Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵ՞Ս ՓԱԽՉԵԼ «ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԻՑ»

Փետրվար 23,2005 00:00

ԻՆՉՊԵ՞Ս ՓԱԽՉԵԼ «ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԻՑ» Որը առողջապահական հիմնարկների պարագայում հիմնականում նշանակում է հարմարավետ տարածքների «ազատագրում»: Սկզբում՝ 2003-ին, նախատեսված էր պետական առողջապահական հիմնարկներից ձեւավորել 9-10 խոշոր կենտ րոններ՝ բուրգեր: Սակայն նախնական ուսումնասիրությունից պարզվեց, որ օպտիմալացման ենթակա բուժհիմնարկներից հնարավոր է խմբավորել եւ ստեղծել ընդամենը 4-ը: Ծրագիրը հաստատվեց եւ անցյալ տարի Համաշխարհային բանկը տրամադրեց 19,2 մլն դոլար, որից 12-ը պետք է համաչափ բաշխվեր 4 բուրգերին: Իսկ այսօր պարզվում է, որ Քանաքեռ-Զեյթուն եւ համալսարանական կենտրոնները նույնպես հրաժարվում են փողից էլ, ծրագրից էլ: Առաջինը՝ որովհետեւ սրտաբանական ինստիտուտը չտեղափոխվեց 8-րդ հիվանդանոց եւ ՀԲ-ն ինքը չցանկացավ առանց ինստիտուտի բուրգ ստեղծել, իսկ երկրորդը՝ չի ուզում «դատարկել» իր թիվ 1 հիվանդանոցը, ինչին «Առավոտն» անդրադարձել է օրերս: Ի դեպ, մնացած երկու բուրգերի մեջ մտած հիմնարկների աշխատողներն էլ, կարծում ենք՝ ոչ առանց տնօրենների գիտության, արդեն հասցրել են «Առավոտին» հայտնել իրենց դժգոհությունը՝ ստիպված օպտիմալացումից: Եթե նրանք էլ փորձեն կրքերը մի փոքր շիկացնել, ապա օպտիմալացման ծրագիրը կարող է ամբողջությամբ ձախողվել: Իսկ ի՞նչն է հերթով ներկայացված հրաժարականների պատճառը: Այնպիսի տպավորություն է, թե բուժհիմնարկների տնօրեններն ինչ-որ բանից հանկարծակիի են եկել եւ ինքնակամ զրկվում են նվեր տված 3 մլն դոլարից: Ըստ մասնագետների, խնդիրն առաջացել է նրանից, որ ծրագիրն իրականացնողներն օպտիմալացման արդյունքում իրար հետ միավորում եւ մեկ կամ երկու շենքեր են ազատում: Վերջիններիս տնօրեններն էլ շտապում են «լեզու գտնել վերեւների հետ» եւ դուրս գալ ծրագրից՝ ապագայում շենքը մասնավորեցնելու հույսով: Չմասնավորեցնելու դեպքում անգամ առանձին շենքում ունեցած ներկայիս բիզնեսն ավելի ձեռնտու է, քան սպասվող օպտիմալացումը՝ առանց սեփական կնիքի եւ տարածքի: Պետք է ենթադրել, որ տնօրեններն ի սկզբանե չեն իմացել իրենց «գլխի գալիքը»: Ծրագիրն իրականացնող առողջապահության նախարարությունից պնդում են, որ «բոլորն էլ տեղյակ են եղել սպասվող փոփոխություններին եւ համաձայնել»: Երեւանի քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական վարչության պետ Արմեն Սողոյանի ասելով էլ, իրենք մասնակցել են բուրգերի ձեւավորման քննարկումներին, ընդունել տվել մի շարք առաջարկներ, բայց օպտիմալացման չափանիշների մշակմանն իրենց մասնակից չեն դարձրել: «Տարիներ առաջ, երբ սկսվեցին համակարգի բարեփոխումները, ծրագիրը կոչվում էր օպտիմալացման եւ մասնավորեցման, որին զուգահեռ պետք է ձեւավորվեր ընտանեկան բժշկի համակարգը, բացվեին առողջապահական միջազգային կենտրոններ: Բայց ժամանակի ընթացքում ծրագիրը նեղացավ եւ մնաց անհասկանալի բուրգերի գաղափարը»,- ծրագրի «ոդիսականն» այսպես ներկայացրեց առողջապահության համակարգում ռազմավարական հետազոտությունների եւ կանխատեսումների կենտրոնի տնօրեն Տիգրան Ներսիսյանը՝ ավելացնելով, որ ինքը սկզբունքորեն դեմ է «թերծանրաբեռնված բուժհիմնարկներ պահելուն»: Նրա կարծիքով, օպտիմալացումից «փրկված» եւ ժամանակին մասնավորեցված բուժհիմնարկներն այսօր արձանագրել են նկատելի առաջընթաց՝ շնորհիվ արտերկրի գործընկերների հետ սերտ համագործակցության, եւ նրանց աշխատանքը լիովին կարելի է համարել բարեփոխված: 1998-ից սկսված բուժհիմնարկների մասնավորեցումը կանգնեցվեց 2003-ին՝ ԱԺ-ի ընդունած քաղաքական հայտարարությամբ: Մասնագետներից շատերն այդ արգելքը գնահատում են որոշ քաղաքական ուժերի, հիմնականում՝ «Օրինաց երկրի» կողմից արված պոպուլիստական քայլ: Մի մասի կարծիքով էլ, հայտարարությամբ տեղ բացվեց Համաշխարհային բանկից արդեն ակնկալվող օպտիմալացման վարկային ծրագրի համար: Առողջապահության նախարարությունը պնդում է, որ համակարգի առողջացման համար այս ծրագիրն օդի պես պետք է: Ուրեմն ստացվում է, որ բուժհիմնարկների «նեղմիտ» տնօրեննե՞րը չեն ուզում, որ ունենանք առողջ համակարգ: Թե Տ. Ներսիսյանը, թե Ա. Սողոյանը համակարծիք էին այն հարցում, որ քանի դեռ առողջապահության ոլորտը չունի իր զարգացման համար մշակված-ընդունված ռազմավարական հայեցակարգ, այս եւ այլ ծրագրերը կարող են լուծել միայն իրավիճակային խնդիրներ: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել