Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉԸ

Փետրվար 11,2005 00:00

ԻՆՉԸ ԽԱՆԳԱՐԵՑ ՅՈԺԻ «ՏԺԺԱԼՈՒՆ» Վերջին շրջանում մոդայիկ է դարձել պրոֆեսիոնալ դերասանների՝ այս կամ այն հեռուստաընկերությունում հաղորդում վարելը: Սերգեյ Դանիելյանը՝ նույն ինքը՝ Յոժը, եւս բացառություն չէ: «Հեռուստատեսությունը կանոնավոր եկամուտ ստանալու հնարավորություն է ընձեռում: Այն հոբբիի նման բան է, ինքնաարտահայտվելու միջոց, եւ ոչ մի կրիմինալ չկա, որ դերասանը հաղորդում է անում… հեռուստատեսությանը պետք են արտիստներ: Թեպետ ես իմ թատրոնն ունեմ՝ «Իոն», ամիսը 2 անգամ էլ իմ ներկայացումներն եմ խաղում»,- պարզաբանեց Սերգեյ Դանիելյանը: Ներկայումս նրա աշխատանքային հասցեն Տիկնիկային թատրոնի բեմն է: Յոժը տեղեկացրեց, որ մայիսից հանդիսատեսի դատին կհանձնվի հին խաղացանկը, այդ թվում՝ հանրահայտ «Լոռեցի Սաքոն» (ռեժիսոր՝ Խ. Չալիկյան), կլինի նաեւ նոր ներկայացում: «Հիմնականում ես եւ ռեժիսոր Միքայել Վաթինյանը աշխատում ենք մոնոներկայացումների վրա: Խմբակային խաղը ընդունում եմ, բայց այն թատրոնները, որ այսօր կան, ինձ չեն բավարարում, ես այնտեղ ինձ չեմ տեսնում: Նրանք հաճախ անում են այնպիսի բաներ, որ ես էլ կարող եմ անել, ու հաստատ կանեմ իրենցից շատ ավելի լավ: Թող մեծամիտ չհնչի, ուզում եմ աշխատելիս ստեղծագործական որեւէ պատնեշ, դժվարություն հաղթահարել: Թե չէ ես էլ կարող եմ ծայրից ծայր Համլետի տեքստը սովորել, փառք աստծո, հիշողությունս տեղն է: Կարող եմ տեղ-տեղ արցունք թափել, հետո ծիծաղել, տեղ-տեղ նստել, վեր կենալ…հետո՞ ինչ»,- այսպես հիմնավորեց «մենակ աշխատող» դերասանը: «Իսկ ինչո՞ւ փակվեց ձեր «Փշալար» հաղորդաշարը, արդյո՞ք պատճառը եթերում հնչած հայհոյանքն էր»,- հետաքրքրվեց «Առավոտը»: «Հաղորդումը փակելու ե՛ւ պատճառներ, ե՛ւ առիթ՝ կար: Առիթն այն էր, որ հաղորդումս երկու անգամ եթեր գնաց չմոնտաժված տարբերակով, ստացվեց, որ եթերում հայհոյել է հյուրերիցս մեկը: Դա ռեժիսորի՝ Վարդան Յուզբաշյանի փնթիությունն էր: Իմ կարծիքով, նա էնպիսի տղա է, որ չպետք է աշխատի հեռուստատեսությունում: Իհարկե, ես էլ իմ մեղքի բաժինն ունեի, պետք է ավելի հետեւողական լինեի, որովհետեւ ամբողջ ծրագիրը վրաս էր, ես եւ վարողն էի, եւ ժուռնալիստը: Ռեժիսորն էլ պիտի լինեի, թող ներող լինի հասարակությունը, որ չեմ հասցրել: Իսկ փակելու պատճառը տեսակի խնդիրն է: Միշտ լսել եմ, որ «հաղորդումը հետաքրքիր չի, մի քիչ աշխուժացրու, մի երկու աղջիկ բեր, թող կողքը պարեն, աշխույժ լինի, ժողովուրդը տժժա եւ այլն»: Ես էլ անընդհատ բացատրել եմ, որ սա էն ֆորմատը չի, որ աղջիկ բերես: Ես, իհարկե, կարող եմ տժժացնել, եթե հարկ լինի, բայց դա էն տեղը չի: Համ էլ լավ տժժալու համար լավ փող է պետք: Ճիշտ է, իրենց պատկերացրած աղջիկների համար $50-ն էլ է բավական, իմ պատկերացրած տժժալը մի քիչ շատ կարժենա: Ի դեպ, ոչ մի նման պրոյեկտ երկարատեւ չի կարող աշխատել Հայաստանում, ամեն պրոյեկտ մեր TV-ները չեն հասկանում: Թեեւ հաղորդումը փակվեց, բայց ես 3 ամսում հասցրի հասնել իմ նպատակներին: Ստիպեցի հայկական հեռուստատեսություն չնայողներին նայել իմ հաղորդումը: Բացի այդ, հետաքրքիր մտքեր ունեցող արվեստագետներին հնարավորություն տվեցի եթերում արտահայտվել: Իմ բուն նպատակը միտքը շարժելն էր, դա ինձ հաջողվեց: Եվ մարդիկ սկսեցին մտածել՝ եթե այսօր միտքը շարժվեց, բա որ վաղն էլ ուրիշ բան շարժվի, ի՞նչ պիտի անենք»,- պարզաբանեց Յոժը: Ի դեպ, նա ցանկացած փոքրամասնության հանդեպ ոտնձգությունը ֆաշիզմ է որակում, եւ եթե «իմ հաղորդումը թեկուզ փոքր լսարան ուներ, ապա դրանք մարդիկ էին, ում ուղեղն աշխատում էր»: «Երբ «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Պետրոս Ղազարյանն ասաց, որ իր շրջապատի մարդկանց կարծիքով իմ հաղորդումը լավը չէ, ես հասկացա, որ հաղորդումս կայացել է: Իսկ ինքը այնպիսի՜ շրջապատում է լինում՝ էդպիսին չլինելով… Մի խոսքով, ընդամենը 3 ամիս եմ եղել եթերում ու հաստատ «դամա» եմ թռել: Ապացույցը՝ հետաքրքիր ու իրարամերժ արձագանքները: Վերջին հաղորդումը դեկտեմբերին էր, Լեւոն Իգիթյանի վրա փակվեց: Թեման էր մեկենասության հետ կապված օրենքի ընդունումը եւ ալտերնատիվ մի օղակի, ալտերնատիվ մշակույթ ղեկավարող կառույցի ստեղծումը: Ափսոս, կիսատ մնաց»,- զրույցի ավարտին ասաց Սերգեյ Դանիելյանը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28