Լրահոս
Օրվա լրահոսը

Սուպերնախարարը

Փետրվար 23,2005 00:00

Սուպերնախարարը դեռ վարչապետ չէ ՀՀ վարչապետի ասելով՝ իր պաշտոնանկության մասին լուրերը չափազանցված են ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեքշաբթի օրը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հերքել է շրջանառվող լուրերը, թե տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի լիազորությունների սպասվող ընդլայնումից հետո վերջինս կարող է լրջորեն հավակնել վարչապետության: «Այդպիսի խնդիր գոյություն չունի»,- ասել է վարչապետը՝ հավելելով, թե «Աբրահամյանը ինձ ընդդիմադիր չէ: Աբրահամյանը իմ կուսակից ընկերն է: Ես եմ նրան բերել կառավարություն: Մինչեւ այժմ իմ որոշմամբ ամրագրված են եղել այն ոլորտները, այն գերատեսչությունները, որոնց ընթացիկ աշխատանքով զբաղվել է Աբրահամյանը»: Ա. Մարգարյանը սեփական կշիռը կառավարությունում եւս մեկ անգամ կարեւորելու համար հարկ է համարել նաեւ շեշտել, որ «բոլոր քաղաքական որոշումները եւ մեծ, ռազմավարական խնդիրները» որոշում է ինքը, իսկ «դրա կատարման ընթացքին հետեւում է համակարգող նախարարը»: «Մենք ցանկանում ենք նախարարություն ստեղծել, ոչ թե սուպերնախարարություն: Ուղղակի նախարարություն, որտեղ կմտնեն այնպիսի ենթակառուցվածքային ստորաբաժանումներ, որոնք մինչեւ այդ էլ համակարգում էր նախարարը (Հովիկ Աբրահամյանը): Այսինքն՝ նոր ոլորտներ, նոր լիազորություններ չեն ամրագրվում: Ուղղակի կառուցվածքային համախմբման տենդենց է գնում»,- նշել է վարչապետը: Նույնպիսի մեկնաբանություն իր լիազորությունների ընդլայնման առնչությամբ արել է նաեւ Հովիկ Աբրահամյանը: «Այսօր էլ այդ ոլորտները ես համակարգում եմ, այսօր էլ այդ ոլորտների բոլոր խնդիրներից ես տեղյակ եմ,- փետրվարի 11-ին լրագրողներին ասել էր նա:- Այնպես որ, եթե այդ նախարարությունը ստեղծվի, ոչ մի նոր բան չի լինելու: Եթե սուպերնախարար՝ այսօր էլ եմ սուպերնախարար»: Տեսնես մեր մյուս սուպերնախարար Սերժ Սարգսյանը ինչպես է վերաբերվել Հովիկ Աբրահամյանի այս հավակնություններին: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել