Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ

Հունվար 27,2005 00:00

«ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐ ԿՐԵՄԼ ՉԷ» ԵԽԽՎ ամբիոնից երեկ ազդարարեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ փաստորեն կրկնելով Ռոբերտ Քոչարյանի համանման հայտարարությունը, թե Եվրախորհուրդը «պոլիտբյուրո» չէ: Վրաստանի նախագահի ելույթի «պաշտոնական» առիթն այս էր՝ Սահակաշվիլին ԵԽԽՎ դատին ներկայացրեց իր ծրագիրը Հարավային Օսիայում խաղաղ կարգավորման հասնելու վերաբերյալ: Նախապատրաստվում է փաստաթուղթ Հարավային Օսիայի իրավական կարգավիճակի վերաբերյալ: Վրաստանի նախագահի ելույթից պարզ դարձավ, որ խոսքը լայն ինքնավարության մասին է: Սակայն իրականում Սահակաշվիլին երեկ կարծես արդարանում էր: Եթե մի արտահայտությամբ բնութագրելու լինենք ելույթը՝ այս էր. նախկինում Վրաստանում տիրում էր «բարդակ» (հենց այս արտահայտությունն էլ այս բարձր ամբիոնից օգտագործեց նախագահը), իսկ հիմա սա կայուն երկիր է: Եվ մասնավորապես՝ մարել են թոշակների պարտքերը, ստեղծել են անկախ մամուլ, ճանապարհներ են վերանորոգում, բյուջեն աճում է, ոստիկանական նոր ծառայություն են ստեղծել, որը կրում է եվրոպական համազգեստ եւ այլն: Խոստացավ. «Դատախազական համակարգը չենք կարող փոխել հինգշաբթիից ուրբաթ ընթացքում, բայց ամեն ինչ կանենք դրա համար»: Մեջբերեց վիճակագրական տվյալներ, թե առաջ իրենց դատախազությանը հավատում էր բնակչության 6 տոկոսը, իսկ հիմա՝ 60 տոկոսը: «Մենք կարողացանք վերածնել հավատը պետական համակարգի նկատմամբ,- ազդարարեց Սահակաշվիլին:- Մեր հեղափոխությունը ոչ միայն գեղեցիկ պատկեր է, որը կարելի է տեսնել հեռուստատեսությամբ, այլ նաեւ՝ արդյունքներ»: Եվ այսուհանդերձ՝ ԵԽԽՎ պատվիրակների հարցերը բավական «կծան» էին: Ասենք, ֆինն Միկկո Էլոն նկատեց, թե Սահակաշվիլու ընտրությունից հետո մեծ էին հույսերը, թե կիրականացվեն քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ: Սահակաշվիլին ի պատասխան ասաց, թե իրենք խայտառակել են նախկինում հոռետեսական կանխատեսումներով հանդես եկողներին եւ ապացուցել, թե նրանք ճիշտ չէին: Խոստովանեց, թե իր ամենածանր օրերից մեկն էր, երբ պարզեց, թե ընտրվել է ձայների այդքան մեծ տոկոսով, սակայն արդարացավ, թե մարդիկ ոչ միայն իր օգտին էին քվեարկում, այլեւ նրա դեմ, ինչ եղել է նախկինում. «Նման բան էլ չի կրկնվի»: Ի վերջո էլ՝ վրդովված բուլղար պատվիրակ Եվգենի Կիրիլովի հարցադրումից, որն ակնկալում էր պարզաբանում այն արտահայտության կապակցությամբ, թե իրենք են որոշելու, թե Եվրախորհրդի առջեւ ստանձնած որ պարտավորությունն են կատարելու՝ Վրաստանի նախագահը հայտարարեց, թե ԵԽ-ն նոր Կրեմլ չէ, եվրոպական կառույց է, որին իրենք անդամակցել են իրենց ցանկությամբ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՍտրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել