Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ն

Փետրվար 25,2005 00:00

ՆԱՏՕ-ն առայժմ չի «խառնվի» Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության ծրագրի (Individual Partnership Action Plan-IPAP) ստորագրման ժամկետները կախված են հայկական կողմից, երեկ ՀՀ ԱԳՆ-ում կայացած մամլո ասուլիսին հայտարարեց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմմոնսը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում դաշինքի հետ Անհատական գործընկերության ծրագիր կնքելու Հայաստանի ցանկությունը եւ պատրաստ է ամեն կերպ աջակցել այդ փաստաթղթի նախապատրաստման գործընթացին: Սիմմոնսը, սակայն, վերապահում արեց՝ փաստաթղթի բովանդակությունը եւ ստորագրման ժամկետները որոշում է հայկական կողմը: Մեր կողմից մի փոքրիկ ճշգրտում անենք. ոչ թե հայկական, այլ ռուսական կողմը: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն արձանագրեց, որ անկախ Անհատական գործընկերության ծրագրի նախապատրաստման տեմպերից, Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող մեծ թվով միջոցառումների: Նա հայտնեց, որ մոտ ժամանակներս Հայաստան կայցելի պաշտպանության պլանավորման հարցերով ՆԱՏՕ-ի փորձագետների խումբը, որը հանդիպումներ կանցկացնի Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ: Բանախոսը բարձր գնահատեց Կոսովոյում եւ Իրաքում անցկացվող խաղաղապահ գործողություններին հայ զինծառայողների մասնակցության փաստը: Նրա խոսքերով՝ դա վկայում է միջազգային անվտանգության ապահովման մեջ ներդրում կատարելու՝ Հայաստանի անկեղծ ցանկության մասին: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ասաց, որ Երեւանի անդամակցությունը Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությանը եւ հայ-ռուսական սերտ հարաբերությունները ոչ մի կերպ չեն ազդում ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի հարաբերությունների մակարդակի վրա: «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, բացի այդ, բազմիցս հայտարարել ենք, որ ՆԱՏՕ-ն չի կառուցում երկրների հետ իր հարաբերությունները մրցակցության հիման վրա կամ հաշվի առնելով նրանց անդամակցությունն այս կամ այն կազմակերպությանը»,- ասաց Սիմմոնսը: Ի պատասխան մեկ այլ հարցի, Սիմմոնսը հայտարարեց, որ «ՆԱՏՕ-ն չի մասնակցում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին եւ չի քննարկում դիմակայության գոտում իր խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման հարցը»: Մանրամասնելով թեման՝ նա նշեց, թե «ՆԱՏՕ-ն ուշադիր հետեւում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններին, սակայն դա չի նշանակում, որ մենք ուղղակիորեն մասնակցում ենք այդ գործընթացին»: Սիմմոնսի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ ԼՂ խնդրի կարգավորման ամենահարմար ձեւաչափը: ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերի հնարավոր տեղակայման հետ կապված նրա պարզաբանումը հետեւյալն էր՝ «մենք ընդհանրապես այդպիսի հարց չենք քննարկում»: Տ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել