Լրահոս
Օրվա լրահոսը

Ճոպանուղին Ծաղկաձորի այցետոմսն է

Փետրվար 12,2005 00:00

Միանշանակ
է, որ նոր ճոպանուղու 1-ին եւ 2-րդ հերթերի շահագործումով Ծաղկաձորի այցելուների
թիվը կտրուկ աճել է: Այդ իրողությունը հաստատեց նաեւ բազկաթոռային ճոպանուղու
( ճշգրիտ այսպես է կոչվում այդ հրաշակերտ կառույցը) տնօրեն Գեղամ Խաչատրյանը՝ մեր
աշխատակցի հետ զրույցի ժամանակ: – Որքան լսել եմ, Ծաղկաձորում շաբաթ-կիրակի
օրերն անցկացնելու ցանկություն ունեցողներն այնքան են շատացել, որ ոմանք, հյուրանոցներում
եւ հանգստյան տներում տեղ չլինելու պատճառով, ստիպված մասնավոր տներում են սենյակ
վարձում: Դրանով միայն ուրախանալ կարելի է: – Ձեր ասածն իր արտահայտությունը
պետք է գտնի նաեւ ճոպանուղու տոմսերի վաճառքից: – Հատուկ հաշվարկ չենք կատարել:
Սակայն կարող եմ բերել հետեւյալ թիվը, որն իմ կարծիքով պերճախոս է: Ճոպանուղու շահագործման
օրից անցած մեկ-մեկուկես ամսվա ընթացքում դրա ծառայությունից օգտվել է շուրջ 10 հազար
մարդ: Նախկինում այդքան այցելու լինում էր ամբողջ ձմռան ընթացքում: – Առաջին
հերթի մեկ նստելատեղի արժեքը հազար դրամ է, երկրորդինը՝ հինգ հարյուր: Թանկ հաճույք
չէ՞: – Պատկերացրեք, բողոքողներ առայժմ չեն եղել: Ավելին, ճոպանուղուց օգտվողների
մեջ քիչ չեն այնպիսիք, ովքեր օրվա ընթացքում մի քանի անգամ են վեր բարձրանում: Իսկ
ինչ վերաբերում է տոմսի թանկ կամ էժան լինելուն, որքան ես գիտեմ, աշխարհում նմանատիպ
ճոպանուղիների տոմսի արժեքն սկսվում է $10-ից: Մի մոռացեք նաեւ, որ այս հիասքանչ
կառույցի շինարարությունն էլ երկրի համար էժան հաճույք չի եղել: Բայց, հաշվի առնելով
մարդկանց վճարունակության աստիճանը, գինը սահմանվել է հնարավոր նվազագույնի չափով:
– Շահագործման ժամանակ խափանումներ հաճա՞խ են լինում: – Այս ընթացքում,
գուցե, մեկ-երկու անգամ, այն էլ՝ մի քանի րոպեով: «Լայթներ» ֆիրման մեզ տրամադրել
է գերժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող մի կառույց, որին սպասարկող անձնակազմը
սկզբնական շրջանում չէր հասցրել լավ տիրապետել: Հիմա, կարծես, ամեն բան ընկնում է
հունի մեջ: – Վնասվածք ստացողներ լինո՞ւմ են: – Բարեբախտաբար՝ հազվադեպ:
Բայց ասեմ, որ մեր ժողովուրդը դեռեւս կարգ ու կանոն պահպանել չի սիրում: Տեղեկացնում
ենք, թե որտեղ կարելի է դահուկ քշել, որտեղ՝ սահնակ, ուր չի կարելի գնալ: Բայց շատերը,
միեւնույն է, իրենցն են անում՝ վտանգելով իրենք իրենց եւ ավելորդ հոգսեր պատճառելով
ճոպանուղու աշխատակիցներին: – Օրվա մեջ քանի՞ ժամ է գործում ճոպանուղին: –
Առավոտյան ժամը 10-ից: Ժամ ը 17-ին առաջին հերթում տոմսերի վաճառքը դադարեցվում է,
որպեսզի մինչեւ մութն ընկնելը բոլորը սարից իջնեն: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել