Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Նոյեմբեր 06,2004 00:00

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԱՊԱՐԴՅՈՒՆ ՃԻԳԵՐ Օգոստոսի 20-ին կարճելով «Արդարություն» դաշինքի դեմ հարուցված քրգործը՝ դատախազությունը փաստորեն կարճեց նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի դիմումի քննությունը՝ իր նկատմամբ իրականացված բռնարարքների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որ կցվել էր այս գործին: «Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը շատերի իրավունքների նկատմամբ իրականացվեցին ոտնձգություններ ու խախտումներ, այդ թվում՝ խոշտանգվեցին կանայք եւ աղջիկներ»,- մեր զրույցի սկզբում նախ հիշեցրեց Արտակ Զեյնալյանը: Սակայն «Հանրապետության» գրասենյակից ոստիկանություն տարված կանայք չդիմեցին արդարադատության մարմիններին՝ իրենց խոշտանգողներին պատասխանատվության կանչելու պահանջով. «Այո՛, նրանք չդիմեցին, սակայն մամուլում եղավ հրապարակում, որ բավարար հիմք է քրեական գործ հարուցելու համար: Օրինակ, Ծաղկաձորում լրագրողների նկատմամբ իրականացված ոտնձգությունների առնչությամբ մամուլում առկա հրապարակումների հիման վրա հարուցվել էր քրգործ,- հիշեցրեց պրն Զեյնալյանը:- Այսինքն՝ ոչ միայն ամրագրված է Քրեական դատավարության օրենսգրքում, այլ նաեւ կա պրակտիկան: Եվ պարտավո՛ր էին այս կապակցությամբ էլ հարուցել քրգործ: Սակայն դա չարվեց, եւ ես որոշեցի ինքս նախաձեռնել գործընթաց: Սկսել էի ինձնից: Օրենքով նախատեսված կարգով քրգործ հարուցելու պարագայում, բնականաբար, կտրվեին ցուցմունքներ ու վկայություններ, եւ բոլոր նրանք, ովքեր ենթարկվել էին խոշտանգման, կհրավիրվեին ու ընթացք կտրվեր տեղի ունեցածի բացահայտմանը: Սակայն դատախազությունն իմ հայտարարությունը, օրենքով չնախատեսված կարգով, ուղղակի կցել էր «Արդարություն» դաշինքի դեմ հարուցված գործին»: Հիշեցնենք, որ պրն Զեյնալյանը դատարաններում բողոքարկեց, թե չի կայացվել իր հայտարարությունը գործին միացնելու որոշում եւ այն իրեն չի տրամադրվել. «Դատական որեւէ ատյանում չկարողացա հասնել հաջողության, որ ստանամ քրգործ հարուցելու կամ այն մերժելու մասին որոշում: Ստացել եմ նաեւ վճռաբեկ դատարանի որոշումը, թե դատախազությունը ճիշտ է վարվել, որ չի տրամադրել ինձ որոշում: Եվ սա եւս չի տեղավորվում իրավունքի շրջանակներում»: Հետեւած ամիսներին նա այդպես էլ չհրավիրվեց հարցաքննության իր հայտարարության առնչությամբ: Ուր մնաց թե՝ ճանաչվեր տուժող, քանի որ ենթարկվել էր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի՝ խոշտանգման: Արտակ Զեյնալյանը բացակայում էր Հայաստանից՝ ԱՄՆ-ում էր, երբ շուրջ մեկամսյա ուշացումով հայտնի դարձավ, որ կարճվել է «Արդարության» դեմ հարուցված գործը. «Եվ էլի՝ ինձ չի ուղարկվել որոշում: Հիմա պիտի փորձեմ ստանալ այն, եւ դրանից հետո կորոշեմ, թե ինչպես եմ պաշտպանելու իմ իրավունքները»: Այսինքն՝ դարձյա՞լ բողոքարկելու է դատարան՝ հարցին էլ պատասխանեց, թե անպայմա՛ն հետամուտ է լինելու. «Ես չգիտեմ՝ գուցե իմ հայտարարության մասով գործն առանձնացվե՞լ է: Ի վերջո՝ ես չեմ տուժել «Արդարության» գործողություններից, իսկ գործը հարուցված էր դաշինքի դեմ»: Հիշեցնենք, որ այս գործը կարճվեց իրավիճակի փոփոխման հիմքով: Սակայն Արտակ Զեյնալյանը վստահեցնում է. «Իհարկե՛, իրավիճակը փոխվեց ապրիլի 12-13-ին, երբ արցախյան պատերազմի վետերանիս նկատմամբ ցուցաբերվեց նման վերաբերմունք, ու ես նաեւ ականատես եղա, թե ինչպես են վերաբերվում աղջիկներին ու կանանց՝ հայ լինելու հավակնություն ունեցող անձինք: Իսկ դրանից հետո որեւէ իրավիճակ չի փոխվել այլեւս»: «Հանրապետության» քաղխորհրդի նախագահն այն ժամանակ էլ դիմեց դատախազություն՝ կուսակցության գրասենյակում իրականացված թալանի կապակցությամբ: Թերեւս զուտ հռետորական հարց էր, բայց այնուամենայնիվ հետաքրքրվեցինք՝ այսքան ամիս ա՞նց էլ չի հետեւել որեւէ արձագանք: Արտակ Զեյնալյանը հաստատեց՝ դիմումը մնացել է անհետեւանք, եւ գրասենյակից տարված գույքի մեծ մասն այդպես էլ չի վերադարձվել. «Եվ անգամ «իրավիճակը փոխվելուց» հետո չի փոխհատուցվել մեր կրած վնասը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀ. Գ. Ի դեպ, ԱՄՆ-ից նոր վերադարձած Արտակ Զեյնալյանին խնդրեցինք կանխատեսել՝ Հայաստանում ե՞րբ կանցկացվեն այնպիսի ընտրություններ, որոնցից հետո պարտվածը կշնորհավորի հաղթողին՝ ինչպես Քերին շնորհավորեց Բուշին. «Կարծում եմ`1999-ի մայիսի խորհրդարանական ընտրությունները ստեղծել էին նախադրյալներ, որ հետագայում մոտենանք այդ կուլտուրային: Իսկ պարտվողը շնորհավորում է հաղթողին, երբ համոզված է լինում, թե ընտրություններն ընթացել են օրինական: Հենց եղան նման ընտրություններ՝ կլինեն նաեւ նման շնորհավորանքներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել