Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական

Փետրվար 23,2005 00:00

Պետական տուրիզմ Հաճելի է զբաղվել սահմանամերձ գյուղերի երիտասարդներով՝ Եվրոպայում շրջագայելով Պարզվում է՝ հանրապետությունում ամենաակտիվը Վանո Սիրադեղյանի ծննդավայր Կոթիի երիտասարդությունն է: Այսպիսի եզրակացության է եկել ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը՝ ի դեմս փոխնախարար Լիլիթ Ասատրյանի: «Կոթիում պետություն-տեղական իշխանություններ-երիտասարդություն համագործակցությունը ամենաարդյունավետն է: Այստեղ երիտասարդությունն ունի իր տեղական թերթը, ակտիվորեն մասնակցում է մարզում, երկրում տեղի ունեցող միջոցառումներին: Տեղի երիտասարդությունը մինչեւ անգամ ընդգրկված է համայնքային ծրագրերում՝ ջրագծի կառուցում, շինարարական աշխատանքներ եւ այլն»,- երեկվա ասուլիսում հայտարարեց Լիլիթ Ասատրյանը: Նա նաեւ տեղեկացրեց վերջերս կայացած Եվրախորհրդի երիտասարդության հարցերով ղեկավար կոմիտեի հերթական նիստի ու բյուրոյի ընտրությունների մասին: «Ի պատիվ մեր երկրի, ես դարձա բյուրոյի անդամ,- ոգեւորված ասաց տիկին Ասատրյանը,- այս տարի մեկ տեղի համար 6 թեկնածու կար, այդ թվում՝ ադրբեջանցի, որը, սակայն, հենց սկզբից ինքնաբացարկ հայտարարեց»: Ըստ փոխնախարարի, այս եւ անցած տարվա միջազգային նախաձեռնությունների ընթացքում հայաստանյան պատվիրակությունը մշտապես բարձրացրել է Ղարաբաղի երիտասարդության հիմնահարցը, շեշտել, որ տեղի երիտասարդությունը այսօր դուրս է մնացել միջազգային տարբեր երիտասարդական գործընթացներից: Ըստ Լ. Ասատրյանի, դեռ անցյալ տարի դեկտեմբերին կայացած Եվրախորհրդի մշակութային կոնվենցիայի 50-ամյակին նվիրված միջոցառման ավարտին ամրագրվել է այն տեսակետը, որ խմբերի մեջ են նաեւ հակամարտությունների գոտիներում ապրող երիտասարդները: Ասուլիսի ժամանակ Լ. Ասատրյանն ասաց, որ նախարարության ուշադրությունը սահմանամերձ եւ գյուղաբնակ երիտասարդության հանդեպ մեծանալու է: Հետաքրքրվեցինք, երիտասարդության հարցերով փոխնախարարի բազմաթիվ արտերկրյա այցելությունների ժամանակ եղե՞լ է դեպք, որ պատվիրակության կազմում ընդգրկվեն հեռավոր եւ սահմանամերձ մարզերի երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ: Տիկին Ասատրյանը ընդամենը մի դեպք հիշեց, երբ պատվիրակության կազմում Ղարաբաղի երիտասարդության ներկայացուցիչն է ընդգրկված եղել: Այս տարի նախարարությունը կրկին կանցկացնի «Հայաստանն իմ հայրենիքն է» փառատոնը՝ ընդլայնելով շրջանակները: Նախատեսված է մասնակից դարձնել Ջավախքի ու Սփյուռքի երիտասարդությանը: Մի շարք միջոցառումներ կլինեն՝ նվիրված Ցեղասպանության 90 եւ Հայոց գրերի գյուտի 1600-ամյակներին: Մարտի 26-27-ին երիտասարդական այց կկազմակերպվի Ջավախք, որտեղ տեղի կունենա Ջավախքում բնակվող երիտասարդների մկրտության արարողություն: Ապրիլի 10-ին ուխտագնացություն կկատարվի Նորավանք, որին կմասնակցեն մի քանի հազար երիտասարդներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից: Կլինեն գիտաժողովներ, մայիսին՝ խոշոր համաժողով: Իսկ ամռանը Եվրախորհրդի հետ համագործակցության շրջանակներում հայաստանում տեղի կունենա Ամառային համալսարանը՝ դասընթաց, որը կազմակերպվում է Եվրախորհրդի երիտասարդության հարցերով ղեկավար կոմիտեի անդամների համար: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել