Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նախկին տնօրենը շանսեր չունի

Փետրվար 25,2005 00:00

Նախկին տնօրենը շանսեր չունի Քանի որ, մեր տեղեկություններով, թիվ 7 դպրոցի նորընտիր տնօրենի «հովանավորը» բարձրաստիճան պաշտոնյա է: Երեկ Մայակովսկու անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում տնօրենի ընտրություններ էին: Տնօրենի աթոռի համար պայքարում էր 6 թեկնածու: Թեեւ Մայակովսկու անվան դպրոցն անբարեկարգ է, սակայն մայրաքաղաքի հեղինակություն վայելող դպրոցների շարքին է դասվում, քանի որ այստեղ մեծ թիվ են կազմում պաշտոնյաների երեխաները: Ազատ, արդար, թափանցիկ քվեարկության արդյունքում, ձայների չորսը երեքի հարաբերակցությամբ, դպրոցի տնօրեն ընտրվեց մասնագիտությամբ բանասեր Վիկտորյա Ռուխիկյանը: Մեր տեղեկություններով, նորընտիր տնօրենն ընտրվեց նախարարներից մեկի հովանավորությամբ: Մայակովսկու անվան դպրոցի տնօրենի տեղն ազատվել էր նախկին տնօրեն Գայանե Մկրտչյանին աշխատանքից հեռացնելու հետեւանքով: Հիշեցնենք, որ Գ. Մկրտչյանի պաշտոնավարման օրոք Լեզվի պետական տեսչությունն ու դատախազությունը դպրոցում ստուգումների ժամանակ մի շարք խախտումներ են հայտնաբերել, ինչը նախկին տնօրենն այժմ վիճարկում է Կենտրոն համայնքի առաջին ատյանի դատարանում: Մեր տեղեկություններով, նա իր պաշտոնում վերականգնվելու ուղղությամբ դատարանում համառ պայքար է մղում: Հովանավորյալ թեկնածուի հաղթանակը կանխագուշակելի էր հենց սկզբից: Եթե քննող հանձնաժողովի անդամները հարցերի միջոցով ուզում էին պարզել սերունդը հայեցի դաստիարակելու, հայոց լեզուն անաղարտ պահելու մասին մյուս թեկնածուների պատկերացումներն ու անելիքները, ապա պոտենցիալ տնօրեն Վ. Ռուխիկյանի հետ քննող հանձնաժողովի հարցուպատասխանի մի հատված պարզապես ռուսերեն լեզվով ընթացավ: Կառավարման խորհրդի նախագահ Լեւոն Խաչատրյանը, որը քննողների թվում էր, նույնիսկ թարգմանչի դեր ստանձնեց՝ համոզված լինելով, որ հայերենով հնչած հարցը Վ. Ռուխիկյանը լավ չպատկերացրեց: Ուշագրավ է, որ Վ. Ռուխիկյանից առաջ հարցազրույց անցնող տնօրենի աթոռի հավակնորդ, Չեխովի անվան դպրոցի նախկին փոխտնօրեն Կարինե Հովակիմյանը քննող հանձնաժողովի անդամների դրական վերաբերմունքին արժանացավ հենց այն բանի համար, երբ հավաստիացրեց, որ թեեւ ինքը «փայլուն» տիրապետում է ռուսերեն լեզվին, սակայն չի պատրաստվում աշակերտների հետ ռուսերենով շփվել, քանի որ «Հայաստանում պետական լեզուն հայերենն է»: Թեկնածուներից մեկը՝ Գրիգոր Առուստամյանն էլ քննող անդամների մոտ անկեղծացավ՝ ասելով, որ ընտրությունից առաջ ցանկացել է թեկնածությունը հանել, քանի որ իրեն շշուկներ են հասել, որ նախապես որոշված է, թե տնօրենն ով է լինելու: Նա հավաստիացնում էր, որ ընդամենը փորձելու համար է եկել: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել