Լրահոս
Օրվա լրահոսը

Ցնցված

Հոկտեմբեր 12,2004 00:00

Ցնցված չեն, չեն էլ փնովում Երեւանում հոկտեմբերի 2-9-ը անցկացված «Հայ Ֆեստ» միջազգային թատերական երկրորդ փառատոնի մասին իրենց կարծիքն են հայտնում թատերարվեստի հայ գործիչները:Նրանց համոզմամբ, լավ կլիներ, որ ներկայացումները թվով քիչ լինեին, բայց բարձրարվեստ: Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյան.- Հայաստանում մշակույթի եւ ոչ մի ոլորտ «խոպան» չի եղել: Անընդհատ թմբկահարել, թե սա Հայաստանում, ավելին՝ տարածաշրջանում միակ միջազգային թատերական փառատոնն է, կարծում եմ, տեղին չէ: Հիշեցնեմ, որ առաջին միջազգային փառատոնը Հայաստանում անց է կացվել 1944-ին, որին հաջորդել են Հրաչյա Ղափլանյանի «Բարեկամություն» թատրոն-փառատոնը, այնուհետեւ «Անտիկ աշխարհը եւ մենք» եւ մինչ «Հայ Ֆեստի» սկսվելը՝ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոները: Ինչ խոսք, այս փառատոնը շարժ է մեր մշակութային կյանքում, սակայն մինչ այս կամ այն թատերախմբերին հրավիրելը, անհրաժեշտ է մանրազնին ուսումնասիրել, թե ում կամ ինչ է ներկայացվելու հայ հանդիսատեսին (նկատի ունի Ֆրանսիայի «Կոկյուետ» թատերախմբի՝ Երեւանի փողոցներում ցուցադրված «Մայրիկի հուղարկավորությունը» ներկայացումը): Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյան.- Չտեսած բանի մասին բարոյական չէ կարծիք արտահայտել: Բայց, եթե հետաքրքիր բան է լինում, հոտը տասը կիլոմետրից էլ է գալիս: «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ալբերտ Մկրտչյան.- Շատ հաճելի միջոցառում էր, անկախ նրանից՝ ես ինչին եմ համաձայն, ինչին՝ ոչ: Միայն նախօրոք պետք է ընտրել, թե որն է արվեստ, այսինքն՝ ինչը կարելի է ցույց տալ, ինչը՝ ոչ: Երեւանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Արա Երնջակյան.- Կարծում եմ, որ Երեւանի թատերական կյանքում պետք է այս փառատոնը: Հույս ունեմ, որ հետագայում ավելի ճոխ ընտրություն ու հետաքրքիր ներկայացումներ կբերվեն: Երեւանի կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արմեն Մելիքսեթյան.- Եթե անցյալ տարի ունեի կասկածներ, այս տարի դրանք փարատվեցին: Մանրամասնեմ. 2003-ին, երբ մենք մասնակցում էինք, արտերկրի թատերախմբերի արվեստագետներից կազմված հանձնախումբը չհասցրեց դիտել բոլոր ներկայացումները: Իսկ մեզ համար կարեւոր էր մեր կոլեգաների կարծիքը: Չէ, այս տարի այդ չէր պատճառը, որ չմասնակցեցինք: Պատրաստվում ենք Արամ Սաթյանի «Լիլիթ» փոփ-օպերայի պրեմիերային, որը, կարծում ենք, կկայանա մինչեւ տարեվերջ, եթե, իհարկե, նախարարությունը ֆինանսավորի: Երեւանի մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ժիրայր Դադասյան.- 2001-ին մնջախաղի թատրոնը եւ «Հայ Ֆեստի» նախագահ Արթուր Ղուկասյանը անցկացրել են փառատոն, որը, փաստորեն, խթան հանդիսացավ այս փառատոնի մտահղացմանը: Հաջորդ տարի մենք կմիանանք «Հայ Ֆեստին»՝ մնջախաղի միջազգային «Նազենի» մրցանակաբաշխությամբ: Ցանկությունս է, որ փառատոնի շրջանակներում լինեն քիչ, բայց որակյալ թատերախմբեր: «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Արմեն Մազմանյան.- Չէի ասի, որ ցնցված եմ, բայց, այնուամենայնիվ, զարմացած եմ: Ինչպե՞ս կարող են վարչապետն ու պաշտպանության նախարարը աջակցել միջազգային թատերական փառատոնին, իսկ մշակույթի նախարարը՝ ոչ: Այնուհանդերձ, արտերկրի թատերախմբերի հետ շփումները, նրանց մոդեռն ներկայացումները մեզ թույլ են տալիս դուրս գալ գավառական մակարդակից, խորհելու ու ստեղծագործական նորանոր ուղղություններ փնտրելու առիթ են տալիս: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել