Լրահոս
Օրվա լրահոսը

Աշտարակում

Փետրվար 24,2005 00:00

Աշտարակում կրկնուսույցի մոտ չեն պարապում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) երեկ լրագրողների համար կազմակերպել էր երկրորդ շրջայցը՝ այս անգամ ընտրելով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի թիվ 5 դպրոցը: Իբրեւ կոռուպցիային այլընտրանք կրթական օջախ՝ ՄԱԿ-ին այս դպրոցն էր առաջարկել ԿԳՆ հանրակրթության վարչությունը: Ընդհանրապես, այս միջոցառման նպատակն է՝ ցույց տալ, թե ինչպես է հնարավոր այս ոլորտում աշխատել՝ հնարավորինս զերծ մնալով կոռուպցիոն դրսեւորումներից: Աշտարակի թիվ 5 դպրոցը մարզի ամենամեծ դպրոցներից է՝ մոտ 1200 աշակերտով, եւ սաների թվով, ֆինանսավորման պարագայում, դպրոցը, ըստ տնօրեն Սվետլանա Մուսայելյանի, ֆինանսական որեւէ դժվարություն չի կրում: Տնօրենի ու հանդիպմանը ներկա՝ մարզպետարանի կրթության վարչության պետ Սիրամարգ Ղուկասյանի հավաստմամբ, իրենց մոտ դպրոցական ֆոնդ հասկացությունը չի գործում, եւ ծնողներից գումար է հավաքվում միայն կամավորության սկզբունքով, այն էլ՝ որեւէ կոնկրետ կարիքի համար: Օրինակ՝ այս ձմռանը դպրոցը դիմել է համայնքի օգնությանը՝ 150 մ գազատարի անցկացման համար՝ կամավորության սկզբունքով հավաքելով 300-5000-ական դրամ: Այսուամենայնիվ, այս տարի չի հաջողվել դպրոցն ապահովել լոկալ ջեռուցմամբ, եւ դասասենյակները տաքացվում էին նավթե հոտավետ վառարաններով, իսկ աշակերտները հիմնականում, ինչպես երեկ տեսանք, դասերին նստած էին վերարկուներով: Դպրոցի բարձր դասարաններում բացակաների թիվը մեծ չէր, եւ, ուսուցիչների հավաստմամբ, կրկնուսույցների մոտ պարապելու պատրվակով իրենց աշակերտները երբեք չեն բացակայում. լրացուցիչ պարապմունքները կազմակերպվում են միայն դասերից հետո: Աշակերտների հետ զրույցից պարզեցինք, որ այստեղ դիմորդները պարապում են հիմնականում իրենց ուսուցիչների հետ: 10-րդ դասարանում մի քանիսը (որ խուսափեցին ներկայանալ) նշեցին, որ լրացուցիչ պարապելու համար իրենք ուսուցչին վճարում են ամիսը 25-30 դոլար: Մնացած բոլոր դասարաններում երեխաները պնդում էին, որ իրենց հետ ուսուցիչները լրացուցիչ պարապում են անշահախնդիր: Այդ տեղեկատվությունը «Առավոտի» թղթակցին հաստատեց նաեւ տնօրենը: Ոմանք ասում էին, թե ամեն ամիս դպրոցի ֆոնդի համար կամավորության սկզբունքով հավաքվում է 150 դրամ, ծնողներից մի քանիսն էլ հերքում էր հիշյալ փաստը: Ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվություն դպրոցում փակցված չէր: (Հիշեցնենք, որ այդպիսի հրահանգ եղել է մայրաքաղաքի կրթության վարչության պետի կողմից եւ ինչը պարտադիր է մայրաքաղաքի դպրոցների համար): Ըստ տնօրենի, «ծնողները հավատում են, որ եթե դպրոցը հարցը, պրոբլեմը բարձրացրել է, նշանակում է, որ այն կա եւ պետք է լուծվի: Նրանք հավատում են, վստահում են դպրոցին: Ծնողական հանձնաժողովն ինքն է տնօրինում այդ հավաքված փողը, աշակերտների անունները պահվում են, որպեսզի հետո խոսակցություններ չլինեն, թե բոլորից է հավաքվել կամ պարտադիր սկզբունքով է հավաքվել»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել