Լրահոս
Օրվա լրահոսը

«ՖԱՅԼԱԲԱԶԱՐԸ»

Փետրվար 05,2005 00:00

«ՖԱՅԼԱԲԱԶԱՐԸ» ԳՆԱԼՈՎ ՄԵԾԱՆՈՒՄ Է Այստեղ գործ փնտրողների խնդիրները՝ նույնպես Մինչեւ անցյալ տարվա գարունը օրավարձով սեւ աշխատանք փնտրողները հավաքվում էին «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ: Անցորդները վարժվել էին նրանց, գործ պատվիրողները՝ նույնպես: Շուրջ տասը ամիս առաջ կինոթատրոնի շրջակա տարածքն ազատեցին՝ ավտոկանգառ կառուցելու նպատակով: «Ֆայլաբազարը», այլ տեղ չգտնելով, տեղափոխվեց Ագաթանգեղոսի փողոցով ցած՝ դեպի կրկես: Այդ օրվանից էլ հալածանք սկսվեց նրանց դեմ: Փողոցի երկու մայթերով ձգվող մարդկանց կուտակումները խանգարում են անցորդների ազատ տեղաշարժին: Վերջիններս ակամա լսում են ինչ-որ բանից շարունակ դժգոհ տղամարդկանց հայհոյանքը, ականատես դառնում նրանց կռիվներին: Սակայն հալածանքի հեղինակները նրանք չեն, այլ փողոցի աջ եւ ձախ հատվածներում տեղակայված հիմնարկների աշխատողները: «Առավոտից կանգնած են մինչեւ ուշ երեկո: Ամբողջ օրը բարձր խոսում են, կռվում, հայհոյում: Էլ չասեմ, որ տղամարդիկ են՝ թքում են, աղբ թափում, ողջ օրը կանգնած են՝ աղբարկղ չկա, զուգարան չկա: Ես մտնում եմ իրենց դրության մեջ՝ լավ օրից չէ, որ պատերի տակ սպասելով են փող աշխատում: Բացի այդ, բոլորն էլ ազատ քաղաքացիներ են ու որտեղ ուզեն, այնտեղ էլ կկանգնեն կամ կհավաքվեն: Բայց մե՞նք ինչ անենք: Արտերկրից հաճախ հյուրեր ենք ունենում, նաեւ՝ հայ, անհարմար վիճակի մեջ ենք հայտնվում»,- դժգոհեց «Օլիմպիա գրուպ» կազմակերպության աշխատակազմի ղեկավար Անահիտ Ալոյանը: Երբ փորձեցինք զրուցել «ֆայլաբազարում» աշխատողների հետ, նախ հանդիպեցինք նրանց ագրեսիվ թշնամանքին, հետո «սրտները բացեցին»: Այստեղ գործ փնտրողները 10-15 տարվա «ֆայլաբազարային» կենսագրություն ունեն: Հիմնականում արհեստավորներ են, բայց կան նաեւ բարձրագույն կրթությամբ մարդիկ: Մեկն էլ ոստիկան էր եւ այստեղ էր գալիս հերթապահությունից ազատ օրերին: Տարիների ընթացքում նրանց կազմն աստիճանաբար «ջահելացել» է: Ավելին, սեւագործության համար ամեն առավոտ «էլեկտրիչկաներով» այստեղ են գալիս գրեթե բոլոր մոտիկ բնակավայրերից՝ Չարենցավանից, Վանաձորից եւ այլն: Իսկ վաստակը բախտի բան է, կարող են նաեւ դատարկաձեռն վերադառնալ: Այդ է պատճառը, որ մարդիկ ստիպված են մայթից մայթ վազել՝ «կլիենտ չփախցնելու» համար, իսկ շատ անգամ էլ նույն պատճառով կռվշտել միմյանց հետ: Բայց միջին հաշվարկով «տուն պահել լինում է, եթե թողնեն»: Ո՞վ չի թողնում. պարզվում է՝ ոստիկանները: «Լույսը չբացված՝ գալիս են, ամենաքիչը չորս-հինգ հոգու բռնում-տանում են քաղմաս, 2000-ով տուգանում ու բաց թողնում: Էս մայթն իրենց սեփականությո՞ւնն է, մեզ կանգնել չի՞ կարելի: Ի՞նչ վատ բան ենք անում, ոչ մեկից ոչինչ չենք ուզում, մեր հացն ենք վաստակում: Բա գնանք գողությո՞ւն անենք, որ մեր ընտանիքները պահենք»,- բողոքեցին արհեստավորները: Մեր զրույցի ընթացքում դիմացի մայթին հայտնվեցին երկու ոստիկան, ըստ զրուցակիցներիս՝ իրենց «հոգեառները»: Սակայն մայթն անցնել ու նրանցից պարզաբանում ստանալ չհաջողվեց՝ մասնագիտական հոտառությամբ զգալով մարդկանց խմբվելու բուն «թեման», նրանք արագ հեռացան: Զրուցակիցներս նույնիսկ կատակով ասացին, որ «լրագրող պիտի պահենք մեզ մոտ, որ դրանցից պրծնենք»: Անշուշտ, «ֆայլաբազարով» վաստակած հացը հեշտ չի տրվում, երբեմն էլ՝ «քթներից է գալիս»: Բայց աշխատանք ունենալու համար զբաղվածության կենտրոններին չեն դիմում, ոչ էլ՝ շինարարական կազմակերպություններին: Առաջինները, որպես կանոն, ցածր վաստակով տեղեր են առաջարկում, երկրորդներն էլ՝ «բանվորի հաշվին իրենք են հարստանում»: Մնում է նրանց համար հարմար տեղ գտնել, որտեղ ոչ մեկին չեն խանգարի ու չեն հալածվի: Օրինակ՝ դատարկ ու այդպես էլ չգործածվող գետնանցումներում: Այս փողոցից հեռանալը, ի դեպ, զրուցակիցներիս սրտով չէր՝ «պատվիրատուներն այս տեղին են սովոր»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել