ փակագծերը բացել, քանի դեռ համագործակցությունը սկսված չէ: Նա պատմեց, որ հաճախ իրենց ներկայացումները դիտելու են գալիս արտասահմանցի հյուրեր, որոնք դրական կարծիքներ են թողնում տպավորությունների գրքում: Շուտով Վ. Փափազյանի անվան թատրոնը սերբական պիեսի հիման վրա կբեմադրի «Գիշերային իրարանցում» կատակերգությունը: Իսկ երեխաներին անակնկալ է սպասվում՝ Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն» տիկնիկային ներկայացումը: Հոկտեմբերի 9-ին եւ 10-ին թատրոնը հանդես կգա Գյումրիում, հնարավոր է մի ներկայացում էլ Արթիկում խաղա: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել