Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՀ-ՈՒՄ՝

Նոյեմբեր 02,2004 00:00

ԱՊՀ-ՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ Մինչ ՌԴ նախագահ Պուտինն այնքան էր ոգեւորվել Յանուկովիչին աջակցելով, որ Ուկրաինային առաջարկում է քննարկել երկքաղաքացիության հարցը, ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հայտարարում է այդ երկրում կայացած ընտրությունները միջազգային չափանիշներին չհամապատասխանելու մասին: Կիրակի Ուկրաինայում տեղի ունեցան նախագահի ընտրություններ, որին առանձնակի ուշադրությամբ էին հետեւում եւ Ռուսաստանում, եւ Արեւմուտքում: Ավելին, Ռուսաստանը՝ ի դեմս այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի, անձամբ մասնակցեց Ուկրաինայի գործող նախագահ Կուչմայի հետնորդի՝ այդ երկրի ներկայիս վարչապետ Վիկտոր Յանուկովիչի նախընտրական քարոզարշավին՝ ներկա գտնվելով Կիեւի ազատագրման 60-ամյակի արարողությանը: Ինչ վերաբերում է ընդդիմադիր թեկնածու Վիկտոր Յուշչենկոյին, ապա նա հայտնի է իր արեւմտամետ դիրքորոշմամբ, ուստի նրա ընտրությունը նախագահի պաշտոնում ձեռնտու է Արեւմուտքին: ՌԴ-ի եւ Արեւմուտքի աշխարհաքաղաքական տարբեր շահերի համատեքստում էլ պետք է դիտարկել ԱՊՀ, ԵԱՀԿ եւ ԵԽ դիտորդական առաքելությունների՝ ընդհանուր թվով 4000 դիտորդ, ուկրաինական ընտրություններին տրված իրարից տարբերվող գնահատականները: Հիշեցնենք, որ այս իրավիճակը հայտնություն չէ, որովհետեւ այդ երկու առաքելությունները մինչ այս տարակարծիք են եղել նաեւ ՀՀ-ում, Վրաստանում, Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների գնահատման հարցում՝ կախված այն բանից, թե նախագահների թեկնածուներից ով ինչ արժեքային համակարգի կրող է: Բոլոր դեպքերում, ինչպես եւ ակնկալվում էր, ընտրապայքարն անցավ թեժ եւ անզիջում մթնոլորտում: Այնքան թեժ, որ Ուկրաինայում մինչեւ քվեարկության օրն էլ կանխատեսվում էին նույնիսկ զանգվածային բախումներ: Համենայնդեպս, պրոֆիլակտիկայի համար Ուկրաինայի իշխանությունները զգուշանալով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ հնարավոր հարձակումներից՝ ԿԸՀ շենքի մոտ ռազմական տեխնիկա եւ «շտապօգնության» մեքենաներ էին կենտրոնացրել: Հետաքրքրականն այն է, որ իշխանությունները հայտարարել էին, թե թույլ չեն տա Վրաստանում տեղի ունեցածի կրկնությունը: Միաժամանակ, եւ ԱՊՀ, եւ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունները հայտարարել են ընտրությունների ժամանակ արձանագրված «զանգվածային խախտումների» մասին: Բայց եթե ԵԱՀԿ դիտորդներն այդ արձանագրելով մատնանշում են հիմնականում իշխանական թեկնածուի կամ պետական մակարդակով իրականացվող խախտումների մասին, ապա ԱՊՀ դիտորդներն արձանագրում են ընդդիմադիր թեկնածուի օգտին, հատկապես՝ երկրի արեւմուտքում, որտեղ Վ. Յուշչենկոն հավաքել է ձայների 50-60 տոկոսը, տեղ գտած խախտումները, ինչպիսին է, օրինակ՝ քվեարկության ընթացքում տարվող քարոզչությունը: Արձանագրված խախտումներն էլ, ի դեպ, մեզ հայտնի «տեխնոլոգիաների» ոլորտից են: Ասենք, Արեւելյան Ուկրաինայից, որի ընտրազանգվածը համակրում է Յանուկովիչին, ավտոբուսներով մարդիկ են տարվում Արեւմտյան Ուկրաինա՝ քվեարկելու համար: Արձանագրվել են նաեւ առանց անձնագիր ունենալու քվեարկության փաստեր, որոշ տեղամասերում ընտրացուցակում առկա ընտրողների թիվն ու լրացուցիչ ցուցակով ընտրությունների մասնակցածների թիվը գրեթե հավասար է եղել: Դատարանում ընտրելու իրավունք ստացած մարդկանց, համապատասխան տեղեկանքներն ունենալով հանդերձ, թույլ չէր տրվում ընտրություն կատարել: Ընտրատեղամասերում ընտրական հանձնաժողովների անդամներին, ընդհանուր թվով 120 հոգի, վռնդում են հանձնաժողովներից՝ թույլ չտալով կատարել իրենց պարտականությունները եւ այլն: Ի դեպ, ինչպես Հայաստանում էր, Ուկրաինայում էլ ընդդիմադիր թեկնածուի շտաբը ԿԸՀ-ին զուգահեռ իր սեփական հաշվարկներն էր սկսել իրականացնել՝ նկատի ունենալով տեղ գտած աղաղակող խախտումները: Բնական է, որ ԿԸՀ-ի գնահատմամբ, ընտրությունները՝ բացառությամբ ընտրացուցակներում տեղ գտած թերությունների, նորմալ են անցել, թեեւ շատ դիտորդներ բողոքել են նաեւ իրենց՝ ընտրական տեղամասեր մուտք գործելն արգելելու վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, ընտրողների 10 տոկոսը չի կարողացել մասնակցել ընտրություններին՝ ընտրացուցակներում եղած անճշտությունների պատճառով: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել