Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն

Դեկտեմբեր 17,2004 00:00

«Ամեն մի որոշում իր գինն ունի» ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը կողմ է, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումը Իրաք գործուղվի: Երեկ «Առավոտի» հետ զրույցում նա նախ խոսեց այն մասին, որ Հայաստանը չի կարող մի կողմ քաշվել ու դուրս մնալ աշխարհում ծավալվող եւ նոր որակներ ստացող հակատեռորիստական գործողություններից՝ անկախ մեր հարեւանների մասնակցությունից: «Հայաստանը պետք է հետամուտ լինի իր կոնկրետ հետաքրքրություններին եւ շահերին: Եթե խոշոր երկրները՝ Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, որոնք եվրոպական քաղաքականության մեջ ազդեցիկ դերակատարում ունեն, կարող են իրենց թույլ տալ «շռայլություն» եւ քաղաքականության մեջ փոփոխություններ կատարել, այն էլ շատ շրջահայացորեն են այդ ամենն անում, ապա Հայաստանը ընդհանրապես մասնակցություն չունենալով ընթացող գործընթացներին՝ ինքն իրեն դուրս է թողնում միջազգային հանրության համար հետաքրքրություն ներկայացնող գործընթացներից»,- «Առավոտի» դիտարկմանը, թե որքանով է իմաստավորվում այդ քայլն այսօր, երբ տարբեր երկրներ իրար ետեւից դուրս են գալիս հակատեռորիստական կոալիցիա կոչվածից, ասաց Խ. Հարությունյանը: Ընդհանրապես, այդ հարցում երկարաժամկետ մասնակցությունը ՔԴՄ նախագահը համարում է Հայաստանի համար շահավետ՝ միջազգային վարկը բարձրացնելու եւ առավել եւս՝ հետագայում հետպատերազմյան Իրաքում ծավալվող գործողություններին մասնակցության առումով: Հաջորդ դրական երանգը, ըստ մեր զրուցակցի. «Արդյո՞ք այս որոշումով մենք ավելի չենք մերձեցնում մեր հարաբերությունները ԱՄՆ-ի, հետեւաբար միջնորդավորված նաեւ ՆԱՏՕ-ի հետ: Անկասկած՝ մերձեցնում ենք»: Իհարկե, Խ. Հարությունյանն այս որոշումը սպառնալիքներից, հնարավոր դժվարություններից զերծ չի համարում, այդ թվում նաեւ՝ Սփյուռքի համար, բայց՝ «ցանկացած որոշում, որը երկարաժամկետ հատվածի համար կարող է քաղաքական որակական դիվիդենտներ ապահովել, այդպիսի որոշումները, կոպիտ ասած, կարող են նաեւ իրենց գինն ունենալ: Եթե առաջնահերթություն ենք համարում Հայաստան-ՆԱՏՕ ռազմական գործակցության խորացումը, Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային հանրության համար հետաքրքրություն ներկայացնող գործընթացներում, ապա պետք է գնանք այդ քայլին: Համաձայնեք, որ մեր զորամիավորումները, որոնք Կոսովոյում մասնակցում էին ՆԱՏՕ-ի հովանու ներքո տեղի ունեցող միջոցառումներին, դրանից Հայաստան պետությունը միայն շահեց: Եվ այս հարցում որոշում ընդունելիս մեզ բացարձակ չպետք է հետաքրքրի, թե դրան ինչպես են վերաբերվում երրորդ երկրները, այդ թվում նաեւ՝ ռազմավարական դաշնակից (նկատի ունի ՌԴ-ն- Ն. Գ.)»: Իսկ կընդունի՞ խորհրդարանը նման որոշում: Պարոն Հարությունյանի կարծիքով՝ ողջամտությունը կհաղթի, քանզի այդ փաստաթուղթը վավերացնելու հիմքեր, ըստ նրա, խորհրդարանն առավել քան ունի: Այս համատեքստում արաբական երկրներում հայկական գաղութների խնդրին ՔԴՄ նախագահի վերաբերմունքն այսպիսին է. «Այսօր դեռ մենք Իրաք զորք չենք ուղարկել, բայց մեր Սփյուռքը, մասնավորապես Իրաքում, վտանգազերծ չէր: Հրկիզվում կամ պայթեցվում է եկեղեցին եւ այլն: Ուստի երկրի համար կարեւոր այս խնդիրը կապել միայն Սփյուռքի մի հատվածի հետաքրքրությունների հետ՝ այդքան էլ ճիշտ չէ: Մենք իրավունք չունենք Սփյուռքն անտեսել, բայց ոչ այս պահին: Վերջիվերջո, Լիբանանում եղել են դեպքեր, եւ մեր Սփյուռքը ժամանակին հայտնվել է ծանր կացությունում, բայց ոչ Հայաստանի պատճառով կամ մասնակցության հետեւանքով»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել