Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխզիջումային փոփոխություններ

Հոկտեմբեր 08,2004 00:00

Փոխզիջումային փոփոխություններ Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւի նախագծում արվել են մի քանի փոփոխություններ՝ ներքաղաքական հարցերի վերաբերյալ: Փաստաթղթի վերջնական տարբերակում այլեւս նշված չէ, թե հանրահավաքները շարունակվում են արտոնվել եւ իշխանությունները զերծ են մնում այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված հավաքների ազատության չարդարացված սահմանափակումների: Փոխարենը նշված է. «Իշխանությունները զերծ են մնացել հավաքների անցկացմանը միջամտելուց, ինչպես նաեւ՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո իրավական հիմք է ստեղծվել դրանք միայն ծանուցման պարագայում անցկացնելու համար»: Բանաձեւի նախագծում պնդում կար, թե մարդու իրավունքների արձանագրված ոտնահարումների, «այդ թվում՝ լրագրողների եւ իրավապաշտպանների վրա կատարված հարձակումների հետաքննություն է անցկացվել, եւ Վեհաժողովին տեղեկատվություն է տրամադրվել դրանց արդյունքների եւ պատասխանատու անձանց նկատմամբ օրենքով սահմանված յուրաքանչյուր գործողության մասին»: Վերջնական տարբերակում նշված է, թե այդ միջադեպերը, ճիշտ է, հետաքննվել են, բայց Վեհաժողովը տեղեկացվել է միայն «լրագրողների նկատմամբ բռնարարքների համար պատասխանատու անձանց դեմ հարուցած դատական գործի վերաբերյալ»: Այս ձեւակերպումը, ինչպես Ստրասբուրգից մեզ հայտնեց ԵԽԽՎ-ում «Արդարություն» դաշինքը ներկայացնող Շավարշ Քոչարյանը՝ ընդդիմադիր եւ իշխանական պատվիրակները ստորագրել են միասնաբար: «Այլապես նախորդ ձեւակերպումից տպավորությունն այնպիսին էր, թե ամեն ինչ քննվե՜լ է, բոլորը ենթարկվել են պատասխանատվությա՜ն եւ այդ մասին զեկուցվել է Վեհաժողովին,- ասաց պրն Քոչարյանը:- Իսկ այս նոր ձեւակերպմամբ արձանագրվում է, որ մեկ դեպքից բացի՝ մնացած անձինք չեն ենթարկվել պատասխանատվության»: Պատվիրակության անդամները համատեղ ստորագրել են նաեւ հետեւյալ հավելման ներքո, թե 1374 բանաձեւին հետեւած ժամանակահատվածում «ազատվել է մի հաճախություն, որն առանց մրցույթի՝ միջկառավարական համաձայնության հիման վրա եւ «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» ՀՀ օրենքի սահմաններում, տրվել է ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքին՝ վերահեռարձակման իրավունքով»: Շավարշ Քոչարյանն այս առնչությամբ հիշեցրեց, թե 1374 բանաձեւը պահանջում էր, որ լուծվի «Ա1+»-ի հարցը. «Քանի որ «Ա1+»-ն այս բանաձեւում էլի է հիշատակվում (խոսքն այն ձեւակերպման մասին է, թե ՀՌԱՀ-ի կազմը պետք է հնարավորինս շուտ նորացվի, որ արդար պայմաններ ստեղծվեն «Ա1+»-ի արտոնագիր ստանալու համար.- Ա. Ի.), համենայնդեպս, համարեցինք, որ այս նոր կետը եղածի համեմատ առաջընթաց է»: Մեր հարցին, թե ինչպե՞ս հնարավոր եղավ հասնել նրան, որ իշխանությունը եւ ընդդիմությունը ներկայացնող պատվիրակները նման միակամություն դրսեւորեն բավական վիճելի հարցերի շուրջ՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Համենայնդեպս՝ մեր կողմին այդ ձեւակերպումներն ավելի ձեռնտու էին, քան բանաձեւի նախագծում եղածը: Կար նաեւ մեկ այլ խնդիր. երեւի երկու կողմերն էլ, ամեն մեկն՝ իր գնահատականներով՝ գիտակցում էին, որ եթե չգնան փոխզիջման՝ կարող էին ավելի շատ բան կորցնել»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել