Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶՎԱՐԹՆՈՑ»

Նոյեմբեր 16,2004 00:00

«ԶՎԱՐԹՆՈՑ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԸ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ Է ՀԱՍՏՈՑՆԵՐ Իսկ ստուգումները կանխվում են «վերեւի» զանգերով «Զվարթնոց» ՍՊԸ-ն 2001-02թթ. Հայաստանից արտահանել եւ վերաարտահանել է մեծ քանակությամբ հաստոցներ: Այս տեղեկությունները երկու տարվա համառ ջանքերից հետո դատարանի օգնությամբ կարողացավ ձեռք բերել «Զվարթնոց» ընկերության հիմնադիրներից եւ բաժնետերերից մեկը՝ Գոհար Ղազարյանը: Ընկերության տնօրեն Լենդրիկ Հայրապետյանը գաղտնի է պահում ընկերության գործունեության մասին բոլոր տեղեկությունները եւ գործարքները: Մեզ հաջողվել է պարզել, որ այդ ընկերությունը որեւէ տեղից չի ներկրել հաստոցները եւ սարքավորումները, որոնք նշված են հարկային տեսչության տեղեկանքներից մեկում: Դրանք կեղծ ձեւակերպված գործարքներ են եւ սարքված փաստաթղթեր: Հաստոցներ արտահանողները վերաարտահանում են ձեւակերպում, որպեսզի ազատվեն մաքսատուրքից եւ ավելացված արժեքի հարկից: Միաժամանակ, արտահանելու համար անհրաժեշտ է ձեռք բերել հատուկ թույլտվություն: Քանաքեռ-Զեյթուն տարածքային հարկային տեսչությունը 2003թ. մայիսին մի քանի օր «Զվարթնոց» ընկերությունում ստուգումներ կատարելուց հետո հանկարծ որոշում է դադարեցնել դրանք՝ պատճառաբանելով. «Ստուգման ընթացքում առաջացած առանձին խնդիրների ճշտման անհրաժեշտությունից ելնելով… պետի թիվ 01/573-Լ հրամանով ստուգման ընթացքը կասեցվել է»: Թե ինչ են որոշել ճշտել, հայտնի է միայն հարկայինի պետին, նրան զանգողներին եւ, իհարկե, «Զվարթնոց» ՍՊԸ-ի տնօրեն Լենդրիկ Հայրապետյանին: «Զվարթնոց» ՍՊԸ-ում ստուգումների կասեցման պատճառը առանձին պատմություն է. ո՞վ է կարողանում կասեցնել հարկայինի ստուգումները: Իհարկե, վերեւներից մեկի զանգը: Իսկ ո՞վ է վերեւներից զանգողը: Նա, ով հաստոցներ է արտահանում Իրան: Իսկ ինչպե՞ս է կինոթատրոնը ծավալել նման գործունեություն: «Զվարթնոց» ՍՊԸ-ն ստեղծվել է նախկին «Զվարթնոց» կինոթատրոնի բազայի վրա: Բաժնետերերից եւ հիմնադիրներից են Գոհար Ղազարյանը, նրա նախկին ամուսինը՝ Վաղինակ Պողոսյանը, Լենդրիկ Հայրապետյանը եւ մի քանի հարազատներ: Նոր կանոնադրության հաստատման պատրվակով բաժնեմասերի փոփոխություն է կատարվել, որի ընթացքում Գոհարի բաժնեմասը պակասեցվել է: Գոհարը համաձայն չի եղել այս գործընթացներին, եւ այժմ նա տարբեր ատյաններում պնդում եւ վիճարկում է կանոնադրության գրանցման ընթացքում իր ստորագրությունը կեղծելու հանգամանքը: Համեմատելով այդ ստորագրությունները՝ անզեն աչքով կարելի է տեսնել դրանց կեղծ լինելը: Գոհարը դիմում է նոտարական գրասենյակ՝ խնդրելով իրեն տալ «Զվարթնոց» ՍՊԸ-ի կանոնադրության բնօրինակը, սակայն մերժում են՝ պատճառաբանելով, թե միայն տնօրենի դիմումի համաձայն կարող են տալ: Ընկերության տնօրեն Լենդրիկ Հայրապետյանն էլ չի տալիս իր համաձայնությունը: Դատարանում մեծ ջանքերից հետո Գոհարին հաջողվել է ձեռք բերել ընկերության գործունեության որոշ փաստաթղթեր, որոնցից պարզվել է՝ «Զվարթնոցը» շահույթ է ունեցել: Ուստի բաժնետերն իրավունք ունի շահաբաժին ստանալ, ինչի վերաբերյալ դատարան հայց է ներկայացրել: Հոկտեմբերի 19-ին Տնտեսական դատարանում դատավոր Կարեն Չիլինգարյանի նախագահությամբ կայացած դատական նիստում Լենդրիկ Հայրապետյանի, դատավորի եւ պատասխանողի հարցերի պատասխաններից պարզվեց, որ 2002թ. ընկերությունն ունեցել է 10-12 մլն դրամ շահույթ: Դատավորի հարցին՝ ի՞նչ եք արել այդ շահույթը, Լ. Հայրապետյանը պատասխանեց. «Իրականում չի եղել շահույթ, օդում է: Էդ գործարքները մենք չենք արել, մենք միջնորդ ենք եղել, ուրիշի փողն էր, ուրիշ մարդիկ են եղել»: Դատավորը փորձեց պարզել, թե որտեղ է ընկերության ստացած շահույթը: Ըստ Լենդրիկ Հայրապետյանի՝ դրանք ոչ ընկերության բանկային հաշվում են, ոչ դրամարկղում, ոչ էլ տանը: Տարօրինակ մի հանգամանք. մի քանի օր անց դատական նիստի արձանագրությանը ծանոթանալիս պարզվեց, որ այս հատվածը չկա արձանագրության մեջ: Գոհար Ղազարյանի՝ Քանաքեռ-Զեյթուն տարածքային հարկայինից ձեռք բերած փաստաթղթերում առկա է շահույթը: Թե ովքեր են այդ պատմության մեջ ներքաշել Լենդրիկ Հայրապետյանին, նա առայժմ չի ասում: Մենք միայն կարողացել ենք պարզել, որ դրանք մեր ավանդական կուսակցություններից մեկի ներկայացուցիչներ են: Հենց նրանք են միջնորդել, որպեսզի հարկայինը դադարեցնի ստուգումները «Զվարթնոց» ՍՊԸ-ում: Իսկ ընկերության 2003-04թթ. գործունեությունը դարձյալ փակ է բաժնետիրոջ առաջ: Գ. Ղազարյանին հայտնի չէ, թե ա՛յս ընթացքում ինչով է զբաղվել ընկերությունը, Հայաստանից որքան հաստոցներ է արտահանել եւ որքան շահույթ ստացել: Գ. Ղազարյանը ստիպված է լինելու այս տեղեկությունները դարձյալ դատարանի օգնությամբ ստանալ: Եթե, իհարկե, «հաստոց արտահանողները» մինչ այդ աշխատած փողերից բաժին չհանեն «վերեւներին»: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆյութն ամբողջությամբ՝www.hetq.am-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել