Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ

Փետրվար 15,2005 00:00

ՀՌԱՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ Է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը «Ա1+»-ի «Այբ-ֆե» ծրագրին չցանկացավ տրամադրել անգամ ռադիոհաճախականություն: ՀՌԱՀ-ը երեկ հայտարարեց 100,6 ՄՀց եւ 101,1 ՄՀց հաճախականություններով ռադիոհեռարձակման արտոնագրման մրցույթների հաղթողներին: Առաջինի դեպքում արտոնագիրը բաժին հասավ «Ռադիո Ավրորա» ընկերությանը, իսկ երկրորդ հաղթանակողը «Ավտոռադիո»-ն էր: Վարկանիշային քվեարկությամբ նրանք հավաքեցին 24-ական միավոր, իսկ «ԷՄ ԷՍ Էքսփլորեր» ՍՊԸ-ն՝ 21 միավոր: Հիշեցնենք, որ այս ընկերության հիմնադիրներից մեկն «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանն է, եւ մրցութային ծրագրի համաձայն՝ արտոնագիր ստանալու դեպքում այս ռադիոընկերության լրատվական ծրագրերը պատրաստելու էր «Այբ-ֆե» գործակալությունը: Վարկանիշային քվեարկությունը տեղի ունեցավ արդեն վաղուց ծանոթ սցենարով՝ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն ու հանձնաժողովի այլ 4 անդամներ «ԷՄ ԷՍ Էքսփլորեր»-ին ցածր նշանակեցին, իսկ նրա մրցակիցներին՝ բարձր, իսկ ՀՌԱՀ անդամներ Կարինե Խոդիկյանն ու Արա Թադեւոսյանը քվեարկեցին հակառակ սկզբունքով: Ընդ որում, եթե պրն Ամալյանը եւ մյուսները գոնե «ԷՄ ԷՍ Էքսփլորեր»-ին «3» էին նշանակում, իսկ մրցակիցներին՝ «4», բոլորին գերազանցեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը, որն «ԷՄ ԷՍ Էքսփլորեր»-ին անփոփոխ նշանակեց «1», իսկ մյուսներին՝ «2»: Քվեարկության արդյունքները մեկնաբանեց ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը, որը նախ չհամաձայնեց «ՀԺ»-ի դիտարկմանը, թե «Ա1+»-ի կամ այդ լրատվամիջոցի հետ կապ ունեցող ցանկացած անձի մասնակցությամբ մրցույթի արդյունքները վաղօրոք շատ հեշտ կանխատեսելի են: Եվ այսպես բացատրեց, թե «ԷՄ ԷՍ Էքսփլորեր»-ն ինչ չափանիշներով էր զիջում իր մրցակիցներին. «Ավրորայի» պարագայում՝ «ԷՄ ԷՍ Էքսփլորեր»-ը գերազանցում էր հայրենական հաղորդումների ծավալով, զիջում էր սեփական հաղորդումների ծավալով: Եվ զիջում էր թե՛ առաջարկված տեխնիկական լուծումներով, թե՛ համապատասխանաբար՝ դրանց ապահովման համար ներկայացված ֆինանսական միջոցներով: «Ռադիո Ավրորայի» պարագայում՝ գերազանցում էր հայրենական հաղորդումների ծավալով, զիջում էր սեփական հաղորդումների տոկոսային բաղադրությամբ: Եվ կրկին այս դեպքում էլ՝ «ԷՄ ԷՍ Էքսփլորեր»-ի մոտ իսկապես բավարար ներկայացված չէին՝ մրցակցի համեմատ, տեխնիկական լուծումները եւ դրանց ապահովումը: «ԷՄ ԷՍ Էքսփլորեր»-ը ներկայացրել էր տեխնիկական միջոցների առկա ցանկ եւ խոստանում էր, թե ձեռք կբերի եւս 30 հազար դոլարի տեխնիկական միջոցներ: Ի տարբերություն՝ մրցակիցները ոչ միայն ասում էին, թե այս գումարի շրջանակում ձեռք կբերենք ինչ-որ սարքեր, այլ տվել էին հաղորդումների արտադրության եւ եթերի կազմակերպման տեխնիկական իրենց հստակ լուծումները՝ շատ ավելի մեծ ծավալի: Եվ միաժամանակ՝ նաեւ բերել էին այդ լուծումների ապահովումը կից հավաստող փաստաթղթեր»: Հիշեցնենք, որ «ԷՄ ԷՍ Էքսփլորեր»-ն արդեն իսկ ունի 3 տաղավարներ ու ձայնագրման, մոնտաժային եթերային 4 ստուդիաներ: Եվ Մեսրոպ Մովսեսյանն էլ հավաստիացրել էր, թե «Ա1+»-ի տեխնիկական բազան, որը տրամադրելու է «ԷՄ ԷՍ Էքսփլորեր»-ին, «բավարար է, որ անգամ 15 րոպե հետո կարողանանք ապահովել 24-ժամյա ռադիոեթեր»: Այս մասին հիշեցրինք պրն Ամալյանին՝ հավելելով, թե մնացածների դեպքում գործ ունենք տեխնիկական միջոցներ ձեռք բերելու զուտ մտադրությունների հետ: Եվ նորից դրանք համարվեցին առավել արժանահավա՞տ: «Գնահատականներ, թե առկա միջոցները թույլ տալիս են հենց այսօր դուրս գալ եթեր կամ ոչ՝ տալիս է հանձնաժողովը,- առարկեց ՀՌԱՀ նախագահը:- Չեմ կարծում, թե պիտի բավարար լինի մրցույթի մասնակցի՝ իրեն իսկ տրված գնահատականը»: «Ա1+»-ի ներկայացուցիչները մեր զրույցի ընթացքում պնդեցին, թե ՀՌԱՀ նախագահը խեղաթյուրել է մրցութային առաջարկներում առկա տվյալները: «Ա1+»-ի պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանը հիշեցրեց, որ «ԷՄ ԷՍ Էքսփլորեր»-ը խոստանում էր 80 տոկոս հայրենական, որից 70 տոկոսը՝ սեփական հաղորդումներ ապահովել շուրջօրյա եթերում. «Եվ մեր բոլոր հաշվարկներն արել ենք 24 ժամվա կտրվածքով, ի տարբերություն, օրինակ, «Ավտոռադիո»-ի, որի հաշվարկներն արվել են 18- ժամյա եթերի կտրվածքով»: Սուսաննա Օհանջանյանն անդրադարձավ նաեւ ՀՌԱՀ նախագահի այն պատճառաբանությանը, թե բավարար ներկայացված չէին տեխնիկական լուծումները. «Սա արդեն նոր արտահայտություն է հնարել՝ տեխնիկական լուծո՜ւմ: Օրենքի եւ մրցույթի պայմանների համաձայն՝ խոսքը տեխնիկական ապահովման մասին է: Ուրեմն, «Ա1+» հեռուստաընկերության առկա ամբողջ համակարգչային բազան, որին գումարվել էր Ստեփան Դանիելյանի «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կազմակերպության տեխնիկական բազան, բավարա՞ր չէր ռադիոեթեր ապահովելու համար: Եվ բացի «տեխնիկական լուծումների» վերաբերյալ մեր սեփական պատկերացումներից՝ ունեինք նաեւ գործընկերոջ՝ «Էխո Մոսկվի» ռ/կ-ի դիմում-առաջարկը, որում նա պատրաստակամություն էր հայտնում մեզ օգնել կառուցվածքային եւ կազմակերպչական հարցերում: Այնպես որ՝ ՀՌԱՀ նախագահի այս պատճառաբանությունն ուղղակի ծիծաղելի է»: «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանից հետաքրքրվեցինք, թե փորձելո՞ւ է դատական կարգով վիճարկել այս մրցույթի արդյունքները, եւ նա պատասխանեց. «Հայաստանում դատարան դիմելը ժամանակի անիմաստ վատնում է, քանի որ դատարաններն էլ են գրպանային: Բայց պրն Ամալյանն այս ամենի համար պատասխան կտա ժամանակի ընթացքում: Կա քարերը շպրտելու ժամանակ եւ կա այդ քարերը հավաքելու ժամանակ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28