Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախն»

Հունվար 18,2005 00:00

«Արցախն» ընդդեմ ԱՄՆ պետդեպարտամենտի «Արցախ» հայրենակցական միության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը երեկ հրապարակեց իրենց հայտարարությունը ԼՂ հարցի շուրջ ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության առնչությամբ: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը հայտարարել էր. «Նախագահ Բուշին անհանգստացնում է հանգամանքը, որ Ռուսաստանը բավական ճնշում չի գործադրում Մերձդնեստրի, Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Լեռնային Ղարաբաղի հարցերը լուծելու համար»: Ըստ նրա՝ բոլոր չորս հակամարտությունները քննարկվելու են Բուշի եւ Պուտինի փետրվարյան հանդիպման ժամանակ. «Հենց Ռուսաստանի շահերից է բխում, որ Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսիան եւ Լեռնային Ղարաբաղը լինեն կայուն, կոռուպցիայից զերծ եւ հեռացվեն այնտեղ իշխող քրեական անջատողականները»: Երեկ «Արցախ» միությունը ի պատասխան տարածեց հայտարարություն, որտեղ Էլիզաբեթ Ջոնսի պնդումները գնահատվում են իբրեւ «հրահրիչ գնահատականներ», որոնք «չեն կարող չշարժել ցանկացած մտածող մարդու զայրույթը»: ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հասցեին օգտագործվում է «այդ անձնավորությունը», որը «մի էկզոտիկ խորհուրդ է աշխարհ բերել» եւ նման արտահայտություններ: «Արցախի» գնահատականով՝ Էլիզաբեթ Ջոնսը որոշել է Մինսկի խմբի «գործը հարվածի տակ դնել»: Նաեւ հիշեցված է, թե ԱՄՆ կառավարությունն ուղղակի օգնություն է ցույց տալիս ԼՂ-ին: «Մենք գտնում ենք, որ բարձրաստիճան պաշտոնյայի անպատասխանատու հայտարարությունները ոչ միայն վնաս են հասցնում Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին, այլեւ ուղղակի սադրանք են: Իր մտացածին գնահատականներով տիկին Ջոնսը պարզապես լարում է ստեղծում խնդրի շուրջ, ինչն ուղղակի սպառնալիք է հակամարտության մեջ ներգրավված ժողովուրդների անվտանգության համար: Մենք կասկած չունենք, որ ԱՄՆ բարձր ատյանները կարգի կհրավիրեն բոլոր սահմանները խախտած, պատասխանատու պաշտոնում իր գործունեությունն ավարտող տիկնոջը»,- նշված է հայտարարության մեջ: «Արցախ» ՀՄ նախագահ Համլետ Հարությունյանը երեկ հրավիրված ասուլիսում ի լրումն հայտնեց, թե իրենց կազմակերպությունը նամակ է նախապատրաստել Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը՝ պարզաբանումներ ստանալու նպատակով. «Գուցե սա սադրա՞նք է: Գուցե հենց ԱՄՆ թշնամինե՞րն են տարածել այս սադրանքը»: Ըստ նրա՝ իրականության հետ որեւէ աղերս չունի Էլիզաբեթ Ջոնսի պնդումը, թե Լեռնային Ղարաբաղում իշխողը «քրեական անջատողականներ» են: Համլետ Հարությունյանը ենթադրեց, թե ԱՄՆ պետքարտուղարի օգնականը թերեւս նկատի է ունեցել այլ չճանաչված հանրապետություններում առկա իրավիճակը, որտեղ դեռեւս գործում են դաշտային հրամանատարները. «Լեռնային Ղարաբաղը վաղո՜ւց անցել է այդ փուլը: Եվ այս հանրապետությունն իր կառուցվածքով, ժողովրդավարական սկզբունքներով ու կոռուպցիայի չափով եթե առաջ չէ, ապա ետ էլ չէ հետխորհրդային բոլոր հանրապետություններից՝ Ստալինի կողմից ճանաչված կամ չճանաչված: Ջոնսն ուղղակի թացը չորի հետ խառնել է, եւ այստեղ գործ ունենք ուղղակի փաստերի աղավաղման հետ»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀ. Գ. Մի խումբ երիտասարդական կազմակերպություններ երեկ նույնպես տարածեցին պատասխան հայտարարություն. «ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հայտարարությունից ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ կարծես ԱՄՆ-ի կառավարությունը լավատեղյակ չէ արցախյան հիմնահարցի սկզբնապատճառներին: Տիկին Ջոնսի դիտարկումը առավել քան անհասկանալի է ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի այն հայտարարության համատեքստում, ըստ որի՝ արցախյան հիմնահարցը էականորեն տարբերվում է մերձդնեստրյան, աբխազական – հարավօսական հակամարտություններից»: Հայտարարության հեղինակներն այսօր կազմակերպելու են բողոքի ակցիա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել