Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ

Հոկտեմբեր 09,2004 00:00

«ՄԵՐ ՈՒՂԻՆ ՊԵՏՔ Է ԸՆՏՐԵՆՔ ՄԵ՛ՆՔ» Վստահաբար ասում է բրազիլացի գրող Պաուլո Կոելյոն ԵՊՀ մեծ դահլիճը երեկ լեփ-լեցուն էր երիտասարդներով: Դժվարացա հիշել որեւէ հանդիպում, որի ժամանակ դահլիճում այդքան անկեղծ ծափահարություններ հնչեին: Իսկ այդ դահլիճը հյուրընկալել է շատ շատերին՝ բարձրագույն պաշտոնյաներից սկսած: Երեկ ուսանողների մոտ էր բրազիլացի աշխարհահռչակ գրող Պաուլո Կոելյոն, ում ժամանումը Հայաստան իրականացրել էր «Համազգային» կրթական կազմակերպությունը: Մինչ հանդիպումը, մի տեսակ վերապահումով էի մոտենում այն կարծիքին, թե բրազիլացի այս գրողն այսօր նաեւ հայ երիտասարդների կուռքն է: Սակայն դրանում համոզվեցի գրողի հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ հայտնաբերեցի, որ մեր երիտասարդները մեծ սեր են տածում դեպի գրականությունը, փիլիսոփայությունը, եւ ամենակարեւորը՝ դեպի կյանքը: Որովհետեւ Կոելյոյի գլխավոր բացահայտումներից մեկն այն է, որ կյանքը հրաշալի է, եւ մարդը երբեք չպետք է վախենա ինքն իրենից, իր երազանքից, ինչպիսին էլ այն լինի: «Որեւէ աշխատանքում ունեցեք ձեր թիրախը, սակայն իմացեք, որ շրջապատող աշխարհն էլ իր ուղղություններն է թելադրելու ձեզ: Ամեն անգամ երբ գիրք եմ գրում, դա նման է նավարկության, որի ընթացքում հաճախ նաեւ շրջապատող պայմաններն են ձեւավորում քո ընթացքը: Եվ երբ հասնում ես այն երանելի կղզուն, դեպի ուր նավարկում էիր, ամեն անգամ քո հոգու մի անծանոթ մասնիկն ես հայտնաբերում, ճանաչում ես ինքդ քեզ: Աշխարհում յուրաքանչյուր անձ ունի իր գիրքը, որ պետք է գրի»: Ի դեպ, Պ. Կոելյոն ինքն ընտրեց այն երիտասարդներին, ովքեր իրավունք կունենային իրեն հարց ուղղել. «Կյանքն ընտրանքներով է լի: Եվ իմաստնության իմ բանաձեւը հետեւյալն է. իմաստուն է նա, ով ընտրություն անելու կարողություն ունի: Դա կարող է լինել ճիշտ կամ սխալ որոշում, սակայն այն պետք է կայացնեք դուք եւ երբեք չլսեք նրանց, ովքեր կփորձեն ձեր վզին փաթաթել իրենց կարծիքը: Իրականացրեք միայն ձե՛ր երազները: Այստեղ գտնվելուս օրերին ինձ հրավիրում էին հուշակոթողներ ու թանգարաններ, իսկ ես ասում էի՝ ինձ տարեք կարաոկեներ, ինտերնետ ակումբներ: Մենք պետք է ընտրենք մե՛ր ուղին՝ ճիշտ թե սխալ: Բայց վերջում պարզվում է, որ ամեն դեպքում դու ճիշտ ես եղել: Ես իմ կյանքում շատ սխալներ եմ թույլ տվել, եւ սխալներից գոյացած վերքերն ու սպիներն իմ շքանշաններն են, եւ ես երբեք ինձ սխալի զոհ չեմ համարում»: Երբ խնդրանք հնչեց՝ պատմել «11 րոպե» գրքի մասին, հեղինակը սիրով համաձայնեց: Այդ գիրքը սեքսի մասին է, սակայն սեքս բառը կարելի է լիովին փոխարինել կյանք բառով, քանի որ սեքսի յուրաքանչյուր պահն այստեղ կարելի է համեմատել մարդկային ավելի լայն փոխհարաբերությունների հետ: Համեմատություններից մեկը հետեւյալն է: «Շատ հաճախ զուգընկերը ձեւ է անում, թե հասել է օրգազմի, ընդհանրապես սեքսի մեջ կեղծիք կա նաեւ, եւ դա զուգընկերն անում է՝ դիմացինին հաճույք պատճառելու համար միայն»: Երբ Կոելյոն հուզված պատմում էր այդ ամենի ու պոռնկուհի Մարիայի մասին, ով հաճախ ստիպված է լինում սեքսով զբաղվել առանց սիրո, դահլիճից մի տարեց դասախոս բղավեց. «Էլ ուրիշ թեմա չկա՞ խոսելու»: Կոելյոն անտարբերությամբ վերադարձավ Մարիային: Եվ բացեց գաղտնիքը, թե գրքի գեղանկարիչն ինքն է: Իսկ գրքում գեղանկարիչը սկզբից մինչեւ վերջ կրկնում է դահլիճի տարեց դասախոսի հարցը. «Արդյոք կա՞ սեքսից բացի խոսելու այլ թեմա, արդյո՞ք կյանքը միայն սեքսի մասին է»: Այս հարցին, իհարկե, պատասխան չտրվեց, ինչպես, օրինակ, այն հարցին, թե կա՞ Աստված, թե՞ ոչ: Կան հարցեր, որոնց պատասխանի չգոյության հետ պետք է հարմարվել. «Ավելի հետաքրքիր է հարցերով լեցուն կյանքը, քան պատասխաններով»,- արեց իր հերթական բացահայտումը բրազիլացի գրողը: Պ. Կոելյոյի սխալներից մեկն այն է եղել, երբ համաձայնել է իր հանրահայտ «Ալքիմիկոսը» վեպը բեմադրել: «Բեմադրիչը պետք է լինի ընթերցողը, եւ ամեն մի ընթերցող պետք է իր մտքում գիրքն ունենա միայն իր ընկալմամբ եւ ոչ՝ մեկ ուրիշի»: Իսկ ինչու է Կոելյոն համաձայնել գալ Հայաստան. «Դուք պատկանում եք իմ երեւակայությանը: Չգիտեմ, երբեւէ գիրք կգրե՞մ Հայաստանի մասին, բայց իմ հոգում Հայաստանը կա: Եվ կխնդրեմ՝ Ծիծեռնակաբերդում իմ տնկած ծառը երբեմն ջրեք»,- ասաց նա: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031