Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Եվս

Փետրվար 25,2005 00:00

Եվս մեկ հեղափոխական Հրանտ Խաչատրյանը կողմ է «հեղափոխություն վերեւից» տարբերակին – «Արդարություն» դաշինքը, իբրեւ քաղաքական միավոր, արդյոք չի՞ սպառել իրեն: – Ոչ, իր ձեւի, իր բնույթի մեջ դաշինքն իրեն չի սպառել: Այլ բան է, որ ես ինքս կցանկանայի, որ դաշինքն այս ընթացքում ավելի ուժեղացած լիներ: Մի փոքր ռեյտինգի անկում կա՝ կապված նրա հետ, որ մեզ աջակցողների մի մասը հույս ուներ, որ մենք ամեն գնով ենք Հայաստանում իրագործելու մեր առաջարկած ծրագիրը: Ասեմ, որ այդ հույսերն էլ դատարկ տեղը չէին, նրանք էլ համապատասխան ակնկալիքներ ունեին, ուստի հիմա գտնում են, որ չկատարեցինք մեր առջեւ դրած խնդիրները: Գուցեեւ ընտրությունների ժամանակ եւ դրանից հետո կարող էինք ավելի կազմակերպված լինել, բայց մեր կուսակցության օրինակով կարող եմ ասել, որ առավելագույնս ենք անում: Դաշինքի կուսակցությունները, ճիշտ եք, միայն դաշինքով չեն զբաղված, այլ ամենօրյա կուսակցական գործունեությամբ, որի մեջ մտնում են նաեւ հանդիպումները, բանակցությունները: Բազմիցս է ասվել՝ դրանք կոնֆիդենցիալ եւ հակադաշինքային չեն: Հանդիպումներից մի քանիսին էլ ես եմ մասնակցել. եթե այսօրվա մեր ուժը բավարար չէ գործ անելու, խնդիրը լուծելու, ուրեմն պիտի փնտրենք դաշնակիցներ: Փորձում են ստվեր գցել խմբակցության ղեկավարի վրա, բայց չմոռանանք, որ ով ինչ արել է՝ մտածելով է արել: Եթե ինչ-որ մեկը սխալ է գործել, թող մտածի այդ սխալն այլեւս չգործելու մասին, ոչ թե հետին թվով ենթադրություններ անի: – Իսկ դուք կաջակցե՞ք Արամ Կարապետյանին՝ հեղափոխություն անելու գործում: – Հիշենք, որ ոչ միայն ընդդիմադիր, այլեւ կոալիցիա կազմած բոլոր կուսակցությունների ծրագրերն էլ հեղափոխական էին: Արամ Կարապետյանն էլ, որը նախագահի թեկնածու էր, նոր չի հանդես եկել հեղափոխության ծրագրով: Հիմա նույնիսկ իշխանական վերնախավում է քննարկվում, թե Հայաստանում ինչպիսի հեղափոխություն է պետք՝ ներքեւից, վերեւից: Ոմանք ձեւ են անում, թե պատրաստ են հակահեղափոխական գործունեության, ոմանք հայտարարում են, որ պատրաստ են հաղթական հեղափոխություն իրականացնելու… Մինչեւ գարնան գալը մոտ մեկուկես տասնյակ մարդիկ դեռ հայտեր կներկայացնեն: Արտաշես Գեղամյանն էլ հայտ ներկայացրեց. ի դեպ, նրա ղեկավարած դաշինքն ավելի մոբիլ է, քան «Արդարությունը»: Նոր լիդերներ էլ ի հայտ կգան, որոնք կարող է երկնքից իջեցված օգնություն լինեն կամ պատիժ… այս խմորումներում պետք է քննարկենք եւ վրացական, եւ ուկրաինական տարբերակները, եւ Արեւմուտքի ու Արեւելքի ազդեցությունները: Պետք է ավելի խորքային դիտարկենք եւ վերաբերվենք այդ գործընթացներին: Ես կողմ եմ «վերեւից» հեղափոխության տարբերակին: Ժողովրդի համար դա ամենաարդյունավետն է: Նման պարագայում, ցանկության դեպքում, երեք օրում հնարավոր է երկիրը կարգի բերել: Եթե դա հիմա չի արվում, մեր իշխանությունն ավելի մեղավոր է, քան այն բոլոր մեղքերում, որոնցում ընդունված է մեղադրել իշխանությանը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել