Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողները վախենում են ցրտից

Հունվար 25,2005 00:00

Ծնողները վախենում են ցրտից Կանխատեսում՝ երեխաներին դպրոց ուղարկելուց առաջ Երեկվանից հանրակրթական դպրոցներում պաշտոնապես վերսկսվել են դասերը, սակայն, ընդհանուր առմամբ, աշակերտների հաճախելիությունը տնօրենների մեծ մասին չի գոհացնում: Մի քանի դպրոցներում արված մեր հարցումներից պարզվեց, որ, միջին հաշվով, երեկ սկսել է դպրոց հաճախել աշակերտների կեսից ոչ ավելին: Ըստ տնօրենների, հիմնական պատճառը ծնողներն են, ովքեր խուսափում են «այս ցրտին» երեխաներին դպրոց ուղարկել: Իհարկե, ծնողների մտավախությունն իրականում այն է, որ երեխաներին բավականաչափ տաք դասասենյակներ չեն սպասում: Հակահամաճարակային տեսչությունն անցյալ շաբաթ հայտարարեց, որ տեսչության աշխատակիցները խստորեն կհետեւեն դասասենյակներում պահանջվող ջերմաստիճան ապահովելուն. հակառակ դեպքում նպաստավոր պայմաններ են ստեղծվում բազմաթիվ օդակաթիլային վարակների տարածման համար: Հիշեցնենք, որ հանրապետությունում վերջին 15 օրերին մեծ թափով ավելանում է կարմրուկով հիվանդների թիվը, եւ առողջապահության ոլորտի պատասխանատուներն իրենց պարտքը համարեցին քաղաքացիներին զգուշացնել, որ հիվանդ երեխային դպրոց կամ մանկապարտեզ չուղարկեն, ուշադիր լինեն, որովհետեւ կարմրուկը սկզբնական շրջանում կարող է հարբուխային ախտանիշներով ի հայտ գալ: Պարզվում է՝ մասնագետների այս զգուշացումները խուճապ են առաջացրել մեր համաքաղաքացիների շրջանում, եւ նրանք որոշել են, որ երեխաներին ոչ մի դեպքում պետք չէ դպրոց ուղարկել: Այս մտահոգությունը մեզ հետ զրույցում հայտնեց Չարենցի անվան դպրոցի տնօրեն Աիդա Ղազարյանը: Այս դպրոցն ունի սեփական կաթսայատուն, եւ երեկ դպրոց էր եկել աշակերտների 75-80 տոկոսը: Ըստ տնօրենի, ավելի պարտաճանաչ են գտնվել ցածր դասարանների աշակերտները: Մեր հարցին, թե լոկալ ջեռուցման պայմաններում ինչո՞ւ դպրոցը երկարացրեց ձմեռային արձակուրդը, եթե կարող էր դիմել նախարարություն եւ դասերը ժամանակին սկսելու թույլտվություն ստանալ, տիկին Ղազարյանն ասաց, որ իրենք ենթարկվել են նախարարի հրամանին, իսկ արձակուրդի օրերին երեխաները թեպետ դաս չեն պարապել, բայց գնացել են դպրոց, երգել, պարել, ուրախացել, ուսուցիչների հետ այցելել թանգարաններ: Թիվ 59 դպրոցի տնօրեն Սամվել Ադամյանը երեկ դժգոհ էր իր դպրոցի աշակերտների հաճախելիությունից. դպրոց էր եկել աշակերտների 40 տոկոսը, իսկ տնօրենն ակնկալում էր գոնե 50-60 տոկոս: «Դասղեկները ծնողների հետ հանդիպեցին, զրույցներ ունեցան, տեղեկացրինք, որ երեխաներին ընդունելուց 32 ժամ առաջ տեները միացրել ենք, հասցրել ենք վերանորոգել նաեւ տանիքը, եւ արդյունքում՝ այսքան բացականեր: Ընդ որում՝ որտեղ դաս ունեի, այնտեղ գրեթե բացակա չկար, հետո, հաջորդ ժամերին սկսեցին ավելի քչանալ»: Ի դեպ, պրն Ադամյանն էլ իր հերթին էր մոնիտորինգ արել եւ իր գործընկերների հետ զրույցից պարզել է, որ իր դպրոցում վիճակը բացակայությունների առումով համեմատաբար նորմալ է: Սեփական կաթսայատուն ունի նաեւ թիվ 20 դպրոցը, սակայն տնօրեն Նարինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում անկեղծ խոստովանեց, որ կուզեր արձակուրդներն ավելի երկարաձգել՝ խնայելով միջոցները. «Բյուջե չունեմ, 500 հոգանոց դպրոցում, երբ այն ֆինանսավորվում է մեկ աշակերտի թվով, կաթսայատուն պահելը շատ դժվար է»: Այս դպրոցում, ի դեպ, երեկ հաճախելիությունը կազմում էր 50 տոկոս, եւ հիմնականում ծուլացել են միջին դասարանցիները: Տիկին Հովհաննիսյանը մեզ փոխանցեց ծնողների մտահոգությունը, որ նրանք հայտնել են դասղեկների հետ հանդիպման ժամանակ. «Նրանք ասում են, որ վախենում են էպիդեմիայից (թեպետ հիվանդացության ընդգրկման շրջանակը շատ հեռու է համաճարակ կոչվելուց- խմբ.), ասում են՝ ամսի 1-ին էպիդեմիան կավարտվի, երեխաներին կուղարկենք դպրոց»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել