Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք

Փետրվար 23,2005 00:00

Երեք «կ»-երի կոմբինացիա՝ ըստ Ռուբեն Թորոսյանի Ըստ ՄԻԺ կուսակցության՝ Հայաստանում «Քաղաքական կոալիցիայի հուշագիր» կոչվող փաստաթղթի ստորագրմամբ օրինականացվեց «կլեպտոկրատիան»: Չնայած պրն Թորոսյանը չտվեց այդ նոր հասկացության թարգմանությունը, սակայն զուտ ստուգաբանորեն այդ բառը նշանակում է «գողերի իշխանություն»: «Մարդու իրավունքներ-ժողովրդավարություն» (ՄԻԺ) կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը երեկ լրագրողներին ներկայացրեց «Կոալիցիա+կոռուպցիա=կլեպտոկրատիա» վերնագրով իր գրքույկը, որում ներկայացվում են 2003թ. հունիսին կոալիցիայի ստեղծումից հետո ՀՀ-ում զարգացող կլեպտոկրատիայի զարգացման հիմքերը: Ըստ պարոն Թորոսյանի, կոալիցիայի ստեղծումը հակասահմանադրական երեւույթ էր: Սակայն ոչ ոք չընդդիմացավ դրան, նույնիսկ՝ ԱԺ «ընդդիմադիր թեւը», որն «անթաքույց երազելով համագործակցել կոալիցիայի հետ՝ ուղղակիորեն խրախուսում է կլեպտոկրատիայի զարգացմանը» (մեջբերում գրքույկից): Ու քանի որ միայն ՄԻԺ կուսակցությունն է հասկանում եւ լուրջ ընդունում կոալիցիայի հակասահմանադրական բնույթը, հենց ինքն էլ որոշել է հետամուտ լինել կոալիցիայի վերացմանը: Դրա համար կուսակցությունը, որոշ դեպքերում՝ նրա նախագահը՝ որպես քաղաքացի, աշխատում է երեք թեւով՝ ա) պատրաստվում է «վիճարկել հակասահմանադրական հուշագրի հետեւանքները՝ մարդու իրավունքների Եվրոդատարանում», բ) «քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել այս խնդրի լուծման կարեւորության վրա», գ) «միջազգային կազմակերպություններին բացատրել կոալիցիայի հետ համագործակցության վտանգավորությունը մեր երկրի սահմանադրական կարգը պահպանելու գործում»: Դեռեւս 2003-ին Ռ. Թորոսյանը դիմել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ խնդրելով, որ դատարանը անվավեր ճանաչի ՀՀ նախագահի անգործությունը (քանի որ վերջինս չի դիմել ՍԴ՝ կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների անօրինական գործունեությունն արգելելու հարցով) եւ «պարտադրի նախագահին»՝ կատարելու օրենքով նախատեսված իր լիազորությունները: Հավանաբար, դատավորը գնահատել է պարոն Թորոսյանի հումորի զգացողությունը: Մեր երկրում ոչ միայն նախագահին, այլեւ շատ ավելի փոքր տրամաչափի չինովնիկներին կամ պարզապես «լավ տղերքին» դատարանը ինչ-որ բան պարտադրելու համարձակություն չունի: Եվ առնվազն հարյուր տարի չի ունենա: Սակայն գովելի է, որ կան պարոն Թորոսյանի նման ուտոպիստներ, որոնք այդպիսի երազանքներ ունեն: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել